HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

12 վարակված և 21 մեկուսացված բժիշկ. կորոնավիրուսը Երևանի պոլիկլինիկաներում

Երևանի պոլիկլինիկաների 12 բժիշկ վարակված է կորոնավիրուսով։

Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է Երևանի քաղաքապետարանը։ Նշենք, որ ամբուլատոր ծառայությունները քաղաքապետարանի ենթակայությամբ գործող առողջապահական կառույցներ են։

Բացի վարակված 12 բժիշկներից, պոլիկլինիկաների 21 բժիշկ այժմ մեկուսացված է։

Երևանի քաղաքապետարանը չի մանրամասնել, թե որ պոլիկլինիկաներից են վարակված և մեկուսացվածված բժիշկները։

Մայիսի 21-ից թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունն իրականացնում են տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները:

Մենք զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի մեկ տասնյակ պոլիկլինիկաներ պարզելու՝ արդյոք ունեն կոնորոնավիրուսով ախտորոշված բժիշկներ։ Որոշ պոլիկլինիկաների տնօրենների փոխանցմամբ՝ չունեն վարակված աշխատակիցներ, ոմանք էլ հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։ 

Թիվ 15 պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված մեկ աշխատակից ունեն։ Լաբորատորիայի բժշկուհու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել երկուշաբթի։ Տնօրենի փոխանցմամբ՝ աշխատակիցը վարակվել է իր դստերից։ Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ նրա հետ շփված այլ աշխատակիցներ չեն մեկուսացվի, քանի որ բոլորը պաշտպանիչ միջոցներով ապահովված են և բացառվում է նրանից վարակված լինեն։

«Պոլիկլինիկայում շատ լավ պաշտպանված են։ Ներսում բոլորս պաշտպանված ենք իրարից. դիմակ ունենք, ակնոցներ, լաբորատոր գործիքային ամբողջ աշխատակազմը արտահագուստով է աշխատում»,-ասաց Հակոբ Հարությունյանը։

Թիվ 8 պոլիկլինիկայում ևս մեկուսացված աշխատակիցներ կան, ովքեր շփվել են կորոնավիրուսով վարակվածների հետ։ Սակայն, պոլիկլինիկայի տնօրեն Արմինե Հարությունյանը չցանկացավ մանրամասնել, թե քանի աշխատակից է մեկուսացվել։ Նշեց, որ նախորդ ամիս կորոնավիրուսով ախտորոշված երկու աշխատակից են ունենցել, որոնք արդեն բուժվել են։ «Նրանցից մեկը վարակվել է տղայից՝ տանը, մյուսը վարակվել է ամուսնուց, ով աշխատում էր օրթոպեդիկում»,-ասաց տնօրենը։ 

Թիվ 13 պոլիկլինիկայում վարակված բժիշկներ չկան, կա միայն մեկ մեկուսացված բժիշկ՝ ուռուցքաբանը։ Այս մասին տեղեկացրեց պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը։ 

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ից առ այսօր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կորոնավիրուս հաստատվել է 27 բժշկի մոտ։ Մինչ օրս հիվանդանոցային բուժում է ստացել պոլիկլինիկայի 7 բժիշկ, մեկուսացվել է 35 բժիշկ։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի դիտարկմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում բժիշկները հիմնականում վարակվել են տան անդամներից կամ բուժհաստատությունից դուրս այլ անձանց հետ ունեցած շփումների հետևանքով:

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններն աշխատում են պարետի ցուցումներով և առողջապահության նախարարի հրամաններով: Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններն իրենց միջոցների հաշվին պարբերաբար ձեռք են բերում անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներ (այդ թվում և արտահագուստ) և ախտահանիչ նյութեր։ Միաժամանակ քաղաքապետարանի և առողջապահության նախարարության կողմից համայնքի բուժհաստատություններին լրացուցիչ տրամադրվում են բժշկական ապրանքներ»,-«Հետքին» հայտնել է առողջապահության վարչության պետը։

Կամսար Բաբինյանը վստահեցնում է, որ մինչ օրս պոլիկլինիկաներում հակահամաճարակային նորմերն ու կանոնները չպահելու վերաբերյալ համաքաղաքացիներից բողոքներ չեն ստացել:

Ըստ առողջապահության վարչության պետի՝ մայիսի 21-ից սկսած, երբ թեթև կամ առանց ախտանիշների կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների հսկողությունը հանձնվեց տեղամասային ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններին, կրկնակի մեծացել է դեպի պոլիկլինիկաներ քաղաքացիների հոսքը: Հունվարի 1-ից մայիսի 31-ը քաղաքացիների 589 420 հաճախում է գրանցվել պոլիկլինիկաներում։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter