HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է կրճատել կառուցապատման հիմնական փուլերի վարչարարությունը

Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է կարգավորել կառուցապատման հիմնական փուլերում (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) առկա խնդիրները՝ ստեղծելով թափանցիկ գործելու միջավայր. էլեկտրոնային մեկ պատուհան։

Ըստ կոմիտեի՝ մեկ պատուհանի գործարկումը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից՝ առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կրճատել կառուցապատողների շփումները պետական մարմինների հետ, խնայել ժամանակ:

«Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան»,- հայտնել է Քաղաքաշինության կոմիտեն:

Նման նախագիծ է Քաղաքաշինության կոմիտեն քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։

Ըստ առաջարկվող նոր ընթացակարգի՝ կառուցապատողն ավարտական ակտի հանձնաժողով ձևավորելու նպատակով կդիմի համայնքի ղեկավարին, ով կձևավորի ընդունող հանձնաժողով, և փաստագրումը կիրականացվի մեկ այցելությամբ՝ բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ավարտական ակտը հաստատվելուց հետո համայնքի ղեկավարն այն անմիջապես կներկայացնի Կադաստրի կոմիտե՝ անշարժ գույքի հաշվառման համար, իսկ կից ներկայացված փաստաթղթերը հիմք կհանդիսանան հետագայում պետական գրանցման համար՝ առանց կառուցապատողի կողմից վերջինիս քաղաքաշինական փաստաթղթեր ներկայացնելու։

Նշենք, որ այժմ ավարտված շինարարական օբյեկտի՝ հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջների համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով: Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված յուրաքանչյուր անձին կառուցապատողը պետք է դիմի ինքնուրույն՝ այդ թվում՝ իրավասու մարմնին։

Ավարտական ակտ ձևակերպելու համար կառուցապատողը պետք է դիմի իրավասու մարմին` ներկայացնելով նաև ընդունող հանձնաժողովի ակտը, ինչպես նաև ավարտական ակտը տրվում է կառուցապատողին, ով իր հերթին կամայական մոտեցում է ցուցաբերում կառուցված շինության պետական գրանցման ներկայացնելուն։

Իսկ տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ կմուտքագրվեն բոլոր դիմումները, դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ (հզորություն/կամ համարժեքը և միացման կետ)։

Նշենք, որ այժմ ճարտարապետահատակագծային առաջադրանքը ստանալուց հետո, կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ («Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ներ)՝  տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու համար։

Իսկ նախագծերի համաձայնեցման գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային համակարգով՝ երկու փուլով։

Նախագծման սկզբնական փուլում էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ համաձայնեցվելու է կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագիծը։ Նախագիծը համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար կներկայացվի ամբողջական կազմով՝ ներառյալ արտաքին ինժեներական գծերի անցկացման բաժինները։ Իսկ բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվի e-permits համակարգի միջոցով, կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները, դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն՝ առցանց նույնականացնելու համար։

Քաղաքաշինության կոմիտեի հաղորդմամբ՝ դեռևս 2016-2017 թվականներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային e-permits համակարգը։ Սակայն դրա ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները պրակտիկորեն չեն օգտագործվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

«Հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով»,- քննարկվող նախագծում նշել է Քաղաքաշինության կոմիտեն։

Քաղաքաշինության կոմիտեն այս նախագծի ընդունման արդյունքում ակնկալում է առաջին հերթին թեթևացնել, այլ երկրների համեմատությամբ, առկա վարչարարական և ֆինանսական բեռը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter