
Ոստիկանությունը շարունակում է ստուգայցերը. իրավախախտման 774 դեպք` մեկ օրվա ընթացքում
Ոստիկանությունը հայտնում է, որ իր արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Զուգահեռաբար, տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելու Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը։
Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33996 արձանագրություն, իսկ հունիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 774 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։
Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգայցերի միջոցով հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
Մեկնաբանել