
Twitter-ն արգելափակել է 32 000 օգտահաշիվ, որոնք Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի իշխանություններն օգտագործել են տեղեկատվական պատերազմներում
«Twitter» սոցիալական ցանցն արգելափակել է ավելի քան 32 000 օգտահաշիվ, որոնք օգտագործվել են Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի իշխանություններին հարող շրջանակների կողմից՝ ընդդիմադիր ուժերի նկատմամբ «տեղեկատվական գրոհ» կազմակերպելու համար։
We’re disclosing new state-linked information operations to our public archive — the only one of its kind in the industry. Originating from the People’s Republic of China (PRC), Russia, and Turkey, all associated accounts and content have been removed. https://t.co/obRqr96iYm
— Twitter Safety (@TwitterSafety) June 11, 2020
Ընկերության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ 23 750 օգտահաշիվ կապված է Չինաստանի հետ, 7 340-ը՝ Թուրքիայի, իսկ 1 152-ը՝ Ռուսաստանի հետ։
Twitter-ի տվյալներով՝ արգելափակված ռուսական օգտահաշիվները կապված են "Актуальная политика" օգտահաշվի հետ, որը Ռուսաստանի տարածքում զբաղվում է քաղաքական քարոզչությամբ։ Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ օգտահաշիվների ցանցն արգելափակվել է գրառումների համակարգված վերահրապարակման և «քաղաքական նպատակներով ոչ սկզբնագիր տեղեկատվության ուժեղացման համար»։ Արգելափակված ռուսական օգտահաշիվները քարոզչություն են իրականացրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին և տեղեկատվական գրոհ կազմակերպել ընդդիմախոսների նկատմամբ։ Արգելափակված բոլոր օգտահաշիվները ընկերության հանրային արխիվում են։
Չինական իշխանությունների կողմից վերահսկվող օգտահաշիվները զբաղվել են Չինաստանի կոմունիստական կուսակցության քարոզչությամբ և տարածել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ մանիպուլյատիվ և քարոզչական բնույթի տեղեկատվություն։ Օգտահաշիվները տարածել են նաև կեղծ տեղեկատվություն Հոնկոնգում տեղի ունեցող ցույցերի և Թայվանում առկա իրավիճակի մասին, որոնց միավորումը Չինաստանին քաղաքական նպատակ է երկրի կոմունիստական իշխանությունների համար։ Սոցիալական ցանցը նաև հայտնաբերել և արգելափակել է 150 000-ից ավելի բոտային օգտահաշիվ, որոնք վերահրապարակումների միջոցով տարածել են քարոզչական գրառումներ։
Արգելափակված թուրքական օգտահաշիվներն էլ զբաղվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության քարոզչությամբ։
Կոլաժը՝ «Deutsche Welle»-ի
Մեկնաբանել