
Նալբանդյան փողոցում, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, հավաք կազմակերպելու և անցկացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու, նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով սոցիալական հեռավորություն պահպանելու և հավաքը դադարեցնելու՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն:
Միաժամանակ ՔԿ-ն հորդորում է արտակարգ դրության պայմաններում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց՝ պահպանելով օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված սահմանափակումները, որոնց չկատարումն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Մեկնաբանել