HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ինչ փոփոխություններ են առաջարկվում համայնքների կառավարման ոլորտում 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը համայնքների կառավարման ոլորտում փոփոխություններ անելու նախագիծ է քննարկման ներկայացրել։

Այդ նախագծով առաջարկվում է՝ ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրել նաև էլեկտրոնային եղանակով։ Նախարարությունն այդ լրացումը պայմանավորել է այն հանգամանքով, որ որոշ դեպքերում ավագանու անդամներին հնարավոր չի լինում նիստի հետ կապված նյութերը փոխանցել առձեռն: Բացի այդ, սռաջարկվում է արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ավագանու նիստերը հրավիրել նաև հեռավար եղանակով. «COVID-19 համավարակով պայմանավորված 2020 թվականի սահմանափակումները, քաղաքացիների միջև շփումների նվազեցման անհրաժեշտությունը բերեցին այն եզրահանգման, որ ավագանու նիստեր կայացնելու անհրաժեշտության պարագայում՝ օրենսդրորեն լեգիտիմացվի նիստերի անցկացումը և կարգավորել այդ նիստերին մասնակցելու գրանցման, նիստի տեսաձայնագրման, որոշումների ընդունման հետ կապված հարցերը»,- նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է վարչական ղեկավար ունենալու պարտադիր պայման սահմանել միայն 500-ից ավել հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի համար, իսկ 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերի համար առաջարկվում է վարչական ղեկավար ունենալ-չունենալու կամ նրա պարտականությունները մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու որոշումը թողնել համայնքի ավագանու որոշմանը։ 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով՝ բազմաբնակավայր համայնքի յուրաքանչյուր բնակավայրում պետք է նշանակվի բնակավայրի վարչական ղեկավար, բացառությամբ՝ համայնքի կենտրոն հանդիսացող բնակավայրի: 

«Այս օրենսդրական նորմի պահանջը լրացուցիչ վարչական հաստիքի ստեղծման և համայնքի բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում ապահովելու պայման է առաջադրել բազմաբնակավայր համայնքների ղեկավարների համար: Այդ համայնքներում ընդգրկված բազմաթիվ բնակավայրեր չունեն մշտական բնակչություն, ունեն ամառանոցային բնակավայրի կարգավիճակ կամ էլ բնակչության թվաքանակը տատանվում է մի քանի բնակչից մինչև հարյուր բնակիչ»,- նշել է նախարարությունը

Նախատեսվում է նաև բացառություն սահմանել վարչական ղեկավարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջի մասով, որով այդ պարտադիր պահանջը կտարածվի 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարի վրա։ Նախարարությունը նկատի է ունեցել, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքներում բարձրագույն կրթություն ունեցող և այդ պաշտոնին համապատասխանող պայմաններով աշխատելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը բավարար է, ինչը 1000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների համար կարող է խոչընդոտ հանդիսանալ: 

Մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ավագանու լիազորությունները լրացնել նոր կետով, որով ավագանուն կտրվի համայնքի ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու լիազորություն: 

Փոփոխություններ են նախատեսվում նաև համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթացում։ Այժմ ՏԻՄ օրենքը նախատեսում է, որ համայնքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների կամ մշտական հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից։ Սակայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ընդգծել է՝ օրենքով սահմանված չէ, որ համայնքի ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու քվեարկություններին: Այսինքն՝ ավագանու անդամը կարող է մասնակցել նիստերին, սակայն չմասնակցել քվեարկություններին։ Նախարարությունն առաջարկում է օրենքով սահմանել, որ ավագանու անդամը պետք է մասնակցի նիստերին և քվեարկի նախագծերին։

Քննարկման ներկայացված նախագծով նախատեսվում է օրենքով ամբողջությամբ նոր խմբագրությամբ սահմանել «համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ հոդվածը՝ հետևյալ բովանդակությամբ. «Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ): Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային հայեցողական պաշտոն է՝ բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի: Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը: Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները: Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:

«Նշված նախագծային կարգավորմամբ իմպերատիվ սահմանվում է համայնքի ղեկավարի տեղակալի հաստիք ունենալու պահանջը, միաժամանակ հստակեցվում է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնի տեսակը, մասնավորապես՝ սահմանելով որ այն հայեցողական պաշտոն է, բացառությամբ՝ համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի։ Քանի որ այդ դեպքում՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը նաև հանդիսանում է ավագանու անդամ, իսկ այդ պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է»,- պարզաբանել է նախարարությունը։

Այս օրենսդրական նախագծային փաթեթի ընդունմամբ՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակ ունի առավել կարգավորել տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը՝ ազդելով տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման վրա։

Մեկնաբանություններ (1)

Զեմֆիրա
Կարծում եմ, որ պետք է օրենքով կարգավորել համայնքի ղեկավարի տեղակալների և աշխատակազմի աշխատողների քանակը՝ այն կապելով համայնքի բնակչության թվի հետ: Գաղտնիք չէ, որ համայնքապետարաններում հայեցողական պաշտոնների, (տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ), ինչպես նաև այլ աշխատողների անհարկի ավելցուկ կա, վերջիններիս օրական զբաղվածությունը և պաշտոնային պատասխանատվությունը էապես չնչին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter