
Հայաստանի ներքին պարտքն ավելի արագ է աճում, քան արտաքին պարտքը
Այս տարվա մայիսի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 7 մլրդ 433 մլն դոլար։
Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տրամադրած ցուցանիշները, միայն մայիսի ընթացքում Հայաստանի համախառն պետական պարտքն աճել է 27 մլն դոլարով կամ 0.4 %-ով։ Իսկ տարեսկզբից (2019թ. դեկտեմբերի 31-ի համեմատ) այն աճել է 109 մլն դոլարով կամ 1.5 %-ով։
Հայաստանի ընդհանուր պետական պարտքի մոտ 77 %-ն այս պահին արտաքին պարտքն է։ Մայիսի վերջի դրությամբ այն կազմել է 5 մլրդ 717 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ կրճատվել է 70 մլն դոլարով կամ 1.2 %-ով, իսկ միայն մայիսի ընթացքում այն ավելացել է մոտ 14 մլն դոլարով կամ 0.2 %-ով։
Ավելի արագ տեմպերով է աճում ներքին պետական պարտքը։ Մայիսի վերջի դրությամբ այն կազմել է 1 մլրդ 716 մլն դոլար։ Տարեսկզբից ներքին պարտքն ավելացել է մոտ 180 մլն դոլարով կամ 11.7 %-ով։ Իսկ միայն մայիսի ընթացքում ներքին պարտքն աճել է 13 մլն դոլարով կամ 0.8 %-ով։
Մեկնաբանել