
Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում գաջ քսողից մինչև մենեջեր պրոֆեսիոնալիզմի տոտալ խնդիր կա»
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հիշեցրեց վերջին շրջանում տեղի ունեցած պաշտոնանկությունները, ինչպիսիք են զինված ուժերի շտաբի պետը, պետական եկամուտների կոմիտեի նախագահը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանապետը: Պատգամավորն ասաց, որ հանրության մոտ հարցեր են մնացել դրանց վերաբերյալ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց` ուժային կառույցների ղեկավարների պաշտոններից ազատման հաջորդ օրը պարետատան ասուլիսին անդրադարձել է այդ թեմային:
Խաչատրյանը հետաքրքրվեց, թե վարչապետն ինչպես է առաջնորդվում պաշտոնի նշանակելիս: Փաշինյանն արձագանքեց` շտաբի պետն իր ծառայությունների ու արժանիքների համար է նշանակվել, ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետի պաշտոնում կատարած աշխատանքի, ոստիկանապետը ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում շատ է քննարկվում կադրային քաղաքականության, պրոֆեսիոնալիզմի հարցերը:
«Ուզում եմ մի էսպիսի հռետորական հարց տամ` էդպես խոսողները համոզված են, որ տիրապետում են խնդիրներին: Մեծ մասին լսելով՝ մտածում եմ ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ խնդիրներ կան կառավարման համակարգում: Էդ պրոֆեսիոնալիզմը որոշվում է՝ պրոֆեսիոնալիզմի մասին բարձր խոսելո՞վ: Եթե 25 հարցազրույց ես տալիս պրոֆեսիոնալիզմի մասին, ուրեմն սուպեր պրոֆեսիսոնալ ես: Հայաստանում գաջ քսողից մինչև մենեջեր պրոֆեսիոնալիզմի տոտալ խնդիր կա, որովհետև կրթական համակարգը ավերակ է, երկար տարիներ կրթական համակարգ չի եկել»,- ասաց վարչապետը:
Մեկնաբանել