HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից (լրացված)

Խորհրդարանը 87 ձայներով զրկեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից` թույլ տալով հարուցված քրեական գործում վերջինիս ներգրավել որպես մեղադրյալ: Փակ-գաղտնի քվարկությանը մասնակցել էր միայն խորհրդարանական մեծամասնությունը:

Ըստ ԱԱԾ քննչական վարույթում քննվող գործի` «Երևան շին» ՓԲԸ նախագահ Վազգեն Պողոսյանը կաշառք է տվել քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին` վաստակավոր շինարար կոչմանն արժանանալու համար, վերջինիս ընկերությունում կատարված խուզարկության ժամանակ էլ հայտնաբերվել են հաշվետվություն վերտառությամբ փաստաթղթեր` 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբերի գործունեության վերաբերյալ:

Ըստ գլխավոր դատախազի` այդ հաշվետվության մեջ եղել են փաստաթղթեր` 17914 ընտրողի հաշվով 40% կորստով վերնագրով, որտեղ գրված է Ծառուկյանի հանձնարարությամբ Լ. Աբրահամյանին 4 միլիոն 600 հազար դրամ, ակտիվիստներին վճարվելիք գումար` 34 միլիոն 388 հազար դրամ և այլն:

Գագիկ Ծառուկյանն իր ելույթում չընդունեց իրեն մեղսագրվող ընտրակաշառք բաժանելու մեղադրանքը` այն որակելով շինծու: Ելույթից հետո Գագիկ Ծառուկյանը մեկնել էր Ազգային անվտանգության ծառայություն` հարցաննության:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` համաձայնություն տալ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն: Հարցի քննարկումն այսքանով ընդհատվեց, քանի որ մեկնարկեց հայտարարությունների ժամը: 

Լրացում 18:00

Հայտարարությունների ավարտից հետո խորհրդարանը քննարկեց Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազի միջնորդությունը: ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց փակ-գաղտնի քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը ԱԺ 132 պատգամավորներից մասնակցել է 87-ը, բոլորն էլ կողմ են քվեարկել:

Նման պայմաններում արդեն կարող է Գագիկ Ծառուկյանը քրեական գործով ներգրավվել որպես մեղադրյալ: Վարույթ իրականացնող մարմինը կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Իսկ Գագիկ Ծառուկյանն ազատությունից կզրկվի, թե ոչ, կորոշի դատարանը:

Լուսանկարները` Անի Սարգսյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter