HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղակերտում կաղամբ մշակողները վնասներ են կրում

Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքում կաղամբ մշակողները չեն կարողանում իրացնել բերքը: Գյուղացիները մեծ վնասներ են կրում, փոխարենը ստանում են միայն մխիթարական խոսքեր: 

Լյուդվիկ Ավետիսյանը 5000 քմ կաղամբի դաշտ ունի: Գարնան սկզբին արդեն պլանավորել էր եկամոuտները և մեծ ոգևորությամբ մշակել հողատարածքը: Ակնկալում էր ստանալ 35-40 տոննա բերք: Ակնկալած բերքի մասով հույսերը շատ, թե քիչ արդարացել են, սակայն ունի բերքն իրացնելու լուրջ դժվարություններ: 

Լյուդվիկը պատմեց, որ դաշտից դեռ 1 կգ կաղամբ չի քաղել: Սակայն, այժմ հաշվում է կատարած ծախսերն ու չստացված եկամուտները:

Պատմեց, որ մոտ մեկ միլիոն դրամի արդեն ծախս է կատարել: Մասնավորապես, 100 գրամ կշռող կաղամբի սերմի տուփը 18.000 դրամով է գնել՝ մոտ 20 տուփ: 18 պարկ «Կարբամիտ» տեսակի պարարտանյութով է սնուցել բույսը, որի մեկ պարկի արժեքը 8-9 հազար դրամ է: Դրան էլ ավելացել է հողի, ջրի վարձերը, վար ու ցանքի, թունաքիմիկատների գումարները:

Լյուդվիկն ասում է, որ շուկայում կաղամբի կիլոգրամի համար գյուղացուն վճարում են 20 դրամ, ինչը ձեռնտու չէ: Այդ գնով շուկա հասցնելու համար նույնիսկ վնաս են կրելու: 

«Չեմ ասում 200-300 դրամով վաճառենք, որ միանգամից հարստանանք, բայց գոնե 40-50 դրամ լինի, որ կարողանամ դաշտս լրիվ մաքրել: Որ տանեմ շուկայում հանձնեմ, ինձնից կիլոգրամը 20 դրամով են գնելու: Տեսեք, պարզ հաշվարկ է: Ասենք, թե մեկ տոննա քաղեցի, տարա շուկա վաճառեցի 20 դրամով, 20.000 դրամ գումար է անում: Դրանից հանում եմ բանվորի գումարը, որի օրավարձը 6000 դրամ է, առնվազն երկու բանվոր պիտի ունենամ, ավտոմեքենա պիտի վարձեմ, որ շուկա հասցնեմ, տակը ոչ մի բան չի մնում, հլա կարող ա մի բան էլ տուժեմ: Բայց մեկ օրվա ընթացքում 1 տոննա վաճառելն էլ հարց է՝ կլինի, թե ոչ: Կարող ա 2-3 օր դրա համար գնամ շուկա ու գամ»,- ասում է Լ. Ավետիսյանը:

Ինչպես Լյուդվիկը, այնպես էլ շատ գյուղացիներ վաղ գարնանը կաղամբ են ցանել՝ մտածելով, որ նախորդ տարվա նման բեռնատարները կգան գյուղ և բերքը հարմար գներով կարտահանեն: Սակայն, նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ճանապարհները փակվեցին ու իրենք կանգնել են փաստի առաջ:

«Անցյալ տարի ֆուռերը գալիս էին գյուղ, տանում էին 120-150 դրամով: Պարզ է, որ իրենց ուզած որակի ապրանք էին տանում, բայց դե գոնե տանում էին, ապրանքը քչանում էր, տեղում էլ կարողանում էինք մնացածը գոնե 80-100 դրամով վաճառել: Բայց այս տարի ոչ մի տանող չկա, կաղամբը լճացել, մնացել է»,- հավելում է Լյուդվիկը:

Պատմեց, որ ամենաշատը կաղամբը կարող է դաշտում պահել 10 օր, եթե այդ ընթացքում չկարողանա վաճառել, ստիպված է լինելու քաղել, թափել:

Լյուդվիկը պատրաստ է կաղամբը 25-30 դրամով վաճառել բանակին, եթե գան իր հողամասից տանեն, մենակ, թե կարողանա դաշտը մաքրել, որպեսի մտածի այլ մշակաբույս ցանելու մասին: 

«Ամբողջ օրը աշխատում ենք, չարչարվում, բայց որ կարողանում ենք բերքն իրացնել, հոգնածություն չենք զգում, հանգիստ տուն ենք գնում: Հիմա չենք կարողանում վաճառել, հոգնածությունս ավելի շատ եմ զգում, արդեն հիասթափվել եմ: Գյուղացի ենք, պիտի աշխատենք, մեր գործն էլ սա է, չենք դժգոհում, բայց իրացման հարցը մեզ տապալում է, ուրիշ բան չկա: Գոնե մի տեղ լիներ, տանեինք բիրիք հանձնեինք, պրծնեինք, սա ինչ վիճակ ա»,- հավելում է Լյուդվիկը:

Նա անդրադարձավ այն խոսակցություններին, թե գյուղացին «ալարում» է բերքը տանել Երևան և անձամբ վաճառել, որը ավելի էժան կլինի, քան վերավաճառողների առաջարկը: Բացատրեց, որ Երևանի վերավաճառողները գյուղացուց գնում են, օրինակ՝ 50 կիլոգրամ կաղամբ, 100 կգ կարտոֆիլ և այլն, ուստի այդ քանակի ապրանքը ոչ միայն հեշտ է վաճառել, այլև կարողանում են թանկ վաճառել: Մինչդեռ, ինքը չի կարող 35 տոննա կաղամբը բերել քաղաք ու վաճառել: Ասում է՝ շատ-շատ կարողանա օրը 100 կգ վաճառել, որը դարձյալ վնաս է լինելու իր համար:

«Եթե ես իմ կաղամբը ամեն օր բերեմ Երևան և օրը 80-100 կգ վաճառեմ, մեկ ամիս պիտի տանը, հողիս վրա գործ չանեմ: Տեսեք, ամեն օր պիտի ավտոմեքենա վարձեմ, որ բերեմ քաղաք: Եկամուտս ի՞նչ պիտի լինի, որ ես կարողանամ ապրեմ, ծախսերս հանեմ ու վարկ փակեմ»,- ասում է Լյուդվիկ Ավետիսյանը:

Լյուդվիկն էլ շատ գյուղացիների նման վարկով է հողը մշակել: Միայն 3 մլն դրամ «Ակբա կրեդիդ ագրիկոլ բանկ»-ի վարկն է: Այժ չի կարողանում օգտվել անտոկոս գյուղատնտեսական վարկերից հենց ունեցած վարկերի պատճառով: «Չեն տալիս, ասում են արդեն վարկ ունես»,- ավելացնում է Լյուդվիկը:

Գեղակերտ համայնքի ղեկավար Ցոլակ Հակոբյանը ևս փաստեց, որ գյուղում կաղամբ մշակողները հայտնվել են անելանելի վիճակում և մեծ վնասներ են կրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter