
Լուվրից մինչև Էրեբունի. թանգարանների եվրոպական գիշեր
Թանգարանների միջազգային օրվա առթիվ ԻԿՕՄ-ի կողմից առաջարկվող «Թանգարանը և հիշողությունը» կարգախոսին ընդառաջ` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կմիանա 2011թ. մայիսի 14-ին` «Առաջին Էրեբունի-Երևանը. Ռետրոսպեկտիվ» միջոցառմամբ:
Արգելոց-թանգարանն իր տոնը կնշի այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են` Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի ազգային գրադարանը, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը, «Ֆոտոլուր» գործակալությունը, Հայաստանի ակադեմիական երգչախումբը: Միջոցառմանը, ինչպես նշվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածած տեղեկատվության մեջ, աջակցել են «Նուշիկյան ասոցիացիան» և «Մեղեդի» սրճարանը:
Միջոցառման նպատակն է արգելոց-թանգարանի գիշերային այցելուներին հիշեցնել 1968-ի հոկտեմբերյան Երևանի տոնական շունչը, ինչպես նաև հազարամյակների խորքից եկող Երևանի ուղերձը. լինել հնամենի քաղաքի բնակիչ, ավելի հին հավերժական քաղաք Հռոմից, չի նշանակում միայն ապրել այդ քաղաքում: Դա նշանակում է նաև լինել սեփական քաղաքի պատմության մեկնաբանը և այդ պատմության կերտման նորօրյա մասնակիցը :
Այցելուներին կներկայացնի «Նվերներ 1-ին Էրեբունի-Երևանին» ցուցահանդեսը և էլեկտրոնային ցուցադրություն` խարսխված արխիվային փաստաթղթերի, լուսանկարների, պարբերական մամուլի նյութերի և հուշագրությունների վրա: Միջոցառումը կնշանավորվի Հայստանի ակադեմիական երգչախմբի ելույթով, որը կբացվի Երևանի օրհներգով: Երեկոն կավարտվի Երևանի 1-ին տոնի կազմակերպիչների հուշերի ներկայացմամբ և 1968-ին նկարահանված հեռուստատեսային ֆիլմի ցուցադրմամբ:
«Թանգարանների եվրոպական գիշեր» նախաձեռնությունն իրականացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով` ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի, իսկ այս տարի` նաև ԻԿՕՄ-ի բարձր հովանու ներքո: Նախագծի եվրոպական համակարգումն իրականացնում է նախարարության Ժառանգության վարչությունը:
Մշտապես նորանոր հաջողություններ գրանցող նախաձեռնության արդեն 7-րդ թողարկումն այս տարվա մայիսի 14-ին է` ընդառաջ Թանգարանների միջազգային օրվան:
Վիճակագրական տվյալներն առավել քան տպավորիչ են. միայն անցյալ տարի 40 երկրների 3000 թանգարաններ դարձել են այդ անակնկալներով լի գիշերվա մասնակիցը: Նախաձեռնության հայրենիքում` Ֆրանսիայում, 2 մլն-ից ավելի այցելուներ են անցել թանգարաններով` հաղորդակից դառնալով արվեստի, գիտության ու տեխնիկայի, ժողովրդական արհեստների և ավանդույթների հարուստ թանգարանային հավաքածուներին:
«Թանգարանների գիշերը» համախմբում է եվրոպական հասարկությանը և օգնում է կառուցել մշակույթի Եվրոպա:
Նախաձեռնության վերընթացը պահպանելու նպատակով ստեղծվել և այս տարեսկզբից գործում է նաև հատուկ ինտերնետ-պորտալ` հագեցած բազմաթիվ մուլտիմեդիա բովանդակություններով. www.nuitdesmusees.culture.fr-ն:
Այն իրապես խաչմերուկ է բոլոր մասնակից թանգարանների համար: Կայքը բացվում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտտերանի խոսքով, որում մասնավորապես ասվում. «... այդ գիշեր թանգարանները դառնում են անսպասելի իրադարձությունների ու թատերական հանդիպումների վայրեր. ժառանգության պահապանները, դերասանները, դասավանդողները, արվեստի պատմաբանները, երաժիշտները, պարուսույցները, անգամ տիեզերական տարածության մասնագետներն անում են ամեն ինչ` թանգարանների առօրյան այդ գիշեր այլակերպելու համար»:
Հայտարարելով ազատ և անվճար մուտք` մասնակից-թանգարանները մի կողմից համալրում են իրենց այցելուների բանակը, մասնավորապես գիշերասեր երիտասարդներով, մյուս կողմից` այցելուների մեծ հոսքը, զանգվածային լրատվամիջոցների արձագանքը, թանգարանային պրոֆեսիոնալների ոգևորությունը վերածվում է տոնի` նպաստելով նոր կապերի ստեղծմանը, շաղկապելով եվրոպական թանգարաններին և հասարկությանը:
Այս տարվա նորույթներից է Գիշերվա պաշտոնական կայքի «Մուլտիմեդիա» բաժնում մեկնարկած «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» ինտերակտիվ ցուցահանդեսը, որի մասնակցում են Եվրոպայի 52 թանգարաններ` յուրաքանչյուրը ներկայացնելով 1 ցուցանմուշ` իր թանգարանային հավաքածուից. հիրավի ժամանակակից և արդյունավետ միջոց` համացանցի միլիոնավոր այցելուների քո թանգարանը ներկայացնելու համար:
Փարիզի, Մարսելի, Թուլուզի, Մադրիդի, Վարշավայի, Պերմի, Մոսկվայի մեծ ու փոքր թանգարանների կողքին այդ ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է միայն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը. «Նժույգը որսից հետո» որմնանկարը ցուցադրության 27-րդ պատկերն է ` «Ուրատուի ձիերը» բացատրագրի ներքո:
Մայիսի 14-ին, այս տարի արդեն 3-րդ անգամ, ժամը 20:00-24:00-ի ընթացքում հանրությանը կյուընկալի նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը` ներկայացնելով արվեստի գործերի սեփական հավաքածուն: Շուրջ 500 արվեստի գործերից բաղկացած հավաքածուն համարվում է ՄԱԿ-ի տնօրինության տակ գտնվող ամենից նշանակալից գեղարվեստական ժառանգությունը. Պիկասսոյի «Իկարիայի ջրվեժը» կտավը, Միրոյի «Արևը» խճանակարը, ճապոնացի քանդակագործ Սատոյի «Ճտքավոր կոշիկներով երիտասարդ աղջիկը» բրոնզե քանդակը, Ճապոնացի քանդակագործ Իսամու Նոգուշիի «Խաղաղության շատրվանը» գրանիտե քանդակը և այսպես աշխարհի շուրջ 150 երկրներից որպես նվիրատվություններ ստացված, ինչպես նաև ձեռք բերված արվեստի անկրկնելի գործերին հաղորդակից կդառնան ֆրանսիացիներն ու Փարիզի զբոսաշրջիկները:
Մայիսի 14-ի աշխատանքային օրն աշխարհահռչակ Լուվրի թանգարանը կավարտի բացօթյա միջոցառմամբ` Լուվրի քառակուսի բակում, որտեղ այցելուները ժամը 20:30-ից կունկնդրեն ժամանակակից ստեղծագործող երաժիշտ Ակի Օնդայի բաց դասը` հնչյունային ձայնագրությունների պատմության վերաբերյալ:
Սանկտ Պետերբուրգի Հրետանու թանգարանը գիշերային այցելուների համար կկազմակերպի այսպես կոչված «պատմական ճամբարներ»` վերստեղծելով դրվագներ պատմական ճակատամարտերից:
Հնագիտական ժառանգությամբ հետաքրքրվող այցելուներին կհյուրընկալեն Եվրոպայի բազմաթիվ հնագիտական թանգարաններ և արգելոց-թանգարաններ. Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի նշանավոր հնագիտական թանգարաններում տեղի կունենան շուրջ 70 միջոցառումներ` այդ թվում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում:
Մեկնաբանել