HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի 33-րդ թաղամասի ներդրողներին համառորեն գաղտնի են պահում․ ո՞ր ընկերություններում են նրանք թաքնված

Երևանի 33-րդ թաղամասում 9-10 ներդրող կա, սակայն ովքեր են նրանք, այդպես էլ հայտնի չդարձավ։ Այսօր Երևանի ավագանու Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի և Մշակույթի, կրթության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստն էր ընթանում, որտեղ քննրակվում էր Երևանի 33-րդ թաղամասի, այն է՝ Ֆիրդուսի տարածքի իրացման և քանդման ենթակա խնդրահարույց շենքերի հարցը։

Կառավարության ներկայացուցիչ, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը համառորեն չպատասխանեց մի քանի անգամ հնչեցված` ներդրողների վերաբերյալ նույնաբովանդակ հարցերին։ Ասաց՝ կհրապարակեն։ Թե երբ, հայտնի չէ։ 

Ըստ նրա՝ ներդրողները հեղափոխությունից հետո են հայտնվել և որոշել են այս նախագծում ներդրում կատարել։ «Ես վստահեցնում եմ, որ այս տարածքում նորմալ ներդրողներ կան, որոնց հետ կարելի է բանակցել»,- ասաց Կառավարության ներկայացուցիչը։

Ֆիրդուսի կառուցապատող գոնե մեկ ներդրողի անուն այսօր, սակայն, չնշվեց։ Այդ ներդրողները, ըստ պաշտոնյայի, բանկային երաշխիքներ են ներկայացրել։ Եվ արդեն իսկ հողերի ձեռքբերման համար 70 մլն դոլար ներդրել։

Ներդրողների մասին որևէ խոսք չասացին նաև կառուցապատողների ներկայացուցիչները։ Նրանցից ներկա էին սնանկ ճանաչված «Գլենդել հիլզ» ընկերության տնօրեն Էդվարդ Մելիքյանը և Տիգրան Ասրիյանցը։ Այս անձինք են հիմնադրել և տնօրինում 33-րդ թաղամասի կառուցապատող 18 ընկերությունները, որոնք կրում են Արևմտյան Հայաստանի տեղանունները։

Հիշեցնենք՝ Կառավարության երկրորդ՝ 2018թմարտի 22-ի որոշմամբ՝ Ֆիրդուսի ողջ տարածքի կառուցապատումը մասնատվել է և տրամադրվել Արևմտյան Հայաստանի տեղանուններով գրանցված 17 ընկերությունների՝ բաժանվելով 18 լոտերի։ Էդուարդ Մելիքյանը հիմնադիր է գրեթե բոլոր կառուցապատող ընկերություններում, Տիգրան Ասրիյանցը՝ դրանց մեծ մասի տնօրենը։

Ֆիրդուսի տարածքում կառուցապատման հարցը բարձրացավ վերջերս, երբ իրացման գոտում սկսվել էին քանդման աշխատանքները։ Եվ հերթը հասել էր աղյուսե շինությանը, որը մասնագետներից ոմանք հուշարձան էին համարում, թեպետ այն ներառված չէր Կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի 1616-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: 

Համաձայն Կառավարության որոշման հավելվածի՝ վերջերս քանդվող հասցեներն ընդգրկված են «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին հասանելիք տարածքում։ Մասնավորապես, այս ընկերությանն է հանձնած 8 հասցե՝ Հանրապետության նրբանցքի 3, 4, 5, 7, 8, և 9 հասցեները (8-ը՝ երեք առանձին տարածքներով)։ 

Համաձայն ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ 2019-2020թթ․ Արևմտյան Հայաստանի տեղանուններով հայտնի ընկերություններից միայն երկուսում են եղել բաժնետերերի փոփոխություններ։ Այսինքն՝ ընդամենը դեռևս երկու ներդրող է պաշտոնապես ստանձնել կառուցապատման պատասխանատվություն։ Մնացածներում առայժմ «Գլենդել հիլզի»-ի ներկայացուցիչների անուններն են և անհայտ բաժնետերեր ունեցող «Դիանար» ՓԲԸ-ն (ՓԲԸ-ների բաժնետերերը հանրությանը հասանելի չեն)։

Հիմնադիր Էդուարդ Մելիքյանը կամ նրա ներկայացրած «Դիանար» ՓԲԸ-ն դուրս են եկել «Վան քոնսթրաքշն» և «Էրզրում քոնսթրաքշն» ՍՊԸ-ներից։ Նրանց փոխարինել են նոր անուններ՝ Հայաստանից և Ռուսաստանից։

Մասնավորապես, «Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ում 2019թ․ սեպտեմբերի 30-ին բաժնետեր է դարձել 34-ամյա Զավեն Նելսոնի Սարգսյանը։

«Էրզրում քոնսթրաքշն» ՍՊԸ-ում 2019թ․ մարտի 5-ին հայտնվել է ՌԴ քաղաքացի, Վոլգոգրադում գրանցված գործարար Յուրիկ Գուրգենի Խաչատրյանը։

Մնացած ընկերությունները դեռևս համակարգվում են Էդուարդ Մելիքյանի կողմից։ 

Կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ «Գլենդել հիլզը» կապ չունի այս նախագծի հետ։

«Դիանար» ՓԲԸ-ն կապ չունի ներդրողների հետ, ընդամենը կապալառուն է, այդ գործընթացն ինքն է առաջ տանում՝ իրենց վերահսկողության ներքո։ «Ներդրողների անունների ամբողջ ցանկը կարող ենք հրապարակել, ավելի մանրամասն կբացատրեմ, ուղղակի հիմա չեմ կարող ավելի շատ, այս պահին ունենք 9 ներդրող, նաև կան օտարերկրյա ներդրողներ, 1-2-ը մեկ լոտից ավելի են ցանկացել վերցնել, 9-10 ներդրող, ընդհանուր 15 լոտ, մեկ լոտն է, որ այս պահին բանակցություններ են գնում, որպեսզի նոր ներդրողը վերցնի»,- ասաց Սերժ Վարագ Սիսեռյանը։

Սերժ Վարագ Սիսեռյանը պատմեց, որ 2019թ․ հունիսին և հոկտեմբերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ հանդիպումներ են տեղի ունեցել, որտեղ բոլոր շահագրգիռ մարմիններից եղել են ներկայացուցիչներ։ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի ներկայացրած հայեցակարգը բացասական արձագանքի է արժանացել, և որոշել են առաջնորդվել նախկին հայեցակարգով, որի հեղինակը Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էր։

Քաղաքաշինության կոմիտեի ներկայիս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը նույնպես ներկա էր քննարկմանը։ Նա նշեց, որ ճարտարապետական տարբեր գրասենյակներ են նախագծեր ներկայացրել Ֆիրդուս թաղամասի կառուցապատման համար, և ներկայացված նախագծերում առաջարկվել էին բարձր հարկայնության նախագծեր, ինչը ստեղծելու էր մարդկանց և մեքենաների կուտակումներ։

33-րդ թաղամասի կառուցապատման Կառավարության հանձնաժողովում է նաև Նարեկ Սարգսյանը, որի հայեցակարգն էլ ընտրվել է որպես իրականացվելիք նախագիծ։ Ներկաներից մեկի հարցին, թե ինչու է նա ընդգրկվել, եթե նա եղել է քաղաքաշինության նախարար, և իր նախագիծն է ընտրվել, արդյոք շահերի բախում չկա՞ այդտեղ։ Արմեն Ղուլարյանը պատասխանեց՝ ոչ։

Սերժ Վարագ Սիսեռյանն էլ հավելեց, որ Նարեկ Սարգսյանը որոշիչ ձայն չունի հանձնաժողովում։

Այժմյան նախագծում ընդգրկված է շուրջ 5 հա տարածք, կառուցապատման ընդհանուր մակերեսը 200 հզր ք/կմ, այսինքն՝ 28 տոկոս կառուցապատում է իրականացվելու, իսկ 70 տոկոսն ամբողջությամբ բարեկարգվելու է և կանաչապատվելու, լինելու է ընդհանուր օգտագործման և հանրությանը ծառայող տարածք։

2023թ․ վերջին կամ 2024 թ․ սկզբին Ֆիրդուսի կառուցապատման ծրագիրը պետք է ավարտին հասցվի։

Ս․ Վարագ Սիսեռյանի ասելով՝ բաց մրցույթ չի հայտարարվել հայեցակարգի համար, որովհետև ծրագիրն արդեն մեկնարկել էր նախկին իշխանությունների օրոք, ներդրողները գումարներ էին փոխանցել։ 

Ֆիրդուսի 80 հասցեն նույնպես կհանվի նախագծի կառուցապատման տարածքից

Ֆիրդուսի տարածքում 8 հուշարձան շենք կա, որոնք ընդգրկված են Կառավարության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ս․ Վարագ Սիսեռյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ աշխատանքային խմբի կողմից այդ շենքերը ծրագրից դուրս կբերվեն, իսկ առաջիկա ամսվա ընթացքում դրանք դուրս են բերվելու գերակա շահ ճանաչված որոշման գույքերի ցանկից։ «Մենք երաշխավորում ենք պահպանել բոլոր հուշարձան շենքերը և բարվոք միջավայր ստեղծել դրանց համար»,- հայտարարեց Կառավարության ներկայացուցիչը։ 

Աղյուսե շենքը, սակայն, երբևէ չի եղել հուշարձանների ցանկում, բայց պաշտոնյան հավաստիացրեց՝ պայմանավորվածություն կա, որ այդ շենքի քարերը կհամարակալվեն և կպահպանվեն կառուցվող որևէ շենքի ֆասադում։

Այս պահին բանակցություններ են ընթանում նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը (նունպես հուշարձանների ցանկում ներառված չէ) չքանդելու և այն ևս կառուցապատման նախագծից հանելու վերաբերյալ։

Երևանի գլխավոր ճարտարապետն առաջարկում է տեղափոխել հուշարձանն ու հարցը փակել

Քննարկմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Հայկ Մարությանը որևէ ելույթ կամ ասելիք չուներ։ «Մենք այսօր լսողի դերում ենք, որովհետև Երևանի քաղաքապետարանն այս ամենի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց նա։

Այդուհանդերձ, իր դիրքորոշումը՝ ծրագիրն իրականացնելու կողմնակից լինելու վերաբերյալ, վերջում հայտնեց Արթուր Մեսչյանը։ Մինչ Սերժ Վարագ Սիսեռյանը չէր հեռացել քննարկումից, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը սկսեց իր ելույթը հարցադրումներով:

«Տղերք, հիմա մենք Ֆիրդուսը կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Ամենակարևորը, ստրատեգիական առումով, մենք ուզում ենք հասկանալ՝ ի վերջո, Ֆիրդուսի նախագիծը մենք առաջ պիտի տանե՞նք, թե՞ Երևան քաղաքի մեջ երկրորդ շինհրապարակը պետք է ունենանք Հին Երևանի պես։ Այսինքն՝ էսպես ինչքա՞ն է շարունակվելու։ Չենք կառուցում, հասկանում եմ։ Էդ 6 լոտի սեփականատերերը մեզ դատի են տալու, ջնջելու են մեզ բառի բուն իմաստով, որովհետև արդեն ահռելի ծախսեր են արել, ո՞վ է պատասխան տալու դրան։ Ո՞վ է մեղավոր էդ նախկին արած կոնցեպտի համար, որ լոտերի են բաժանել, ամեն կառուցապատող էդ լոտերը գնել է և նախագծեր է պատվիրել, ճարտարապետներին կանխավճար է տվել, ո՞վ է փակելու էդ գումարները։ Բացի դրանից, ասում եք՝ սա քաղաքաշինություն չի, սա բիզնես է։ Կներեք, բիզնեսն ու քաղաքաշինությունը նույն բանն են՝ չկա բիզնես առանց քաղաքաշինության, և չկա քաղաքաշինություն առանց բիզնեսի՝ բացի սովետի ժամանակվանից»,- հայտարարեց Արթուր Մեսչյանը։

Նա հորդորեց հանգստանալ և հասկանալ՝ ի վերջո, Ֆիրդուսը կառուցելու են, թե՞ ոչ։ Եթե կառուցելու են, ապա՝ ինչպես․ արդեն կատարված լոտերի բաժանման հիման վրա, թե՞ պետք է կասեցնել աշխատանքները 2 տարով, մտնել դատական մեծ խնդիրների մեջ, մրցութային նախագծի փաթեթ կազմել, և 3-4 տարի անց նոր սկսել Ֆիրդուսի շինարարությունը։ 

«Ես սա համարում եմ բառի բուն իմաստով սաբոտաժ։ 10 հազար հոգի շինարար Ֆիրդուսում 250 միլիոնանոց ծրագիր է իրականացնելու, 10 հազար հոգի տուն է պահելու։ 3 տարին քիչ ժամկետ է, որ ասում են՝ դա երկարատև ծրագիր չէ։ Ո՞ր շինարարությունն է երկարատև։ 3 տարի եթե 10 հազար շինարար, շինանյութ, հարկեր․․․ այսինքն՝ պետությունը կարողանա, և շինարարությունը՝ որպես տնտեսական լոկոմոտիվ, մի քիչ խելքի գա, դրա համար չարժե՞ մեկ կառույց մի քիչ տեղափոխել, որ էդ ամեն ինչը չքանդվի։ Եկեք էս հուշարձանը տեղափոխենք, էս հարցը փակենք, ինչի՞ մասին ենք խոսում»,- ամփոփեց Երևանի գլխավոր ճարտարապետը։

7 ընտանիք դեռ փոխհատուցում չի ստացել

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը վստահեցրեց, որ իրենց կառավարման ժամանակ արդեն լուծվել է Ֆիրդուսի տարածքում բնակվող ընտանիքների բնակարանների հարցը, կառուցապատողները ստացել են ԱՊԶ-ները։ 100-ից ավելի ընտանիքներ 2018-ի իշխանափոխությունից հետո ստացել են նոր բնակարաններ կամ գումարային փոխհատուցում՝ միջինը 1200-1300 դոլար, իսկ մինչ այդ փոխհատուցման գումարը եղել է 600-700 դոլարի սահմաններում։ Այդպիսով, փոխվարչապետի ունեցած տվյալներով, այս ծրագրի իրականացմամբ հնարավոր է եղել լուծել 438 ընտանիքի բնակարանային հարցը։

Ֆիրդուսի իրացվող տարածքում ընդհանուր 373 գույք է հաշվառվել, որից 189-ը իրացված է եղել մինչ 2018թ․-ը։ Գումարային փոխհատուցում ստացել է 50 ընտանիք, 200 ընտանիք ստացել է բնակարան։

Կառուցապատողների ներկայացուցիչ Էդուարդ Մելիքյանը հայտնեց, որ այս տարածքից դեռևս 7 ընտանիք փոխհատուցում չի ստացել, և ընկերությունը դեռևս չլուծված 5 դատական վեճ ունի։

Դատական մեկ վեճի պատմություն, կամ ինչպես է կրկնակի նվազեցվել գույքի արժեքը

«Կարս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն 2017թ․ հունիսին դիմել է դատարան ընդդեմ  Ֆիրդուս փողոցի թիվ 15 հասցեում գտնվող տան և 15/1 հասցեում գտնվող կցակառույցի սեփականատեր Կլարա Մեժլումյանի՝ նրա սեփականությունն օտարելու պահանջով։

Ընկերության նախաձեռնությամբ՝ «Ալտա Վիպ» ՍՊԸ-ն 2017թ․ հունիսի 19-ին իրականացրել է տվյալ գույքի գնահատում՝ 60 մլն դրամ արժեք սահմանելով, դրան ավելացել է օրենքով սահմանված 15 տոկոսի չափը՝ 9 մլն դրամ, և ողջ գույքի փոխհատուցման գումարը կազմել է 69 մլն դրամ։

Մինչդեռ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ 2018թ․ նոյեմբերի 13-ի գնահատմամբ, գույքը գրեթե կրկնակի ավել է գնահատվել՝ ընդհանուր 123 մլն դրամի չափով։

Կլարա Մեժլումյանը դատարանում կարողացել է ապացուցել, որ իրենց առաջարկվող 60 մլն դրամը համարժեք չէ այդ տարածքում իրենց ունեցած սեփականությանը։

Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ սեփականատիրոջ և պարտավորեցրել «Կարս քոնսթրաքշն» ՍՊԸ-ին Կլարա Մեժլումյանին վճարել 123 մլն դրամ։ Դատարանի այս վճիռը ընկերությունը չի բողոքարկել։ 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter