Հայաստանում մեկնարկում է «Ֆրանկոֆոնիա-2012»-ը
Մարտի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում Բիզեի «Կարմեն» օպերայի համերգային կատարումով Հայաստանում կմեկնարկի ֆրանկոֆոնիայի միամսյակը:
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ «Ֆրանկոֆոնիա-2012» ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ ևս.
- Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենան ֆրանսերեն գրականության և Հայաստանի մասին թարգմանական հրատարակությունների շնորհանդեսներ:
- Խնկո-Ապոր անվան մանկական ազգային գրադարանում կանցկացվեն ֆրանսիական մանկական գրականությանը նվիրված օրեր (մարտի 29-ից ապրիլի 13):
- Ֆրանսիական գրականության շաբաթվա շրջանակներում տեղի կունենան «Արդի հայ արձակը» և «Արդի հայ պոեզիան» ֆրանսերեն ժողովածուների շնորհանդեսները:
Միամսյակը կեզրափակվի ապրիլի 13-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «French-Bazar» փառատոնային ծրագրով նախատեսված մանկական մյուզիքլով ու համերգով:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ակտիվորեն համագործակցում է 2009 թ.-ից և մշտապես մասնակցում վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին թե Հայաստանում, թե արտերկրում: Այդ են վկայում 2009-2011 թթ. Հայաստանում անցկացված ֆրանկոֆոնիայի միջոցառումները (Հայաստանի պետական կոլեկտիվների ելույթներ, հեքիաթասացի օրեր, հանրաճանաչ երգիչ Գարուի մենահամերգ), ինչպես նաև հայաստանյան պատվիրակության մասնակցությունը Բեյրութում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել