
26-ամյա երիտասարդը «Տելեգրամ» բջջային հավելվածով փորձել է թմրամիջոց վաճառել
Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի լույս 13-ի գիշերը Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները և անչափահասների գործերով ծառայողները վարչական շրջանում շրջիկ ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացել ու, մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկել Երևանի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի։
««Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել է ապակե և պլաստմասսե 15 տարա՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով, որոնց ընդհանուր քաշը գերազանցում էր 230 գրամը։ Բերման ենթարկվածի հայտնածով` տարաներում թմրամիջոց էր։
Հետագա միջոցառումներով Արաբկիրի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ բերման ենթարկվածը փորձել է «Տելեգրամ» բջջային հավելվածի միջոցով թմրամիջոց իրացնել տարբեր անձանց, ուստի մարիխուանայով լցված նմանատիպ տարաներ է թողել Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում։ Այդ տարաները ևս հայտնաբերվեցին։ Դրանց ընդհանուր քաշն էլ գերազանցում էր 100 գրամը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են»,-նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։ `
Մեկնաբանել