HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի հարցով ԲԴԽ նիստին ներկա էին դատավորներ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր քննում էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։

Դատավոր Ազարյանը նիստից մոտ 20 րոպե առաջ արդեն ԲԴԽ շենքի մոտ էր։ Այստեղ չէր դադարում նաև փաստաբանների հոսքը, որոնք եկել էին՝ աջակցելու դատավորին։ Փաստաբանների շարքում էին Երվանդ Վարոսյանը, Ռուբեն Մելիքյանը,  Միհրան Պողոսյանը, Էրիկ Ալեքսանյանը, Գոռ Միքայելյանը, Սամվել Ջաղինյանը, Վահե Մակյանը, Զորայր Հարությունյանը, Հակոբ Ենոքյանը, Կրոմվել Գրիգորյանը, Գոռ Միքայելյանը, Միքայել Շխիմյանը, Ժիրայր Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը:

Նշենք, որ փաստաբանների շրջանում դատավոր Ազարյանը բարձր վարկանիշ ունի։ Helpcourt.am կայքում, որտեղ դատավորներին գնահատում են փաստաբանները, դատավոր Ազարյանն այս պահին էլ ամենաբարձր գնահատված դատավորն է։ Դատավոր Ազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելու մասին հայտնի դառնալուց հետո մի խումբ փաստաբաններ, իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի նախաձեռնությամբ ֆլեշմոբ էին սկսել։ Նրանց ֆեյսբուքյան էջերի գլխավոր նկարներն ուղեկցվում էին «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» գրությամբ։ Դա մոտ երկու ամիս առաջ էր։

Երեկ՝ ԲԴԽ-ի նիստից մեկ օր առաջ, փաստաբանները կրկին սկսեցին ֆլեշմոբը։ Ի դեպ, դրան միացել են նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Դատավոր Ազարյանին աջակցելու էին եկել դատավորներ՝ առաջին ատյանից ու Վերաքննիչ դատարանից

Դատավոր Արշակ Վարդանյանը նույնպես ԲԴԽ նիստի սկսվելուց մոտ 20 րոպե առաջ ԲԴԽ շենքի դիմաց էր։ «Հետք»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր կոլեգան և ընկերն է, եկել է՝ նրան բարոյական աջակցություն ցուցաբերելու։

«Կարծում եմ՝ Ազարյանն այն անձնավորությունն է, որ նման ցանկություն հայտնողները շատ են լինելու, ես միայնակ չեմ լինելու»,- ասաց Արշակ Վարդանյանը։

Վերջինս չխոսեց  կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի մասին՝ նշելով, որ չի ցանկանում մտնել մի դաշտ, որն իր լիազորությունների շրջանակում չէ։ Վարդանյանը կարծիք հայտնեց, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի անձը, դատական համակարգում ունեցած հեղինակությունը հաշվի առնելով՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը շատ մանրամասն քննության առարկա կդառնա։

Մեր հարցին՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստին գալով՝  Արշակ Վարդանյանը միտում չի՞ ունեցել ԲԴԽ անդամներին ցույց տալու, որ դատավորները կանգնած են Ալեքսանդր Ազարյանի կողքին, Վարդանյանը պատասխանեց․

«Հնարավոր է նաև այդ հոգեբանական գործոնն աշխատի, բայց չեմ կարծում, որ դա շատ կաշկանդի։ Բոլոր դեպքերում մենք  առաջին հերթին մարդ ենք նոր դատավոր»,- ասաց Արշակ Վարդանյանը։

Դատավորի կանխատեսումն այն մասին, որ Ազարյանին այլ դատավորներ ևս աջակցելու ցանկություն կունենան, շուտով իրականացավ․ ԲԴԽ եկան նաև դատավորներ, Մխիթար Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը։

Արման Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկանում է մասնակցել ԲԴԽ նիստին՝ իր գործընկերոջն ու ավագ ընկերոջն աջակցելու, հոգեպես և բարոյապես նրա կողքին լինելու համար։ Հովհաննիսյանը նշեց, որ իրեն նաև հետաքրքիր է այս դատական պրոցեսը։

Արման Հովհաննիսյանին լրագրողները հարց ուղղեցին նաև «Ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» ֆլեշմոբին մասնակցելու վերաբերյալ։ Հովհաննիսյանը նշեց, որ «Ֆեյսբուք»_ի իր էջի գլխավոր նկարի վրա հայտնված արտահայտությամբ արդեն իսկ պարզ է ասելիքը։

«Թող ինչպես պարոն Ազարյանից, այնպես էլ նրա նման դատավորներից բոլորն իրենց ձեռքերը հեռու քաշեն»,- ասաց Արման Հովհաննիսյանը։ Նա վստահություն հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կփորձի օբյեկտիվ որոշում կայացնել։ Դատավորի խոսքից կարելի է եզրակացնել, որ «ձեռքերդ հեռու դատավոր Ազարյանից» արտահայտությունն ավելի շատ ուղղված է մինչև կարգապահական գործի՝ Բարձրագույն դատական խորհուրդ հասնելու գործընթացներին։

Դատավորը նշեց, որ թեև  ինքն ունի այդ գործընթացների վերաբերյալ իր կարծիքը, սակայն կոռեկտ չի համարում այժմ, երբ ԲԴԽ_ն քննում է դատավորի կարգապահական վարույթի հարցը, դրանց գնահատական տալ։

ԲԴԽ-ին միջնորդություն կներկայացվի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին որպես վկա հրավիրելու վերաբերյալ

Մինչ դատական նիստի մեկնարկը, դատավոր Ալեքսանդր Ազարյանն ու վերջինիս պաշտպան Տիգրան Աթանեսյանը ճեպազրույց ունեցան լրագրողների հետ։

Դատավոր Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ ինքը Բարձրագույն դատական խորհրդից օբյեկտիվ որոշման ակնկալիք ունի։

«Երևի համոզմունք ունեին, որ վարույթ են հարուցել, երևի թե ինչ-որ խախտում գտել են, մենք կփորձենք պաշտպանվել։ Գիտեմ, որ պաշտպանվելու տեղ և հիքմեր ունենք»,- ասաց Ալեքսանդր Ազարյանը։

Նշենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու տարի առաջ անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավորն է։ Լրագրողների հարցին՝ Ազարյանը ՀՔԾ պետի կողմից իր նկատմամբ տրամադրվածություն տեսնո՞ւմ է, Ազարյանը պատասխանեց․
«Կներեք, Հատուկ քննչական ծառայության պետն ո՞վ է, որ հատուկ վերաբերմունք ունենա իմ հանդեպ, կամ ես ինչո՞ւ պետք է կաշկանդված լինեմ իր հատուկ վերաբերմունքով»։

Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենք պատրաստվում են ԲԴԽ-ին միջնորդել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին այս գործով որպես վկա հրավիրել․ իրենք հարցեր ունեն, որոնք ցանկանում են տալ ՀՔԾ պետին։

Նշենք, որ դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական վարույթի հիմքում դրված են «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործի քննության ժամանակ կատարված որոշակի գործընթացներ, որոնց կանդրադառնանք ստորև։ Այդ պրոցեսին, սակայն ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անձամբ մասնակից չի եղել։ Տիգրան Աթանեսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են ցանկանում Սասուն Խաչատրյանին որպես վկա հարցաքննել, եթե նա անձամբ ներկա չի եղել դատական պրոցեսին։ Ի պատասխան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ ՀՔԾ  բոլոր քննիչները, դատավոր Ալեքսանդր Ազարյանի վարույթում քննվող գործերով նրան ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում, իրենք ՀՔԾ պետին մի շարք հարցեր ունեն դրա և այլ հանգամանքների վերաբերյալ։

ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի  ու Հայկ Հովհաննիսյանի ինքնաբացարկի միջնորդությունները

Քիչ անց Բարձրագույն դատական խորհրդի նիստը սկսվեց։ Փաստաբաններից ոմանք, որոնց թվում՝ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, Երվանդ Վարոսյանը, դրսից էին հետևում նիստին։ Փաստաբանների մի մասը, ինչպես նաև՝ դատավորներ Արման Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը եկան նիստերի դահլիճ։

Բարձրագույն դատական խորհուրդը լրագրողների և նիստի մասնակից չհանդիսացող այլ անձանց համար հատուկ սենյակ էր առանձնացրել, որտեղից հեռարձակվում էր նիստը, որտեղ համեմատաբար մեծ տարածություն կար՝ կորոնավիրուսի համավարակի  պայմաններում ֆիզիկական հեռավորություն պահպանելու համար։ Չնայած ԲԴԽ անդամների հորդորներին, որ նիստի մասնակից չհանդիսացող անձինք դրան հետևեն առանձնացված սենյակից՝ շատերն այդպես էլ չլքեցին դահլիճն, իսկ լրագրողները հայտնեցին, որ չեն կարող առանձնացված սենյակից աշխատել օպերատորների հետ։

Նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանն ինքնաբացարկ հայտնեց։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Տիգրան Աթանեսյանը հանդիսանում է իմ ընկերը, որի հետ դեռևս 1992 թվականից գտնվում եմ մտերիմ հարաբերությունների մեջ, երբ սովորել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նույն կուրսում, ավելին՝ այժմ հանդիսանում եմ նրա կրտսեր որդու՝ Աշոտ Աթանեսյանի կնքահայրը: Բացի այդ, նա հանդիսանում է ավագ եղբորս որդու՝ Վահե Մակյանի հարսանիքի քավորը, որը, նույնպես հանդիսանալով փաստաբան, Տիգրան Աթանեսյանի հետ աշխատում է նույն փաստաբանական գրասենյակում: Վերոգրյալ փաստերը հայտնի են իրավաբանական հանրության լայն շրջանակին»,- ասաց Մակյանը՝ նշելով, որ սա հաշվի առնելով՝ նախկինում իրեն մակագրված որոշ գործերով, որոնցում ներգրավված է եղել Աթանեսյանը, ինքը հայտնել է ինքնաբացարկ,  և այժմ էլ գտնում է, որ անկողմնակալ դիտորդի մոտ կարող են կասկածներ առաջանալ իր՝ այս գործով որպես ԲԴԽ անդամի անաչառության հարցում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիրքորոշում հայտնեց, որ կան ինքնաբացարկի հիմքեր, իսկ Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ  այսպիսի հիմքեր առկա չեն։

«Պարոն Մակյանն իմ մասնակցությամբ գործերով ինքնաբացարկ էր հայտնում, բայց դա վերաբերում էր առաջին ատյանի գործերի քննությանը, որոնք նա միանձնյա է քննում։ Չեմ կարծում՝ խորհրդի կազմում քննության դեպքում դա լուրջ դերակատարություն ունենա։ Բացի այդ, այս քննությունը չի վերաբերում իմ անձին, ես այստեղ ներկայացուցիչ եմ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը։

Դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հրապարակեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշում, այսինքն, ըստ ԲԴԽ-ի՝ դատավոր Մակյանը, չնայած իր կողմից մատնանշված հանգամանքներին՝ կարող է այս գործով հանդես գալ որպես անաչառ դատավոր։

Շուտով ինքնաբացարկ հայտնեց նաև ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ ուսումնասիրելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախարարի միջնորդությունը, պարզել է, որ, ըստ Արդարադատության նախարարի, դատավոր Ազարյանը թույլ է տվել արտահայտություններ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել քննչական ծառայության ներկայացուցչի և դատարանի նկատմամբ։

Հովհաննիսյանը նշեց, որ ԲԴԽ-ում առկա է իր վերաբերյալ կարգապահական գործ, որով իրեն ևս մեղադրում են վարքագծային խախտումներ թույլ տալու մեջ։ Ըստ ԲԴԽ-ում քննվող գործի՝ Հայկ Հովհաննիսյանի կողմից արված քաղաքական հայտարարությունները խախտում են Խորհրդի անդամների քաղաքական զսպվածության և չեզոքության պահանջը։

Նշենք, որ այս պահին  Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ հարուցված վարույթը կասեցված է. այդ գործով ԲԴԽ-ն դիմել է Սահմանադրական դատարան, և այժմ չկա վերջնական որոշում՝ նրան վերագրվող արարքները իրավաչափ են, թե՞ ոչ։ Ըստ Հովհաննիսյանի՝ իր և  դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ վարույթները նմանություններ ունեն, որպիսի պայմաններում անաչառ դիտորդի մոտ կարող է հարց առաջանալ, թե որքանով է բարոյապես ճիշտ, որ ինքը մասնակցի նիստին՝ որպես դատավոր։ Բացի վերը նշվածից՝ Հայկ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ինքն ու Սասուն Խաչատրյանը համակուրսեցիներ են, նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ։ Այս ամենով հանդերձ՝ Հովհաննիսյանը վստահ է, որ ինքը կարող է լինել անաչառ։

«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ ունեմ բավարար հասունություն և կամք՝ վեր կանգնել վերոնշյալ հանգամանքներից, սակայն հաշվի առնելով, որ արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի անաչառ, այլ պետք է նաև ընկալելի լինի որպես այդպիսին, ես ներկայացնում եմ ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց Հայկ Հավհաննիսյանը։  ԲԴԽ-ն նրա ինքնաբացարկի միջնորդությունը նույնպես մերժեց։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց կարգապահական վարույթի հիմքերը

Վերը նշված իրադարձություններից հետո Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց միջնորդության հիմքերը։

Նախարարն ընթերցեց Արմեն Թավադյանի վերաբերյալ նիստի արձանագրությունը. «Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո իմ և ՀՔԾ պետի հեռակա հակամարտության մասին, ինչպես պարոն Մուշեղյանն արտահայտվեց, ասեմ՝ այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի, այսինքն՝ նրանց դիրքորոշմանը հակառակ, ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետև վերջերս նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի, այդ ժամանակ  քննիչը մատնանշեց 6 որոշում, որոնցով ես հակառակ կարծիքի եմ եղել ՀՔԾ-ին, իմ աշխատակազմի միջոցով ևս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ, այսինքն՝ ՀՔԾ դիրքորոշմանը հակառակ 8 որոշում եմ կայացրել, ես այդ ժամանակ էլ եմ ասել, որ բոլոր որոշումները Վճռաբեկ դատարանի կողմից թողնվել են անփոփոխ, օրինական ուժի մեջ են մտել, և իմ խորին համոզմամբ՝ այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ վատ աշխատանքի արդյունք է։ Ես այդ նիստի ժամանակ էլ ասացի, որ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին և  վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը։ Նորից եմ կրկնում՝ օրենքը բոլորի համար է, այդ թվում՝ նրանց եւ նրանց ղեկավարների»։

Բադասյանը նաև ներկայացրեց հաջորդ դատական նիստի արձանագրությունից որոշ մանրամասներ։ Ըստ ձայնային արձանագրության՝ դատախազն անդրադարձել է դատավորի այս հայտարարություններին եւ ասել. «Ես գտնում եմ, որ Դուք, խորհրդակցական սենյակից վերադառնալով, պատճառաբանումներ եք տվել որոշման մերժման կապակցությամբ, սակայն դրանց մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված որոշման մեջ։ Որպես պատճառաբանություն Դուք նշում եք, որ Հրաչ Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին»:

Ապա, ըստ արձանագրության,  դատավորն ու դատախազը քննարկել են՝ արդյո՞ք Ազարյանն ասել է՝ «հույս ունեմ» թե՞ «ունեի»։

Ըստ Բադասյանի՝ Ազարյանի՝ վերը նշված արտահայտությունները վիրավորական են ՀՔԾ-ի և ՀՔԾ պետի համար։

«Եթե ի սկզբանե նշվում է, որ ՀՔԾ-ն վատ է աշխատում կամ ՀՔԾ պետի գիտելիքները թերի են, կամ քննիչը չի իջնի նրա մակարդակին, սա միանշանակ վկայում է դատավորի վարքագծի կանոնների խախտումների մասին»,- ասաց Բադասյանը։

Տիգրան Աթանեսյանը հարցեր ուղղեց Ռուստամ Բադասայանին

Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը նախարար Բադասյանին հարցրեց, թե արդյոք վերջինս Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացնելուց առաջ անձամբ ուսումնասիրե՞լ է գործի բոլոր նյութերը, դատական նիստի արձանագրությունը, ինչին ի պատասխան Բադասյանն ասաց, որ ուսումնասիրել է։ Այս առնչությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն արեց, որ հետագայում իրենք կապացուցեն, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը կայացնելու  պահին Արդարադատության նախարարությունը չի ունեցել գործի համար հիմք հանդիսացող դատական նիստի արձանագրությունը։

Տիգրան Աթանեսյանը հարց տվեց նաև, թե որոշումից Ալեքսանդր Ազարյանն ինչպե՞ս պետք է հասկանար՝ իր կոնկրետ ո՞ր արարքն է կարգապահական խախտում։ Ռուստամ Բադասյանը կրկնեց այն, ինչ քիչ առաջ էր ասել, փաստաբանն արձանագրեց, որ ինքը հստակ պատասխան չստացավ հարցի վերաբերյալ։

Աթանեսյանը նաև հետաքրքրվեց, թե ո՞րն է սահմանը, երբ դատավորը խախտում է վարքագծի կանոնը, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դատավորի վարքագծի կանոնները սահմանված են օրենքով։ Տևական ժամանակ Տիգրան Աթանեսյանը հարցեր էր տալիս և արձանագրում, որ նախարարի պատասխանները հստակ չեն։

Տիգրան Աթանեսյանը ելույթի համար ժամանակ խնդրեց, նիստն ընդմիջվեց, սակայն երբ վերսկսվեց, պարզվեց, որ ԲԴԽ անդամ դատավորներից Սերգեյ Չիչոյանը ստիպված է եղել անձնական պատճառով լքել նիստը։ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իրենք ցանկանում են, որ Չիչոյանը ևս մասնակցի նիստին, ուստի այն հետաձգվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter