HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է համայնքի տարածքում օտարվող հողերի գումարի 30 տոկոսը հատկացնել համայնքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված գումարի 30 տոկոսը հատկացնել համայնքին։ Ըստ նախարարության՝ այդ փոփոխությամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, ինչը թույլ կտա համայնքներին ավելի մեծ ծավալով իրականացնել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների ապահովման ծրագրերը:

«2009-2011 թթ. պետական բոլոր հողերն ընդգրկվել են համայնքների վարչական տարածքներում՝ այդ հողերի կառավարման գործառույթը փոխանցելով համայնքների ղեկավարներին: Պետական հողերի օտարման գործընթացը նույնպես իրականացնում է համայնքի ղեկավարը՝ որպես պետության պատվիրակած լիազորություն։ Այդ ընթացքում առաջանում են ֆինանսական ծախսեր, իսկ օտարումից ստացված միջոցներից համայնքին որևէ մասհանում չի կատարվում, ինչի անարդարացության վերաբերյալ համայնքներից ստացվում են մտահոգություններ»,-քննարկման ներկայացված նախագծում հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Նշենք, որ գործող կարգով՝ համայնքների բյուջեների ֆոնդային մասն, ի թիվս այլ եկամուտների, ներառում է պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները: Այդ օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է այդ համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր: Կառավարության քննարկմանը ներկայացվող այդ ծրագրերը պետք է բխեն կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ 2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել 35 նման ծրագրի, որոնք մասամբ կամ ամբողջապես լուծել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները։

Նախարարության հաղորդմամբ՝ պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների, պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: 

«Նախագծի ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով»,-նախագծում ընդգծել է նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter