HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման միջնորդագրերի քվեարկությանը կմասնակցի միայն «Իմ քայլը»

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության և նույնանուն կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդագրերը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ելույթում հիշեցրեց ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը, որ Հայաստանում օլիգարխներ չկան, իսկ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է: Մարուքյանը հիշեցրեց, որ Ծառուկյանն ու Փաշինյանը համագործակցության հուշագիր են ստորագրել, հիշեցրեց նաև, որ իշխող ուժը ԲՀԿ-ից երրորդ փոխխոսնակ ընտրեց` պատճառաբանելով որպես երկրորդ խորհրդարանական ուժ:

«Էդ ոնց եղավ՝ երբ ձեզ պետք է «Բարգավաճ Հայաստանը» լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, իր տանը կարելի է գնալ քեֆ անել, արդյոք օրենքի ընտրողաբար կիրառման հարց չկա: Էդ ե՞րբ է Հայաստանի պատմության մեջ եղել, որ քրեական գործի նյութերը բաժանվեն քաղաքական գործիչներին, ես անգամ ռեպրեսիաների ժամանակ չեմ հիշում նման բան»,- ասաց նա:

Մարուքյանի խոսքով` «Լուսավոր Հայաստանը» այս քվեարկության մեջ անելիք չունի, ուստի չեն մասնակցի քվեարկությանը:

«Եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, հետաքրքիր է փակ-գաղտնի քվեարկությամբ 88 ձայն կլինի, թե ոչ»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքով` այս ամենը սկսվել է Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո, երբ վերջինս քննադատել էր իշխանություններին` համավարակի դեմ պայքարի հարցում:

Զոհրաբյանի համոզմամբ` գլխավոր դատախազն այդպես էլ չկարողացավ որևէ փաստարկ ներկայացնել, թե ինչու պետք է Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրվի, նրա խոսքով` այս ամենը քաղաքական հետապնդում է: Զոհրաբյանը հայտնեց, որ իրենք ևս չեն մասնակցի քվեարկությանը:

Խորհրդարանական մեծամասնության տեսակետը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կքվեարկեն իրենց խղճին և համոզմունքներին համապատասխան:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ում խոսքով` ծանր արարք է մեղսագրվում մի մարդու, որը կուսակցության ղեկավար է, և հեշտ է իրավական գործընթացը դարձնել քաղաքական: Միրզոյանն առաջարկեց քաղաքական ու իրավական պրոցեսները տարանջատել` ասելով, որ ինքն էլ իր դիրքորոշումը չի հայտնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ, որպեսզի այն չհամարվի ուղղորդում իրավապահ մարմինների աշխատանքի վրա:

«Հեշտ է խոսել կառավարության հրաժարականի մասին, երբ գիտես վաղուց հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո մասնակցությանը»,- ասաց նա:

Միրզոյանն անդրադարձավ այն ելույթներին, որտեղ խոսվում էր Գագիկ Ծառուկյանի հիմնադրած աշխատատեղերի, կատարած ներդրումների մասին` ասելով, որ անկախ ամեն ինչից օրենքի առջև հավասար են բոլորը, և պետք չէ աշխատատեղեր կրճատելու սպառնալիքով շանտաժ անել:

«Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում, և մենք հետ կողջունենք խորհրդարանում, բայց եթե պարզվեց էդպես չէ, ապա բոլոր քաղաքացիները պետք է կրեն այն պատասխանատվությունը, որը սահմանում է օրենքը, սա մեր քաղաքական հավատամքն է»,- ասաց նա:

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվարկության ժամը, ըստ որի այն մեկնարկում է 15:00-ին, վերջանում՝ 16:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter