HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախում թրթուրները վնասել են մի շարք անտառային տարածքներ

«Տարազույգ մետաքսագործներ» կոչվող թրթուրները վնասել են Հադրութի, Ստեփանակերտի և Մարտակերտի շրջանների մի շարք անտառային տարածքներ։ Արցախի բնապահպանության կոմիտեի նախարարի տեղակալ Գարի Գրիգորյանի խոսքով՝ մայիսի 26-ի դրությամբ 641 հեկտար վարակված տարածք կա

«Մեզ պետք է ուղղաթիռ, որ կարողանանք վերևից մեծ տարածքով սրսկել անտառը։ Հիմա ծրագիր ենք պատրաստում, որ տեսնենք, թե քանի հեկտար անտառային տարածք է վնասվել։ Օրինակ՝ անցյալ տարի Քաշաթաղում 8-10 հազար հեկտար տարածքի վրա սրսկում է արվել։ Ընդհանրապես ամեն տարի նման բան լինում է, շատ քիչ, բայց լինում է։ Կախված եղանակային պայմաններից, եթե, օրինակ՝ երաշտ է, բարենպաստ պայման է ստեղծվում թրթուրների համար։ Մենք պետք է մոնիթորինգ անենք, տեսնենք վիճակը, որ հասկանանք պետք է սրսկել, թե չէ»,- ասաց Գարի Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հաջորդ տարվա ապրիլ-մայիս ամիսններին նախատեսվում է անտառների սրսկում։ 

«Արցախանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Արմավիր Գևորգյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշում է, որ թրթուրների պատճառած վնասի հետևանքով ծառերի տարեկան աճը կկրճատվի 50 %-ով։ Հադրութում ներկայիս դրությամբ 3 անտառներում կան վնասված տարածքներ։ Բնակիչները մտահոգված են, քանի որ թրթուրները բացի անտառային տարածքներ մտնելուց հայտնվել են նաև մշակովի այգիներում։ Այգիներում ավելի հեշտ է սրսկումներ անել, քանի որ ծառերն ավելի կարճ են։ 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի խոսքով՝ նախագահի հետ խորհրդակցություն է եղել, այս պահին ծրագիր է մշակվում, որպեսզի թրթուրների դեմ ավիացիոն պայքար իրականացվի, բայց պայքարի իրականացումը պետք է արվի վաղ գարնան՝ թրթուրների զարգացման, ձվադրման շրջանում։ Ըստ մասնագետների՝ այդ ժամանակահատվածն է արդյունավետ։ 

«Նախագահին ներկայացրին, որ մաքսիմում մինչև երկու շաբաթ այդ թրթուրների ակտիվ գործունեությունը դադարում է, կենսաբանական փոփոխություն է տեղի ունենում, իրենք դառնում են թիթեռ, թռնում, գնում են։ Այսինքն՝ այլևս չեն վնասելու մինչև հաջորդ տարի։ Վնասված անտառները բնական ճանապարհով կվերականգնվեն։ Խնդիրը հետևյալն է՝ թրթուրները ուտում են տերևները։ Այն հատվածները, որ առաջին փուլում կերել էին, արդեն այդտեղի ծառերը վերականգնվում են, բողբոջները կան։ Ծառերը հիմնականում վերականգնվում են, սակայն դա որևէ հիմք չի տալիս, որ թրթուրների դեմ չպետք է պայքարել, քանի որ այսպես թե այնպես դրանք ազդում են ծառերի աճի վրա, որովհետև բացի տերևները ուտելուց՝ որոշակի վնասակար ազդեցություն են թողնում, և այն ծառերը, որոնք համեմատաբար ավելի թույլ են, չորանում են, բայց թրթուրները հիմնականում անտառին մեծ վնաս չեն պատճառում»,- նշեց Վահրամ Պողոսյանը։ 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 15-ին աշխատանքային խորհրդակցություն է ունեցել թրթուրների պատճառած վնասների գնահատման և պայքարի միջոցների վերաբերյալ։ Նախագահը նշել է, որ ստեղծված իրավիճակը ոլորտի պատասխանատուների՝ ժամանակին թույլ տված թերացումների հետևանքն է, և բոլոր մեղավորներն օրենքի առաջ պատասխանատվություն են կրելու։

Նախագահը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ձևավորել մասնագիտական հանձնաժողով, ուսումնասիրել վնասի չափերը և հստակեցնել պայքարի միջոցների մշակման եղանակները։

Լուսանկարը՝ «Տումի Կարոտի հետքերով» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter