HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բողոքի ցույցեր Լիբանանում․ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն այն օգտագործում են հակահայկական քարոզչություն իրականացնելու համար

Հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Լիբանանի քաղաքների փողոցներ՝ բողոքելով լիբանանյան ֆունտի արժեզրկումից։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ 2019 թվականի հոկտեմբերից լիբանանյան ֆունտը արժեզրկվել է 70 %-ով, ինչը զանգվածային ցնցումներ է առաջացրել երկրում։  

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրավիրել է կառավարության արտակարգ խորհրդաժողով՝ ճգնաժամային իրավիճակը քննարկելու համար։ Բողոքի ցույցերը, որոնք կանգնեցվել էին կորոնավիրուսի համավարկի պատճառով, վերսկվել են։ Բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ազգային արժույթով ունեին խնայողություններ, հայտնվել են աղքատության եզրին։ Ընդ որում, կորոնավիրուսի համավարակն էլ ավելի է խորացրել իրավիճակը։

Հունիսի 11-ի լույս 12-ի գիշերը Բեյրութի կենտրոնում հավաքված ցուցարարները սկսել են բարիկադավորել փողոցները և կազմակերպել հրկիզումներ։ Եթե բողոքի ցույցերի սկզբում ցուցարարները պահանջում էին քաղաքական փոփոխություններ, ապա ներկայումս նրանք պայքարում են աղքատության և սովի դեմ։ Երկրում գործազրկության բարձր մակարդակ է, իսկ նրանց, որոնք ունեն աշխատանք, վարձատրվում են տեղական արժույթով, իսկ փողի արժեզրկման պարագայում, այն չի բավականացնում սննդի և մյուս ծախսերի բավարարմանը։ 

Բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ իրավիճակը հիշեցնում է 1975 թվականը, երբ Լիբանանում ծագել էր քաղաքացիական պատերազմ։ Տրիպոլիում կարգ ու կանոնը վերականգնելու համար գործի է դրվել բանակը։ Ցուցարարները քարեր են նետել զինծառայողների ուղղությամբ, իսկ որոշներն էլ հրդեհավտանգ նյութերով շշեր են նետել բանկերի ուղղությամբ, որոնց մեղադրում են ֆինանսական դժվարությունների համար։ Բեյրութի բազմաթիվ փողոցներ շարունակում են մնալ շրջափակված։

Մինչև կորոնավիրուսի համավարկը, Լիբանանում սկսվել էր երկրի պատմության մեջ ամենամեծ տնտեսական ճգնաժամը։ Արդյունքում, 2019 թվականի վերջին երկրում սկսվել էին հակակառավարական ցույցեր։ Իրավիճակի բարդացման հիմնական պատճառներից մեկն էլ ներկրումից երկրի մեծ կախվածությունն է։ Իշխանությունները հայտարարել են, որ բանակցություններ են վարում Արժույթի համաշխարհային ֆոնդի հետ՝ օգնության փաթեթ ստանալու համար։

Զուգահեռաբար, ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցները, տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին, սկսել են լայնածավալ հակահայկական քարոզչություն իրականացնել։ Նրանք լիբանանահայ լրագրող և մեկնաբան Նշան Տեր Հարությունյանին մեղադրում են բողոքի ցույցերը հրահրելու մեջ։ Լրագրողն իր հաղորդման ժամանակ, քաղաքական գործիչների մեկի հետ հարցազրույցի ժամանակ, խոսել է նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին, որից հետո հայտնվել Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ ունեցող ծայրահեղականների սպառնալիքների թիրախում։ Վերջիններս և Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող այլ անձինք, կազմելով խմբեր, հասել են այն փողոց, որտեղ գտնվում է հեռուստաընկերությունը։ Նրանք, պարզելով Թուրքիայի դրոշները, սկսել են հայերի նկատմամբ անպարկեշտ արտահայտություններ վանկարկել։ Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Լիբանանում հենց այս ֆոնին են առաջացել բողոքի ցույցերը՝ Տեր Հարությունյանին մեղադրելով ատելության խոսքի տարածման մեջ։

Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքը համարվում է թուրքամետ վարձկանների կենտրոն, որոնք վերջին 10 տարիներին կանոնավոր կերպով ստացել են Անկարայի ֆինանսական  աջակցությունն ու պաշտպանությունը:

Լուսանկարը՝ Wael Hamzeh/EPA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter