HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայի Բունդեսթագը ընդունել է համացանցում ատելության դեմ պայքարի օրենսդրական նախագիծը

Գերմանիայի Բունդեսթագը հինգշաբթի օրը՝ հունիսի 18-ին ընդունել է օրենսդրական մի նախագիծ, որով նախատեսվում է խստացնել համացանցում սպառնալիքների համար պատիժը։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Փաստաթուղթն ընդունվել է կառավարող կոալիցիայի պատգամավորների ձայներով։ Աջ պոպուլիստական «Այլընտրանքներ Գերմանիայի համար» խմբակցության պատգամավորները և ձախերը դեմ են քվեարկել, իսկ անկախ պատգամավորները և «կանաչները»՝ ձեռնպահ։

Բունդեսթագի կողմից ընդունված օրենքը «միտված է պաշտպանելու բոլոր այն մարդկանց, որոնց սպառնում և վիրավորում են ռասիստներն ու աջ ծայրահեղականները։ Մենք հստակ ազդակ ենք ուղարկում այն մասին, որ չենք հանդուրժելու նման պահվածք և վստահորեն հակազդելու ենք դրանց»,- հայտարարել է Գերմանիայի արդարադատության նախարար Քրիստինա Լամբրեխտը։ Ընդ որում, նա հիշեցրել է Քասել վարչական շրջանի ղեկավար Վալտեր Լյուբկեի սպանության, Հալլեում հակասեմական ահաբեկչության և Հանաուում ռասիստական սպանությունների մասին։

Համաձայն ընդունված օրենքի՝ սոցցանցերի օպերատորները պարտավորվում են Քրեական գործերի դաշնային գործակալությանը տեղեկացնել հնարավոր սպանությունների, ազգային ատելության խթանման, բռնության դեպքերի պատկերավորման, մանկական պորնոգրաֆիայի տարածման, քարոզչության, արգելված սիմվոլների օգտագործման, ծանր հանցագործությունների կազմակերպման և աջակցության, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ։ 

Քրեորեն պատժելի գործողություն է դարձել մարմնական վնասվածքներ հասցնելու սպառնալիքները կամ համացանցում դրանց հաստատումը։ Համացանցում հանրային վիրավորանքները կարող են դառնալ արդեն ոչ թե մեկ, այլ երկու տարվա ազատազրկման հիմք։ «Սոցցանցերի օպերատորներին պարտավորեցնելով պատկան մարմիններին հայտնել ազգային ատելության խթանման, սպանության կամ բռնաբարության սպառնալիքների մասին, մենք հոգ ենք տարել, որ ստեղծվեն պայմաններ հետաքննությունների արագ իրականացման համար։ Նրան, թե ով է խթանում ատելությունը կամ սպառնում, սպասվում է մեղադրանքի առաջադրում և դատավճիռ»,- հավելել է Գերմանիայի արդարադատության նախարարը։

Լուսանկարը՝ Wikimedia Commons/Jorge Royan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter