
Գագիկ Ծառուկյանն ասում է՝ զարմանալի է, որ միջնորդել են կալանավորել «աշխարհով մեկ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի համար զարմանալի է, որ իրեն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
«Հարգելի՛, սիրելի՛ լրագրողներ, այս հոդվածով տույժ-տուգանք վճարած լինեն, թե ոչ, ես չգիտեմ, բայց որ ձերբակալելու, կալանավորելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, աշխարհով մեկ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին… Ես մի հայտարարություն անեմ. եթե երկրի այս վիճակի, այս համաճարակի, աղքատության, տնտեսական անկման մեղավորը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, ոնց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց, սա, նորից եմ ձեզ ասում, ինձ համար շատ զարմանալի է»,- իր խափանման միջոցի գործով դատական նիստից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը՝ պնդելով, որ երբևէ ընտրակաշառքի համար որևէ անձ չի կալանավորվել։
Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը, Սմբատ Մինասյանը և Սամվել Դիլբանդյանը որոշ մանրամասներ ներկայացրին այս օրերին տեղի ունեցած քրեական գործի քննության վերաբերյալ։
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը դատարանում իր կարծիքը հայտնել է մեղադրանքի վերաբերյալ, ասել, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ըստ Դիլբանդյանի՝ ԱԱԾ-ն չի հիմնավորել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու անհրաժեշտությունը, գործում խնդիրներ կան՝ սկսած քրեական գործի հարուցման պահից։ Պաշտպանի խոսքով՝ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Ծառուկյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։
Երեմ Սարգսյանը խոսեց այն մասին, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդության մեջ նրան վերագրվող արարքն, իր ձևակերպմամբ, խիստ տարբերվում է դատարանում ԱԱԾ-ի ներկայացրածից։
«Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողովին, դրա իմաստն այն է, որ ամեն պատգամավորի իր միջնորդությամբ, հարցուպատասխանով հիմնավորի, որ` այո, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն»,- ասաց Երեմ Սարգսյանը և նշեց, որ Ծառուկյանի դեպքում այնպես է ստացվել, որ ԱԺ-ն համաձայնություն է տվել մի ձևակերպմամբ արարքի առկայության պայմաններում անձին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, սակայն մեկ այլ ձևակերպմամբ արարք կատարելու համար նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ ԱԺ ներկայացված միջնորդագրի մեջ գրված է, որ Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում կաշառք է տվել ընտրողներին, իսկ դատարան ներկայացված միջնորդության մեջ գրված է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք»։ Հարցին, թե ովքեր են խմբի կազմում, Սարգսյանն ասաց, որ այդպիսի անձինք չկան։
Սարգսյանի խոսքով՝ ԱԱԾ-ն չի կարողացել որևէ կերպ հիմնավորել, որ Գագիկ Ծառուկյանի մեղադրանքի հիմքում դրվել է այնպիսի ապացույց, որն ամիսներ առաջ չի եղել վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ։
«Վստահաբար ասում եմ ձեզ` երբ նախաքննական տվյալները կհրապարակվեն, կտեսնենք, որ չի ներկայացվել որևէ տվյալ, ըստ որի՝ Ծառուկյանն անձամբ կաշառք է տվել կամ որևէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար»,- ասաց Երեմ Սարգսյանը։
Պաշտպանի խոսքով՝ ԱԱԾ-ի մեկնաբանությունն այն է, որ եթե, ենթադրենք, Վարդենիսում կաշառք է տրվել, ԲՀԿ ղեկավար կազմն ու Գագիկ Ծառուկյանը չէին կարող դրա մասին չիմանալ։ Երեմ Սարգսյանի համար այս մեկնաբանությունը հիմնազուրկ է․ նա ընդգծեց, որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ բազմաթիվ դատական ակտեր կան, և դրանք չեն հանգել նրան, որ այս կամ այն ուժի ղեկավար կազմն էլ պիտի պատասխանատվության ենթարկվի։
Դատական նիստի ընթացքում դատարանին ներկայացվել են նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչների սոցիալական ցանցերում արված հրապարակումներ, որոնց հաջորդել են ԱԱԾ-ի խուզարկությունները։
Պաշտպան Սմբատ Մինասյանը խոսեց այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։ Մինչև Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու համաձայնություն ստանալն Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություններ է տարածել, որոնցում անձեռնմխելիություն ունեցող պատգամավորը ներկայացվել է որպես առերևույթ հանցանք կատարող անձ։
Պատգամավորին անձեռնմխելությունից զրկելու հարցը քննարկվել է Ազգային ժողովի հերթական նիստի ընթացքում։ Հարցին, թե, ըստ պաշտպանի, Ազգային ժողովն ի՞նչ ընթացակարգով պետք է նախքան Ծառուկյանի տանը խուզարկություն իրականացնելը քննարկեր նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը, Մինասյանը պատասխանեց, որ դա իր պաշտպանյալի խնդիրը չէ, և գոնե պետք է ԱԺ նախագահը տեղեկացված լիներ, որ խուզարկություն է իրականացվելու։
Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, թե՞ ոչ՝ պարզ կլինի հունիսի 21-ին․ դատարանն այդ օրն է հրապարակելու որոշումը։
Մեկնաբանել