HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում պատգամավորները կկարողանան գրավոր քվեարկել. նոր նախագիծ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վահագն Հովակիմյանը և Հայկ Գևորգյանն առաջարկում են հնարավորություն տալ ԱԺ պատգամավորին  քվեարկության մասին նախապես գրավոր տեղեկացնել, եթե վերջինս ժամանակավոր անաշխատունակ է ճանաչվել:

Պատգամավորները փոփոխություն են առաջարկում Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքում:

Գործող օրենքով` պատգամավորները նախապես կարող են տեղեկացնել քվեարկության մասին միայն այն դեպքում, երբ գործուղման են: Փոփոխություններով առաջարկվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորին հնարավորություն ընձեռել քվեարկել գրավոր: Նմանատիպ փոփոխություն է առաջարկվում նաև ԱԺ խորհրդի անդամի համար` քվեարկելիս, ինչպես նաև հանձնաժողովի անդամին` հանձնաժողովի քվեարկությունների ժամանակ:

Նշվում է, որ ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնվող հանձնաժողովի անդամի ստորագրած գրությունը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով նրան տրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը փակ ծրարով հանձնաժողովի նախագահին կամ նրան փոխարինողին պետք է հանձնվի հարցի քվեարկությունից առնվազն երեք ժամ առաջ:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ կորոնավիրուսի համաճարակը խորհրդարանի գործունեության համար նոր մարտահրավերներ է ստեղծել:

Փաստացի կարող է առաջանալ այնպիսի իրավիճակ, որ խորհրդարանի պատգամավորների մի մասը, բացառված չէ անգամ զգալի թվով, հնարավորություն չունենան խորհրդարանի աշխատանքներին ֆիզիկապես մասնակցել, ըստ այդմ, զրկվելով քվեարկելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակում առաջարկվում է կանոնակարգում ներդնել մի համակարգ, որը հիվանդության պատճառով ժամանակավորապես անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին հնարավորություն կտա գրավոր կարգով քվեարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter