HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

2020թ. հունվար-ապրիլին Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը 68.7%-ով նվազել է

2020 թվականի հունվարից սկսած՝ Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները նվազում են։ 

2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 8 մլն դոլարի մարդասիրական օգնություն։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ մարդասիրական օգնության վերաբերյալ ամենաթարմ տվյալները։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն նվազել է 17.8 մլն դոլարով կամ 68.7%-ով։

Հատկանշական է, որ մարդասիրական օգնության ծավալները սկսել են նվազել հենց հունվարից։ Վիճակագրական կոմիտեի ընդհանրական տվյալների հիման վրա՝ «Հետքն» առանձնացրել է օգնության ծավալներն՝ ըստ ամիսների։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ այս տարի առավել մեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացվել ապրիլին՝ մոտ 3.3 մլն դոլար, որը սակայն 4.3 անգամ զիջում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։

Այս տարի էականորեն կրճատվել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքի ստացումը մարդասիրական օգնության տեսքով։ Այստեղ սովորաբար մեծ կշիռ է ունենում դեղորայքը։

Նշված տողով Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալն այս տարվա առաջին չորս ամիսներին կազմել է 5.2 մլն դոլար՝ նախորդ տարվա 16 մլն դոլարի դիմաց։ Այսինքն՝ այն եռակի կրճատվել է, որը մեծ ազդեցություն է ունեցել մարդասիրական օգնության ընդհանուր ծավալի նվազման վրա։

2019 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանը 7.6 մլն դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ է ստացել որպես մարդասիրական օգնություն։ Այս տարվա նույն ժամանակաշրջանում այն կազմել է ընդամենը 108 հազար դոլար։ Սա ևս մեծ ազդեցություն է ունեցել ընդհանուր ցուցանիշի անկման վրա։

Փոխարենը որոշակի աճ կա մանածագործական իրերի գծով։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանը մարդասիրական օգնության տեսքով ստացել է 1.2 մլն դոլարի մանածագործական իրեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.4 անգամ կամ 843 հազ. դոլարով։

Մնացած ապրանքների գծով ստացված մարդասիրական օգնության ծավալները ընդհանուր ցուցանիշում փոքր տեսակարար կշիռ ունեն և էական փոփոխություններ չեն գրանցել։

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանը մարդասիրական օգնության է ստացել մեծ մասամբ Եվրամիության երկրներից, հիմնականում՝ Իտալիայից ու Գերմանիայից, ինչպես նաև այլ երկրներից (ոչ ԵՄ անդամ)՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Չինաստանից, Շվեյցարիայից և այլն։

Ընդհանուր առմամբ, եթե ամբողջացնենք, ապա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված մարդասիրական օգնության ծավալների ընդամենը 0.1%-ն է՝ ԱՊՀ երկրներից, 49%-ը ԵՄ երկրներից է, մնացած 50.9%-ը՝ այլ երկրներից։

Ավելացել են Գերմանիայից, Իտալիայից ու Չինաստանից ստացված մարդասիրական օգնության ծավալները։ 2020 թվականի հունվար-ապրիլին Գերմանիայից Հայաստան է ուղարկվել 1.5 մլն դոլարի մարդասիրական օգնություն (աճը՝ 7.4%), Իտալայից՝ 1.9 մլն դոլարի (աճը՝ 3.2 անգամ), Չինաստանից՝ 640 հազ. դոլարի (աճը՝ 13.5%):

Միևնույն ժամանակ, զգալի նվազել է Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից ու Ճապոնիայից ներմուծված մարդասիրական օգնությունը։

Մասնավորապես, այս տարվա հունվար-ապրիլին Շվեյցարիայից ստացվել է 589 հազ. դոլարի օգնություն, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 93.9%-ով, Ճապոնիայից՝ 668 հազ. դոլարի (անկումը՝ 91.1%), Հնդկաստանից՝ 397 հազ. դոլարի (անկումը՝ 83.7%), ԱՄՆ-ից՝ 963 հազ. դոլարի (անկումը՝ 60.8%):

Նշենք, որ 2019 թվականին Հայաստանը ստացել է մոտ 111 մլն դոլարի մարդասիրական օգնություն, որը 2018 թվականի համեմատ աճել էր 22.9%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter