
Առաջարկվում է տնտեսվարողներին ազատել շահութահարկի կանխավճարների պարտավորությունից. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը: Այն ընդունվեց միաձայն` 94 կողմ ձայնով: Այս փոփոխություններով գործադիրն առաջարկում է վերանայել տնտեսվարող սուբյեկտների շահութահարկի կանխավճարների վճարման համակարգը:
Ըստ նախաձեռնության` յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվելու է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով:
Փոփոխությունների կյանքի կոչման դեպքում շահութահարկի կանխավճար վճարողները կազատվեն այս տարվա 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճար կատարելու պարտավորությունից, որը պետք է մինչ հունիսի 20-ն իրականացնեին:
Նախագիծը ներկայացնող ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով` գործող կարգավորումը բավարար ճկունություն չունի ոչ ստանդարտ տնտեսական իրավիճակների համար: Դա է պատճառը, որ առաջարկվում է ավելի ճկուն համակարգ ներդնել, որը կապահովի լավ հարկային միջավայր:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ողջունեց Կառավարության օրենսդրական առաջարկը` ընդգծելով, որ փոփոխությունները լինելու են ի նպաստ տնտեսվարողների: Թունյանի խոսքով` այս կերպ գործադիրն ավելի քան 30 միլիարդ դրամի հարկային արձակուրդ է տալիս տնտեսվարողներին` շահութահարկի կանխավճարների գծով:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը:
Մեկնաբանել