HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զբոսախցային զրույցներ

Մհեր Ենոքյան,
«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Արդեն երրորդ ամիսն է զբոսանքիս տևողությունը դարձել է 3 ժամ` նախկինում  մեկ ժամվա փոխարեն: Եվ քանի որ նույն խցային պայմանն է`ոտքս հողին չի կպնում, շուրջբոլորս բետոնից պատեր են, արևն էլ չի թափանցում հաստ պլաստմասե տանիքի պատճառով, հետս կավ եմ բերում` անհրաժեշտ պարագաներով, կավագործությամբ  զբաղվում: Բանտի աշխատակիցները մոտենում, նայում են, զրուցում ենք տարբեր թեմաներով: Որքան էլ խուսափեմ քաղաքական թեմաներից, միևնունն է՝ աշխատակիցները պտտվում-պտտվում են ու գալիս հեղափոխություն-հակահեղափոխություն թեմային… աշխատողներից մեկը ցանկացավ իմ կարծիքը իմանալ նախկին և ներկա իշխանությունների մասին: Ճիշտն ասած` չէի ցանկանում այդ թեմայով խոսել, բայց  ակամա մի պատկերավոր բան մտքովս անցավ ու ասացի.

-Պատկերացրու` քեզ կանգնեցնում են ու պարզապես խաբեությամբ, միգուցե երբ կիսաքուն ես, վրայիցդ հանում են բոլոր հագուստներդ: Մի խոսքով` դառնում ես բոմժ՝ տկլոր, սոված, կողոպտված կանգնած ես: Քեզ թալանողը քթիդ տակ ուժեղ թափ ա տալիս հենց քո պիջակը, փոշի ա բարձրանում: Դու էլ խեղճ-խեղճ խնդրում ես կամ պահանջում. «Ուժեղ թափ մի՛ տուր, առողջությանս վնաս ա էդ փոշին, բնապահպանական հարցեր կան»: Քեզ կողոպտած ավազակը պատասխանում ա. «Լավ, թափ չեմ տա, առայժմ: Հա՛, մեղկ ես` բոբիկ ես, ոչ մի շոր չունես, ես բարեգործ եմ` վեկալ էս կոշիկները, որ բոբիկ չմնաս» ու քեզ ա շպրտում հենց քո կոշիկները:

Լռեցի, սպասում էի, թե ինչպես կարձագանքի բանտապահը: Աչքերը կկոցեց` մտածելով ասաց.

-Ոնց որ հասկանում եմ՝ ինչ ես ուզում ասես…, բա հետո՞…

-Դե՛, հետոն դու պետք ա ասես… ոտաբոբիկ մարդ ես… ուրախացած կվերցնե՞ս սեփական կոշիկներդ ու բարերարին շնորհակալությու՞ն կասես, թե՞…

Մի փոքր հեռու կանգնած ևս երկու աշխատակից ուշադիր լսում էին, մոտեցան և իրենց կոլեգային, հարցրեցին.

-Դե՛ ասա`ի՞նչ կանես: 

Մինչև մտածում էր, հավաքվածներից հազիվ 21 տարեկան մի աշխատակից ասաց.

-Կտայի գլուխը կջարդեի, շորերս հետ կվերցնեի, հլը իրա շորերն էլ հանել կտայի:

-Ա՛յ ախմախ, - միջամտեց տարիքով մեծը, - զենքը իրա մոտ ա`կգյուլի, խելոք կոշիկներդ վեկալ`գնա:

Վիճաբանություն սկսվեց, աշխատողները դարձան 7-8 հոգի ու փորձում էին հասկանալ տեղում հորինված առակի իմաստը: Այն մարդը, ով ի սկզբանե հարցրել էր իմ կարծիքը քաղաքականության վերաբերյալ, վերջապես խոսեց.

-Մի հատ ձեններդ կտրեք, - պաշտոնը թույլ էր տալիս այդպես ասել, - դրել եք` կոշիկի կռիվ եք անում, ոնց որ բոլորը, բայց Մհերի ասածից ես ուրիշ բան հասկացա. հանքերի հարցն ա… փոշու կռիվ ենք անում, բայց մոռանում ենք, որ հողը, հանքերը բոլորինս են, բայց մի քանի օլիգարխ իրար մեջ բաժանել են, տվել օտարներին, որ շահագործեն, իսկ մենք կողոպտված բոբիկ մարդն ենք ու շպրտած կոշիկին պետք ա ուրախանանք, բարեգործի ոտերն էլ լիզենք… ճիշտ հասկացա չէ՞, Մհե՛ր:

Երիտասարդ աշխատողներից մեկը, չսպասելով իմ պատասխանին, ասաց.

-Պարոն Բ…յան, էս ուր խորացար` հանքեր-մանքեր, սովորական ռազբոյա…

Մի այլ աշխատակից, ով ժամանակին քննիչ է աշխատել, շատ լուրջ դեմքով ասաց.

-Ստեղ կարևոր դրվագը պիջակի փոշին ա, դրա համար բոլոր ուժայիններին փոխեցին, որ հակահեղափոխություն չլինի…, չէ՞… 

Ծիծաղս հազիվ զսպեցի.

-Բոլորդ էլ ճիշտ եք`առակի մեջ ամեն մեկը, ասես հայելու մեջ, ինքն իր մտքերն ա բացահայտում…

Ես շարունակեցի կավից պատրաստած մոմակալի վրա նախշեր անել, հավաքվածներն էլ կամաց-կամաց շարժվեցին: Զբոսանքին մնացել էր մի 20 րոպե։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter