HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գիշերային Երևանի ու փողոցային երաժիշտների աղմուկը կարգավորող նոր նախագիծ է ներկայացվել

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Սոնա Ղազարյանն ու Արուսյակ Զուլհակյանն առաջարկում են Երևան համայնքի ավագանուն տալ լիազորություն` տարբեր ծառայությունների գիշերային ժամերի աղմուկը սահմանափակելու համար:

Պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:

Ըստ փաթեթի` Երևանի ավագանին է սահմանելու Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում` հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաև կառուցապատման օբյեկտներում, առևտրի, ծառայությունների և քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ դրանց գտնվելու վայրերի և գործունեության տեսակի առանձնահատկությունների, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը և ժամերը:

Գործող օրենքով կանոնակարգվում է միայն առևտրի և ծառայությունների ոլորտը, և սահմանափակում կա հիմնականում գիշերային ժամերի գործունեության վրա, օրինակ` 24:00-ից 7:00-ն:

Առաջարկվում է օրենսդրորեն կարգավորել նաև այսպես կոչված փողոցային երաժիշտների` գիշերային ժամերին քաղաքացիների անդորրը չխախտելու հարցը: Ըստ այդմ` համայնքի ավագանին է սահմանելու Երևան քաղաքի վարչական սահմաններում բացօթյա տարածքներում (փողոցներ, մայթեր, հրապարակներ, զբոսայգիներ, պուրակներ և այլն) որպես հրապարակային ելույթ բարձրաձայն երգող կամ երաժշտական գործիք նվագող կամ սարքավորումներով երաժշտություն հնչեցնող անձանց կողմից, ըստ նրանց երգելու կամ երաժշտական գործիք նվագելու կամ երաժշտություն հնչեցնելու վայրերի, լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու օրերը, ժամերը և այլ պայմանները:

Հանրային սննդի, զվարճանքի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում, ինչպես նաև կառուցապատման օբյեկտներում, առևտրի, ծառայությունների և քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից սահմանված գիշերային ժամերն ու օրերը խախտելը կարող է առաջացնել մինչև 200 հազար դրամ տուգանք, իսկ բացօթյա տարածքներում արգելված ժամին երգելը, երաժշտական գործիք նվագելը` մինչև  50 հազար դրամի տուգանք:

Հիշեցնենք, որ ըստ Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքի` գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:

Ըստ նախագծի հիմնավորման` գործող օրենսդրությունը բավարար չէ խնդիրն արդյունավետորեն կարգավորելու համար, քանի որ համայնքի ավագանու սահմանմանը վերապահված ժամային միջակայքերը ճկուն չեն և նախատեսված են միայն առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտների համար: Օրինակ՝ բազմաբնակարան շենքում կատարվող շինարարությունը կարող է ուղեկցվել աղմուկով կամ շենքում գործող սրճարանը կարող է երաժշտություն հնչեցնել նաև հանգստյան օրերին` սկսած առավոտյան յոթից:

Նշվում է, որ գործող օրենքով` ոչ ճկուն ժամային միջակայքերը համայնքի ավագանուն թույլ չեն տալիս համայնքի շահերից ելնելով, ըստ վայրի և գործունեության տեսակի, սահմանել բնակելի թաղամասերում լռության պահպանման ժամ, ոչ էլ նպատակահարմարության դեպքում առավել երկար ժամեր` նպաստելով ժամանցի ոլորտի և զբոսաշրջության զարգացմանը:

Նախագծերի համահեղինակ Գայանե Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտություն են զգացել դեռ Երևանի ավագանու անդամ եղած ժամանակվանից: Հիշեցնենք, որ նախագծի բոլոր համահեղինակներն ավելի վաղ ավագանու անդամ էին: Աբրահամյանի խոսքով` Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ են հեղինակել փոփոխությունները:

«Նման նախագծի անհրաժեշտությունը մեծ էր, քանի որ ոչ միայն գիշերային աղմուկից բողոքներն էին շատ, այլ մենք ինքներս տեսնում էինք, որ խնդրի լուծման առումով օրենսդրական դաշտը բաց է: Ավագանուն գործիքակազմ էր պետք տալ, որ այս խնդիրներին կարողանան արագ արձագանքել»,-ասաց նա:

Ըստ մեր զրուցակցի` ավելի ճիշտ կլինի, որ նման լիազորությունները վերապահված լինեն տեղական ինքնակառավարման մարմնին, քանի որ վերջինս շատ ավելի լավ գիտի, թե որ տարածքներում ինչ խնդիր կա, հետևաբար պետք է ՏԻՄ գործիքակազմն ուժեղացնել:

Աբրահամյանի խոսքով` շատ ավելի մեծ խնդիր է այն, որ որևէ կարգավորում չկա փողոցում երգող, նվագող երաժիշտների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է տարբեր տնտեսվարող սուբյեկտների` ռեստորանների, սրճարանների և այլ հանրային սննդի վայրերի համար առաջարկվող տուգանքի չափի ավելացմանը, Աբրահամյանն ասաց.

«Շատ դեպքերում տնտեսվարողները գերադասում են վճարել իրենց համար չնչին տուգանքը և շարունակել հանրային առողջությունը վնասել աղմուկով: Հանրային առողջությունը շատ ավելի կարևոր ու գերակա է, քան որոշ խմբերի շահերը»:

Գայանե Աբրահամյանը նաև հավելեց` շահառու խմբերի հետ պատրաստ են քննարկումներ իրականացնել, և չի բացառվում, որ փաթեթը,  մինչ գլխադասային հանձնաժողով ներկայացնելը, որոշ լրամշակումներ ու փոփոխություններ կրեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter