HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

Բարձրագույն դատական խորհրդում քիչ առաջ սկսվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավոր Ազարյանին աջակցելու համար ԲԴԽ են եկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորներ Դավիթ Հարությունյանը, Արման Հովհաննիսյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը, մի խումբ փաստաբաններ, որոնց թվում Միհրան Պողոսյանը, Էրիկ Ալեքսանյանը, Գոռ Միքայելյանը, Սամվել Ջաղինյանը, Վահե Մակյանը, Զորայր Հարությունյանը, Հակոբ Ենոքյանը, Կրոմվել Գրիգորյանը, Գոռ Միքայելյանը, Միքայել Շխիմյանը, Ժիրայր Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը:

Դատական նիստին մասնակցում է նաև Արդարադստության նախարար Ռուդտամ Բադասյանը, ներկայացել է նաև դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ իր ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:

Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը ինքնաբացարկ հայտնեց: Դատավորը նշեց, որ ինքը ընկերական հարաբերություններ ունի Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ, և որպես առաջին ատյանի դատարանի դատավոր բազմաթիվ գործերով ինքնաբացարկ է հայտնել, երբ դրանցում որպես պաշտպան ներգրավված է եղել Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ ինքնաբացարկի հիմքեր չկան: Վերջինս թեև հաստատեց, որ Մակյանը իր մասնակցությամբ մի շարք գործերով ինքնաբացարկ է հայտնել, բայց այդ գործերով նա հանդես է եկել որպես միանձնյա դատավոր, իսկ այս դեպքում խորհրդի կազմով է քննվում կարգապահական գործը: Խորհրդակցական սենյակ հեռանալով՝ ԲԴԽ-ն որոշեց մերժել Մեսրոպ Մակյանի միջնորդությունը: Այսպիսով, նա մասնակցում է նիստին:

Ինքնաբացարկ հայտնեց նաև ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ ԲԴԽ-ն այժմ քննում է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նմանատիպ գործ, բացի այդ՝ ինքը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ ունի ընկերական հարաբերություններ: Հայկ Հովհաննիսյանը նշեց, որ թեև ինքը կարծում է, որ կարող է դատավոր Ազարյանի գործով լինել անաչառ, սակայն անկողմնակալ դիտորդի մոտ կարող են սուբյեկտիվ կասկածներ առաջանալ իր անաչառության վերաբերյալ: ԲԴԽ-ն, սակայն, այս միջնորդությունը ևս մերժեց, և Հայկ Հովհաննիսյանը նույնպես կմասնակցի նիստին:

Հիշեցնենք, որ Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ԲԴԽ դիմել է Արդարադատության նախարարությունը՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա:

Դիմումի առիթը «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատավոր Ալեքսանդր Ազարյանի արած արտահայտությունն է Սասուն Խաչատրյանի վերաբերյալ:

Մանրամասները՝ ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter