
Գագիկ Ծառուկյանը եկել է դատարան՝ մասնակցելու իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որտեղ այսօր պետք է տեղի ունենա նրան կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդության քննությունը:
Ծառուկյանը կարճատև խոսակցություն ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների հետ, ապա ներս մտավ, աջակիցները նրան ծափահարություններով ճանապարհեցին:
Նիստի մեկնարկից մեկ ժամ առաջ նրա աջակիցները սկսել են հավաքվել դատարանի հարակից տարածքում. ոստիկանները դատարանի բակ թույլատրում են միայն ԶԼՄ ներկայացեւցիչներին ու պատգամավորներին:
Նշենք, որ ոստիկանությունը պարբերաբար զգուշացնում է, որ արտակարգ դրության պայմաններում չի թույլատրվում հավաքը, և քաղաքացիներին հորդորում է հավաք չանցկացնել՝ միաժամանակ տեղյակ պահելով, որ հակառակ դեպքում նրանք կարող են բերման ենթարկվել: Այս պահի դրությամբ 12 անձ արդեն բերման է ենթարկվել:
Դատարանի դիմաց էր նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Վերջինս քաղաքական հետապնդում որակեց Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցող գործընթացները:
Դատարանի բակում էր նաև ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:
Մեկնաբանել