HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես ռեցիդիվիստ չէի, որ ինձ այդպես տային պոլին»․ Ռոման Ամոյանը վիրավորված է իր նկատմամբ ոստիկանական գործողություններից

Բաղրամյան պողոտայից այսօր բերման ենթարկված, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրինակի չեմպիոն, ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ամոյանը։ Վերջինս հայտնեց, որ ոստիկանությունում իրենից ցանկացել են բացատրություն վերցնել, հրաժարվել է բացատրություն տալուց։

Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ շենքի հարակից տարածքում բողոքի ակցիա էր։ Հավաքված անձանց մեջ  կային նաև մարզիկներ։ Նրանցից Ռոման Ամոյանին, ով ասում է, թե ԱԺ բակում էր՝ աջակցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ  Ծառուկյանին, բերման ենթարկեցին՝ ասֆալտին պառկեցնելով։ Երևանի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանը, տեսնելով Ամոյանի դիմադրությունն իրեն բերման ենթարկող ոստիկաններին, հրաման տվեց նրան պառկեցնել ասֆալտին, ապա ձեռնաշղթաներ հագցնել։ Նա նաև ասաց, որ Ամոյանի նկատմամբ վարչական ձերբակալում է իրականացվում՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար։

Մեր հարցին՝ ոստիկաններն ինչպե՞ս են բացատրել իրեն բերման ենթարկելու հանգամանքը, եթե, փաստացի, վարչական իրավախախտում չի կատարել, Ամոյանը պատասխանեց, թե հավանաբար իր միջոցով փորձել են վախեցնել այլ անձանց։

«Ես չեմ հասկանում իրենց մոտեցումը, մեկնաբանությունները թողնում եմ ժողովրդին։ Ես կանգնած էի իմ տեղը, գալիս, կոպիտ մոտենում են, ես հարց եմ ուզում ուղղել իրենց, ասում են՝ դու բան չունես խոսելու։ Ես «պադեզդի շարքային խուլիգան» չեմ, որ ինձ հետ այդպես խոսեն։ Եթե այդ հարգանքը չկա մեր ղեկավարության կողմից, ի՞նչ ասեմ։ Հարգանքը կորել է, ո՞վ ում է հարգում։ Ես մարզիկ եմ, կարող էին նորմալ մոտենալ, ասել՝ այսպիսի վիճակ է, ես հո խուլիգան չէ՞ի, որ իրենց ասածին հակառակվեի, բայց երբ գալիս, թևիցս բռնում, ոլորում, գցում են գետնին, դա անելու բան չէ։ Ես կարող եմ միայն ասել՝ ափսոս, որ մենք խաբվեցինք»,- ասաց Ամոյանն ու հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ իրենք դեմ են բռնությանը։ Ամոյանն ասում է՝ բռնությանը դեմ իշխանությունն այսօր անհարկի բռնություն է կիրառում այն մարդու նկատմամբ, ով երկրին մեծ ճանաչում է բերել։

«Բայց իրենց համար դա կարևոր չէ։ Ես այդ ճանաչումը ոչ մի վարչապետի, ոչ մի նախագահի համար չեմ բերել, այլ մեր երկրի, երկրի դրոշը բարձրացնելով եմ բերել»,- ասաց Ռոման Ամոյանը։

Վերջինս նշեց, որ ոստիկանությունը պետք է հրապարակավ ներողություն խնդրի իր նկատմամբ գործողությունների համար։

«Ես ռեցիդիվիստ չէի, որ ինձ այդպես տային պոլին։ Ես վիրավորված եմ, որովհետև մենք խայտառակ եղանք։ Իմ ընկերներով, միջազգային ֆեդերացիայով արձագանք է ստացել այս միջադեպը։ Եթե մեր երկրի ղեկավարությունն այս ամենի մասին չի մտածում, ուրեմն իր պաշտոնի մասին է մտածում։ Ես այլ բան չեմ կարող եզրակացնել»,- ասաց Ռոման Ամոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter