HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալն ու կինը դրամական միջոցներ չեն հայտարարագրել

Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ Վարդան Լազարյանն այն եզակի պաշտոնյաներից է, որ նույնիսկ 1 դրամ չի հայտարարագրել, որպես կանխիկ կամ բանկային հաշվին ունեցած դրամական միջոց:

Բարձրաստիճան դատախազի 2019թ․-ի հայտարարագրի համաձայն, նա դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտները կազմում են 8 մլն 866 հազար դրամ, որոնք գոյացել են դատախազությունից, Գավառի պետական համալսարանից ստացած աշխատավարձերից, ինչպես նաև ոստիկանությունից ստացած կենսաթոշակից:

Ինչ վերաբերում է գույքին, Վարդան Լազարյանը Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում կնոջ հետ համատեղ սեփականության իրավունքով ունի առանձնատուն, որը ձեռք է բերել 2018թ-ին: Պաշտոնյան հայտարարագրել է նաև 2000թ. արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը դարձյալ ձեռք է բերել 2018-ին:

Նույն ժամանակահատվածում 4 մլն դրամով Վ. Լազարյանն ու կինը օտարել են իրենց բնակարանը:

Պարզվում է, 2018թ. բավականին «նպաստավոր» տարի է եղել Վարդան Լազարյանի համար: Ըստ այդ տարվա հայտարարագրի՝ 25 մլն դրամով ձեռք է բերել բնակարան: Կնոջ՝ Մերի Կիրակոսյանի հետ համատեղ ձեռք է բերել անհատական բնակելի տուն, որի արժեքը հայտարարագրում նշված չէ:

Այս հանգամանքը մեր ուշադրությանն արժանացել էր դեռևս 2018-ին: Այդ ժամանակ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էր, որ առանձնատան գինը նշված չէ, քանի որ համատեղ սեփականության իրավունքով հողամասի վրա բնակելի տունը կառուցվել է սեփական միջոցներով: Նշենք, որ տունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում:

Շորժա համայնքում Մերի Կիրակոսյանը միանձնյա սեփականության իրավունքով ունի նաև հողամաս:

«Ինչ վերաբերում է Վարդան Լազարյանի կողմից շուրջ 25 մլն դրամ արժողությամբ բնակարան ձեռք բերելու հանգամանքին, ապա հայտնում ենք, որ Երևան քաղաքի Քանաքեռցու… հասցեում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի և գրավի, հիպոթեքի պայմանագրի հիման վրա նշված անշարժ գույքի նկատմամբ 16.11.2018թ. գրանցվել է Վարդան Լազարյանի որդու և վերջինիս կնոջ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը: Անշարժ գույքի առուվաճառքի և գրավի, հիպոթեքի պայմանագրի համաձայն՝ Վարդան Լազարյանը հանդիսացել է համավարկառու: Այսինքն բնակարանի դիմաց Լազարյանի կողմից վարկի վճարում չի կատարվել, այլ նշված արժեքի չափով համավարկառու է հանդիսացել»,-նշված է դատախազության պատասխանում:

Ուշագրավն այն է, որ դատախազի որդու՝ Գերասիմ Լազարյանի 2018թ. հայտարարագրում թեև երևում է, որ անշարժ գույքի գործարք եղել է, սակայն որևէ բառ անգամ չկա, թե ինչ գույքի վերաբերյալ է կայացել գործարքը, վաճառվել է, թե գնվել կամ՝ ինչ արժեք է ունեցել: Տողի տվյալը փակ է և կատարվել է նշագրում. «Պաշտպանված»: Գերասիմ Լազարյանի բնակարանն արդեն երևում է 2019թ-ի հայտարարագրում:

Նշենք, որ Վարդան Լազարյանի որդին՝ Գերասիմ Լազարյանը ևս աշխատում է դատախազությունում: Նա վարորդ է, և 2019թ. նրա միակ եկամուտը եղել է ստացած շխատավարձը՝ 1 մլն 400 հազար դրամ: 

Գ. Լազարյանը հայտարարագրել է նաև KIA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017թ-ին:

Իսկ Վարդան Լազարյանի կինը՝ Մերի Կիրակոսյանը, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում 2019թ-ին ստացել է 3 մլն 500 հազար դրամի եկամուտ: 2018-ին նրա ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը մոտ 1 մլն դրամ է եղել:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Մերի Կիրակոսյանը ամուսնու նման ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter