HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ստալինը չի մեռել՝ նա տարրալուծվել է ապագայի մեջ»

Նվիրվում է բոլշևիկյան ամբողջատիրության զոհերի հիշատակին

                             1949 թվականի դժոխային ամառը

Բոլշևիզմն իր չլինելիք և չիրականանալիք իդեալների համար անիմաստ ու ապարդյուն զոհեց միլիոնավոր մարդկանց, տեղահանեց ժողովուրդներ․․․

Հայաստանի հանրապետությունում հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 1949թ․-ի  այդ օրը պաշտոնական տվյալներով Հայաստանից 13000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսեցին Ալթայ։ Սովետական բարեխնամ կառավարությունը, իբր իր թիկունքը մաքրելու համար՝ կասկածելի մարդկանց իրենց ընտանիքներով բեռնատարները լցրած քշում էր աքսոր․․․

Բնակչությունը ճանապարհի երկու կողմը կանգնած անպատմելի լաց ու կականով ճանապարհում էր աքսորականների անվերջ մեքենաներին, որոնք նույնպես լալիս ու փետտում էին իրենց մազերը, օդի մեջ անընդհատ երկարող ողբի ծիր թողնելով։

Մեր պետությունը երկրից հեռացնում էր անհարազատ տարրերին։

Անհարազատ տարրերն էին Երկրորդ աշխարհամարտը հաղթած մարտիկները, նախկինում բռնադատվածները, Հայաստան ներգաղթած հայերը, մտավորականները, օտար լեզու իմացողները և ուղղակի սովորական անշառ մարդիկ, որոնք պետք է պլանավորած գլխաքանակը լրացնեին։

Բռնաճնշման երկրորդ տենդի ժամանակ Լեռ Կամսարը գտնվում էր Գեղարքունիքի մարզում որպես ազատ աքսորական։ Արդեն ճաշակել էր Չեկայի նկուղը, Երևանյան բանտը և Սիբիրի սարսափները։ 14 տարվա ստաժավոր բռնադատված էր։

Նա Տորֆի (Կանլի, Ղամշլու) սովխոզում զբաղվում էր մեղվապահությամբ, որովհետև նրան արգելված էր գրելը և մանկավարժությամբ զբաղվելը։ Երգիծաբանից բացի Տորֆում կային ևս չորս բախտակից աքսորյալներ: Ամեն առավոտ Չեկայի սև մեքենան գիշերը աքսորյաներից մեկին  տանում էր: Մյուսները մղձավանջի մեջ սպասում էին իրենց հերթին:

 Երգիծաբանի աքսորական ճամպրուկը չորացած հացով, բանտային երկաթե բաժակով, սառնամանիքին համապատասխան փոխնորդով ու տեղաշորով կազմ պատրաստ էր ճանապարհ ընկնելու համար: Երբ մեքենայի հռնդյուն էր լսվում, գրողը կարծում էր, որ ահա իր ժամն էլ հասավ։  Լեռ Կամսարից բացի,  հերթով կրկնակի աքսորի ենթարկվեցին մյուս երեք ազատ աքսորականները:

Չափազանց զարմանալի է, որ երկրոդ անգամ երգիծաբանը չսիբիրվեց, չէ որ չանսալով կառավարության արգելքը, նա իր սուր գրչով շարունակում էր պայքարել բռնակալ ամբողջատիրության դեմ։ Բոլորին էր հայտնի նրա անթաքույց վերաբերմունքը բոլշևիկյան ռեժիմին։

Նախախնամությո՞ւնն արդյոք պահպանեց նրան, որ հետո սերունդներն առաջին ձեռքից կարդային ու իմանայինք լենինյան, ստալինյան արհավիրքների մասին, թե՞  պատճառը զուտ այն էր, որ նա անձնագիրը յոթ տարի չէր ներկայացրել միլիցիա ժամկետը թարմացնելու համար և Չեկայի ցուցակներից դուրս էր մնացել։ Մի խոսքով, ինչքան էլ արմանալի ու զարմանլի է, բայց փաստ է՝ Կամսարին ձեռք չտվեցին, և նա շարունակեց մերկապարանոց  գրի առնել բոլշևիկյան պատմությունը։

Քանի որ այժմ ես տպագրության եմ պատրաստում մեր պատմության սաստիկ ամոթալի այդ չարաբաստիկ 1949թ․-ին վերաբերող երգիծաբանի օրագրությունը, ապա կարող եմ բազում հատվածներ ձեզ հետ կիսվել այդ սահմռկեցուցիչ օրերի վերաբերյալ, հարուցելով ձեր ցավը, զայրույթը, ափսոսանքը և աղավանքը, ինչ խոսք, գրված սարկասիկ վարպետությամբ։ Այդ տխուր առիթով կարող եք կարդալ անցած տարի «Հետքում» տպագրված «Գեթսեմանի պարտեզի աքսորյալները»։ Եվ ինչո՞ւ միայն այդ՝ գրատներում մեկ տասնյակից ավելի են Կամսարի աքսորական գրականության հատորները։

Բայց այս անգամ այլ կերպ կվարվեմ։ Կներկայացնեմ այդ ռեժիմում ապրող մարդկանց, ժողովուրդների անսահման ապշելու վերաբերմունքն իրենց տանջարար հրեշ առաջնորդի նկատմամբ։ Անհատի պաշտամունքի ու քծնանքի քստմնելի մի իրողություն, երբ համատարած իշխում էր գետնաքարշ երկրպագումը Ստալինին և մատնությունների ու գործ տալու անարգ ու ստոր  եղելությունը։

Երբեք չասեք, որ դա վախից ու սարսափից էր, չէ որ հիմա էլ, երբ արդեն չեն խոշտանգում՝ Լենինի չրային աղտեղությունը դեռ Մավզոլեյում է անձեռնմխելի, և իհարկե, դեռ կան մոլեռանդ ստալինապաշտներ։

Այո, երիցս ճիշտ էին ֆրանսիացի գրող Պիեռ Կուրդատի թևավոր խոսքերը՝ «Ստալինը չի մեռել՝ նա տարրալուծվել է ապագայի մեջ»․․․

 Երբ մտածող մարդ անհատն ամբոխանում է՝ ինչո՞ւ է կորցնում դատելու և գնահատելու կարողությունը և փոխարեն ըմբոստանալու ու մերժելու բռնակալին, դառնում է անուղեղ կամակատար մանկուրտ․․․

Մի՞թե ժողովուրդներն են ծնում և սնում իրենց Նեռերին․․․

Վանուհի Թովմասյան

-----------------------------

Հ․Գ․1949թ․-ի ամռանը Ստալինը երկիրը վերածել էր դժոխքի, իսկ նույն եղկելի թվականի վերջին, սովետ միության ժողովուրդների ներկայացուցիչները՝ մտավորականներ, գրողներ, երաժիշտներ, նկարիչներ, հասարակ աշխատավորներ, «պոետներ որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով» հերթ չտալով, իրարից առաջ անցնելով, սեփական լիզանքի ստորաքարշ շիթերն  էին առաքում առ իրենց սրտի Մեծն Առաջնորդ «ժողովրդների հորը»․․․

Ամո՛թ, ամո՛թ, հազա՛ր ամոթ ու նախատինք․․․

    Լեռ Կամսարի «Խորհրդային քաղաքացու» անտիպ օրագրից  հատվածներ  

Երեքշաբթի 13․- Արդեն պետության կողմից հայտարարված է, որ սույն ամսի 21-ին Ստալինի 70-ամյա հոբելյանն է տոնվելու։

Ռուսաստանը տոնելու է հոբելյանը մի մարդու, որ ծնած օրից սկսած, ամբողջ 70 տարի, առանց մի տարվա ընդմիջման կամ հանգստի․․․ ապրել է։

Այս տեսակ հոբելյանների համար 8 օր առաջ հայտարարություն անելը, իմ կարծիքով մեծ անխղճություն է։

Ամերիկան 99 հարկանի տան կտուրից վայր գլորվող սիրասուն երախայի մորը, որը գիրկը բացած սլանում է բռնել իր մանկանը, կարելի՞ է բռնել, թե սպասիր մինչև ութը օր, նոր օգնության վազիր․․․

Նախրից նոր վերադարձող կովի նորածին հորթին, որը վազում է դեպի մոր ստինքը, կարո՞ղ ես համոզել, որ սպասի, ութը օր հետո ծծի․․․

Մերկացած մանկամարդ կնոջ հանդիման կանգնած երիտասարդին կարո՞ղ ես ասել՝ սպասիր 8 օր հետո փարվիր։

Եթե սրանք բոլորը չի կարելի, ուրեմն, չի կարելի նաև ասել ռուս ժողովրդին, թե սպասիր, 8 օր հետո տոնիր Ստալինի տարեդարձը, որովհետև ժողովուրդը սիրում է իր «առաջնորդին» ավելի քան մայրն իր մանկանը, հորթն իր կովին, երիտասարդն իր սիրուհուն։

Նման ուրախալի հոբելյաններն առաջուց հայտարարվելիք բաներ չեն։ Դրանց հայտարարելն ու կատարելը մեկ պիտի լինի, իսկ ավելի ապահովը՝ պետք է հոբելյանի օրն անցնելուց հետո հայտարարել, որ ժողովրդի սիրտը չճաքի։

Այլապես ինչի՞ նման է ներկա Ռուսաստանը։

Իրար են անցել բանաստեղծները և հանգեր են փնտրում ձոներ գրելու հոբելյարին։ Այդ դժբախտ հանգերը ձեռքե ձեռք են խլվում։

Գնում են Թալին, զարկում են սալին, որպեսզի ասեն ընկեր Ստալին։

Թխվում են հեռագրեր կայծակնային և հասարակ, այսինքն ձիավոր ու հետիոտն․ ոտավոր հեռագրերն այսօրվանից ճանապարհ են ընկնում, ճիշտ օրին Մոսկվա հասնելու համար։ Կատարյալ հոբելյանական «շախսեյ-վախսեյ»։ Ամբոխը սրերով, մտրակներով ու շղթայով հարվածելով ինքզինքը շքերթում է փողոցում։ Հարվածում ու տալիս «առաջնորդի» անունը։ Կարկանդակներ են եփվում, նվերներ են գնվում․․․

Ծո, եղբայր, սա ի՞նչ բան է, այս վիճակով 8 օր կապրվի՞։ Ճիշտ է աշնան հետևանքով օրերը կարճ են, բայց էլի 7 ժամից պակաս են։ 7 անգամ 8-ը կիսեք քանի՜ ժամ է անում․․․

Ու մտածում եմ։

Լա՜վ, ասում եմ, ժողովուրդն ընդամենը ութը օր չի կարողանում դիմանալ մինչև իր «սիրելի առաջնորդի» հոբելյանը, և ինքզինքը կոտորում է։

 Ի՞նչ պիտի լիներ նույն ժողովրդի վիճակը, եթե 70 տարի առաջ իմանար, որ 70 տարի հետո իր «առաջնորդի» 70-ամյա հոբելյանը պիտի տոնվի․․․

Շաբաթ 10․- Ռուսաստանը հանկարծակիի եկավ։ Նա, ճշմարիտ է, անցյալ տարի գիտեր, որ Ստալինը 69 տարեկան է, բայց բնավ մտքից չէր անցկացրել, որ մի տարի հետո նա կարող է 70 տարեկան դառնալ։ Եթե իմանար, նա ոչ թե այս յոթն օրվանից կսկսեր ուրախանալ, այլ մի տարի առաջ սկսելով, հիմա բավականին թեթևացած կլիներ և հիմա մի քիչ էլ իր առօրյա գործերով կզբաղվեր։ Այլապես կարելի՞ է յոթ օրվա մեջ Ստալինի 70-ամյա հոբելյանին պատրաստվել։

Այս հոբելյանը, որ հասակավորների համար «պանծալի» է ու երախաների համար «տանձալի»՝ երկրի մեջ կատարյալ խուճապ է սկսել ու բնակչության կյանքը կանգ է առել։ Մարդիկ, երբ բերանը բաց են անում՝ միայն Ստալինի անունն են տալիս, երբ աչքը բաց են անում, միայն Սալինի պատկերն են տեսնում փողոցների պատերի, հրապարակների սյուների, գոյություն չունեցող շաքարի, մոռացված մսի, երբեմնի կաթի և բոլոր երևակայական ուտելիքի խանութներում։  Նկարիչ տղաս, որ տասնհինգ օրից ի վեր անշարժ նստեցրած նկարում է ինձ, այսօր տեսնում եմ, որ ինձ է նայում, բայց կտավի վրա Ստալինի պատկերն է դրոշմում, իր պատկառելի բեղերով։

- Ա՜յ տղա, - ասում եմ, - ինչո՞ւ ես շփոթում մեր պատկերները։

- Ի՞նչ անեմ, պապա՛, - ասում է տղաս, - որտեղ նայում ես՝ Ստալինի նկար է, քո երեսն ինչո՞ւ պիտի բացառություն կազմի։

Ակամա հիշում եմ Եգիպտոսի Փարավոնին։ Աստվածաշունչն ասում է, երբ Փարավոնը մերժեց իսրայելացոց Մովսեսին հանձնել անապատ տանելու, Մովսեսն երրորդ պատիժը բերավ եգիպտացոց գլխին։ Նա գետնից մի բուռ ավազ վերցրեց և օդի մեջ շաղ տվեց, ու հանկարծ Եգիպտոսը լեցվեց անհնարին գորտերով։ Փարավոնն ուզում է իր կոշիկները հագնել՝ տեսնում է մեջը լիքը գորտ։ Ձեռքը գրպանն է տանում՝ սառը գորտեր են խլվլում այնտեղ։ Մորուքն է սանրում՝ շերեփուկներ են վայր թափվում։ Կերակրի պղինձն է բաց անում, մի պատառ բան ուտելու՝ գորտ։ Անկողինն է բաց անում՝ գորտ, գլխարկն է վերցնում դնելու՝ գորտ։ Վերջապես՝ գորտ, գորտ, գորտ։

Եթե այդ նույն ժամանակ որևէ նկարիչ կամենար իր առաջ նստած մարդուն գորտ դուրս բերել՝ մեղավո՞ր էր արդյոք, իհարկե՝ ոչ։

Երեկ՝ ութ օրից հետո Ստալինի 70-ամյա հոբելյանն էր, այսօր՝ յոթ օրից հետո, վաղը՝ վեց օր հետո, ու այսպես անձկալի հոբելյանի օրը օրական քսանչորս ժամով մոտենում է իրեն տոնողներին այնպես անհողդողդ, ինչպես միևնույն գծի վրա իրար դիմաց սլացող գնացքներ, միայն ցնծալի կատաստրոֆով, որովհետև հանդիպողը՝ «Մեծ Ստալինն» է իրեն պաշտող ժողովրդի հետ։

(Մենք մի հիմար հարևան ունենք հայրենադարձ հայերից, աշխարհից բեխաբար։

Այդ մարդն իր հետ արտասահմանից մի մեծ կոշիկ է բերել և ուզում է ծախել։ Բայց Հայաստանում այդպիսի խոշոր ոտք չգտնելով, հուսահատված, գցել էր վառելափայտերի տակ, մնացել։

Այսօր, Ստալինի անվանը կից հեղեղվող «մեծ», «մեծ», «մեծ» բառերը լսելով, փայտերի տակից հանեց այդ ահռելի կոշիկները, կամենում է ծախել Ստալինին։ Այդ հիմարը չգիտե, որ Ստալինն անունով է «մեծ», մարմնով շատ փոքր է․․․)։

Հա՛, էդ էի ասում, որ ժողովուրդն այս ամսի 21-ին սպասում է աներևակայելի անհամբերությամբ, ուզում է տեսնել այն հրաշքը, երբ իրենց «առաջնորդն» 69 տարեկանից հանկարծ 70 տարեկան պիտի դառնա։ Այդ հրաշքը տեսնելու համար բազմաթիվ մահամերձներ իրենց մահը հետաձգել են տոներից հետո։ Իրենց մոր արգանդում եղած երախաներն արհամարհելով բնության բոլոր օրենքները, ո՛չ ինն ամիս են ճանաչում, ո՛չ ինն օր, ո՛չ էլ ինը ժամ․ դուրս են գալիս իրենց մոր արգանդից հոբելյանին ներկա լինելու։

Ի տես դեպի իր «մեծ առաջնորդը» տածած այս անհուն սիրուն մտածում եմ․ «Ա՜յ, ջանըմ, - ասում եմ, - Ստալինը ժողովրդին բանտարկում է, աքսորում, գնդակահարում, պահում է անոթի ու տկլոր, այդ ինչպե՞ս է պատահում, որ դրանից հետո էլ դարձյալ ժողովուրդն նրան այսքան բուռն սիրում է»։

Այս հարցին պատասխան է տալիս  Տպեյը՝ իր սեռական հարցերին նվիրված գրքում (կարծեմ ֆրանսիացի)։ Նա ասում է՝ սեռապես անտարբեր շատ ամուսիններ, որոնք թերանում են իրենց ամուսնական պարտականությանց մեջ, հետևյալ կերպ են վարվում։ Անտարբեր տղամարդը մի հաստ մտրակ է տալիս պահանջատեր կնոջ ձեռքը և հրամայում է ծեծել իրեն այնքան, ինչքան ուժ ունի։ Կինը ինչ խոսք, որ կատարում է մարդու հրամանը հարյուր տոկոսով և մի քիչ էլ ավելի․ գիտեք էլի, նման պարագաներում կինը որքան է «վճռական»․․․

Երբ կինն այդպես անխնա ծեծում է, մարդու մեջ առաջ է գալիս մի այրող սեր դեպի իր կինն ու երկուստեք մերկանալով, անկողին են մտնում, և կինն իրեն «երջանիկ» է զգում։

Եթե ընդամենը երկու մտրակի հարվածով կարելի է այդպիսի երջանկություն ձեռք բերել, հապա ինչքա՞ն երջանիկ պիտի լիներ այդ նույն կինը, եթե մտրակելու փոխարեն բանտարկեր, աքսորեր ու սպաներ․․․

Այդ «երջանկությունն» ահա Ստալինին էր վերապահված։

Հետո՝ ինչո՞ւ հեռու գնանք։ Ռուսաստանում ժողովուրդը մի հոլ է, քանի Ստալինը ծեծե՝ այնքան ուրախ-ուրախ դառնում է․ երբ ծեծը վերջանա՝ կընկնի գետնին ու կմեռնի․․․

----------

Այն օրվանից, երբ տղաս ինձ նայեց, Ստալին նկարեց, վախենում եմ հայելի նայելուց։ Ասում եմ չլինի դեմքիս Ստալին տեսնեմ։

Կիրակի 11․- Այսօր ես սպասվող հոբելյանի մասին հետևյալ նորությունն իմացա։

Նկատի ունենալով, որ Ռուսաստանի 150 միլիոն բնակիչներն իրենց ողջ ունեցվածքը կապել, ծանրոց են շինել Մեծ Առաջնորդին նվեր ուղարկելու համար, Ստալինը, ենթադրելով, թե Կրեմլում չի տեղավորվի այդքան կայք, հետո տեսնելով, որ առանց այդ էլ ողջ ժողովուրդն իր կայքով միասին իրեն է պատկանում, հրամայել է ոչինչ չուղարկել իրեն։

----------

Շատ ճիշտ բան է մտածել Ստալինը։ Երևակայեցեք, նախապես քաղված, կողովներով շուկա բերված խաղողն այն հաճույքը չի տա մարդուն, ինչպես, եթե անձամբ խաղողի տնկարանում ձեռքովդ քաղես, ուտես։

Խաղողն ու թութը ծառի վրա պիտի ուտես․․․

1949թ․, դեկտեմբեր, Կանլիի կամ Ղամշլուի աքսորավայր (Տորֆավան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter