
Հայաստանի Օրհուս կենտրոնները միանում են Մաշտոցի այգու նստացույցի մասնակիցների արդարադատության մատչելիության պահանջին
Ինչպես արդեն նշել էինք Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողների` ՀՀ նախագահին, վարչապետին, քաղաքաշինության նախարարին ու Երևանի քաղաքապետին ուղղված 2012 թ. փետրվարի 24-ի բաց նամակում, կրկին փաստում ենք, որ Երևանի Մաշտոցի այգում տաղավարներ տեղադրելու որոշումը կայացվել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ հողային օրենսգրքի, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ու գոտիավորման նախագծի պահանջների խախտումներով:
Ավելին, քաղաքաշինական գործունեությունը սկսվել է առանց կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին Երևանի հասարակությանը իրազեկելու, ինչով քաղաքապետարանը խախտել է քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի հրապարակման ու հասարակական քննարկման կարգը (ՀՀ կառավարության 28.10.1998թ. թիվ 660 որոշում), Օրհուսի համաձայնագիրը և մի շարք այլ իրավական ակտերի պահանջներ:
Ողջունում ենք Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցների հանրային շահի պաշտպանությանն ուղղված խաղաղ գործողությունները:
Հիշեցնում ենք, որ Օրհուսի համաձայնագրի երրորդ հիմնարար սկզբունքի համաձայն հասարակության տեղեկացված լինելու և որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքների խախտման դեպքում, հասարակության համար պետք է ապահովվի արդարադատըության մատչելիություն: Եթե այս առումով մեր օրենսդրության մեջ կան թերություններ կամ բացթողումներ, որոնք ՀՀ դատական ատյաններին հնարավորություն են տալիս վարույթ չընդունել և քննության չառնել հանրային շահերի պաշտպանության համար քաղաքացիների կամ հասարակական կազմակերպությունների ներկայացրաց հայցերը, ապա համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում, համատեղ մասնակցային սկզբունքով, վերանայել օրենսդրության համապատասխան դրույթները և Օրհուսի համաձայնագրի պահանջով արդարադատության մատչելիություն ընձեռել այս դեպքում՝ Մաշտոցի պուրակը որպես հանրային սեփականություն դիտարկող և իր իրավունքները ոտնահարված համարող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:
Այդ դեպքում հասարակությունը զրկված չի լինի իր իրավունքների դատական պաշտպանությունից և ստիպված չի լինի ձեռնարկել հանրային իրավունքների ինքնապաշտպանության միջոցներ, ինչի մասին Մաշտոցի պուրակի նստացույցի մասնակիցները նշել էին իրենց հայտարարության մեջ և կազմակերպել քաղաքացիական դատավարություն:
Համաձայնելով «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության և «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ՀՀ վարչապետին ուղղված նամակի բովանդակության հետ՝ արդարացի ենք համարում կառավարության ս. թ. մարտի 15-ի նիստի օրակարգից կրպակների եռամյա ժամկետում ապամոնտաժելու մասին կետը հանելու և անհապաղ ապամոնտաժելու դրույթ ամրագրելու նրանց պահանջը:
Հայաստանի Օրհուս կենտրոնների համակարգողներ
Մեկնաբանել