
Hero House կլինի ոչ միայն Երևանում, այլև Գլենդելում. նոր տեխնոլոգիական կենտրոնի պատմությունը
Երևանում գործող Hero House տեխնոլոգիական կենտրոնն իր հարկի տակ համախմբում է տեխնոլոգիական ձեռներեցությունը, գիտությունը և վենչուրային կապիտալը: Կենտրոնում գործում են SmartGateVC վենչուրային ֆոնդը, Հայաստանի ստարտափ ակադեմիան, Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագիրը, ինչպես նաև այլ նախաձեռնություններ, ստարտափ ընկերություններ և անհատներ:
Hero House-ը հիմնադրել են SmartGateVC վենչուրային ֆոնդի հիմնադիրները՝ EU-SMEDA ծրագրի աջակցությամբ։ «SmartGate-ը ներդրումներ է կատարում տեխնոլոգիական ստարտափների մեջ, ու մեր պորտֆելում ունենք 18 ստարտափ, որոնց մեծ մասը շատ բնականորեն ներկայություն է հաստատել նաև ԱՄՆ-ում։ Կալիֆոռնիա նահանգում, հատկապես Գլենդելում, որտեղ մեծ է հայկական համայնքը, շատ ջերմությամբ են մեր հայրենակիցներն ընդունում հայկական ստարտափներին և աջակցում՝ ինչով կարողանում են: Հայաստանում ունեցած մեր մի քանի տարիների փորձի արդյունքում, հասկացանք, որ կարող ենք Գլենդելում նույնպես ակտիվացնել հայ գիտական, ձեռներեցական և տեխնոլոգիական համայնքն ու ստեղծել նոր հնարավորություններ հայ ստարտափների համար»,- ասում է համահիմնադիր Համբարձում Քաղկեցյանը։
Արդյունքում՝ SmartGate վենչուրային ֆոնդը այս տարի Գլենդելում կհիմնի Hero House, որն իր գործունեությամբ նման կլինի Երևանի Hero House-ին։
Hye Rise Investments-ը և Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (AESA) միանում են նախաձեռնությանը` որպես Hero House Glendale-ի ռազմավարական գործընկերներ:
Hero House Glendale-ը կսկսի իր գործունեությունը Gateway եռամսյա աքսելերացիոն ծրագրի գործարկմամբ, որը միտված է օգնելու արտերկրյա նորաստեղծ ձեռնարկություններին ընդլայնել իրենց գործունեությունը Հարավային Կալիֆոռնիայում։ Մեկնարկի համար SmartGateVC-ն Գլենդելի քաղաքապետարանից ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Համաբարձումը նշում է. «Սիլիկոնյան հովիտը բավականին հագեցած է ենթակառուցվածքների տեսանկյունից, ու դժվար է այնտեղ նոր բան ասելը, իսկ Լոս Անջելեսում շուկան նոր է զարգանում, և լավ հնարավորություն է տարբեր երկրներում հիմնադրված ստարտափների համար անցնել Hero House Glendale-ի Gateway աքսելերացիոն ծրագրով, ծանոթանալ շուկային, նոր կապեր հաստատել ու փորձառություն ձեռք բերել։ Հիմնական թիրախը Արևելյան Եվրոպայի երկրների ստարտափներն են»։
Hero House Glendale-ը ավելին է, քան մեկ ծրագիր։ Գործընկերների հետ միասին կաշխատեն բացառիկ հետազոտական ծրագրերի շուրջ համախմբել տեղական գիտական և ինժեներական ներուժը, Գլենդելում և հարակից շրջաններում զարգացնել վենչուրային կապիտալի և հրեշտակային ներդրումների մշակույթը և Hero House Glendale-ի շուրջ հիմնել հրեշտակային ներդրողների համայնք, Գլենդելի երիտասարդության և ուսանողների համար կազմակերպել և հյուրընկալել ձեռներեցական, ներդրումային և տեխնոլոգիական տարբեր միջոցառումներ, ինչպես նաև նախագծել և իրականացնել տեխնոլոգիական այլ ձեռներեցության ծրագրեր:
Համաբարձումն ավելացնում է. «Քչերը գիտեն, որ Disney-ը և Dreamworks-ը գտնվում են հենց Գլենդելում, իսկ Warner Bros-ը, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը և շատ այլ հրաշալի կազմակերպություններ և ընկերություններ այստեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա են: Չնայած Hero House Glendale-ը մեկնարկում է ձեռներեցների համար նախատեսված միջազգային ծրագրով՝ այն բարդ և բազմաշերտ նախագիծ է, որի մեջ ներգրավված են բազմաթիվ գործընկերներ և շահագրգիռ կողմեր: Մեր տեսլականն է առաջիկա 3-5 տարիներին դառնալ Լոս Անջելեսի լավագույն տեխնոլոգիական հանգույցներից մեկը: Հայկական տեխնոլոգիական համայնքի համար սա կարող է կարևոր ռազմավարական ծրագիր դառնալ և համապատասխան դերակատարություն ունենալ»:
Hero House Glendale-ին կաջակցեն նաև տեղական առաջատար տեխնոլոգիական ընկերություններ ServiceTitan-ը և DISQO-ն, Սիլիկոնյան հովտում հիմնադրված հայկական կազմակերպություններ HyeTech-ը և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը, ինչպես նաև տեղական առաջատար համալսարաններ՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարանը, և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը: Այս գործընկերներից յուրաքանչյուրը յուրահատուկ արժեք է բերում Hero House Glendale-ին և Գլենդելի տեխնոլոգիական էկոհամակարգին:
Այս նախաձեռնությունը թույլ կտա նոր կապեր հաստատել հայկական ստարտափների համար, Հայաստանը նորովի կներկայացնի աշխարհին. Լոս Անջելեսի՝ նոր տեխնոլոգիական կենտրոն դառնալու շրջանում Hero House Glendale-ը մեծ դեր կխաղա։ Սա կարևոր քայլ կլինի ցույց տալու համար, որ Հայաստանում սկիզբ առած ենթակառուցվածքային նախաձեռնությունը կարող է «արտահանվել» և էական նշանակություն ունենալ նաև ԱՄՆ-ում։
Մեկնաբանել