HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայրենական պատերազմի հաղթանակին նվիրված այգին նորոգելու համար 600 միլիոն դրամ է անհրաժեշտ

Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգում այցելուների հազվադեպ կարելի է հանդիպել։ Նրանք հիմնականում մոտակայքում բնակվող մեծահասականերն են։ 

Այգին բացվել է 1985 թվականին, գտնվում է Սեբաստիա փողոցում։ Այն եղել է համայնքի բնակիչների սիրելի վայրերից մեկը. այգու շատրվանները վաղ առավոտից միացվում էին, լողավազանում երեխաները լողում էին, իսկ ծնողներն այգու կանաչապատ գոտում՝ հանգստանում։

2000-ականների սկզբից շատրվաններն անջատվեցին, լողավազանները սկսեցին չգործարկվել։ Իսկ այգին տարիների ընթացքում սկսեց քանդվել։ Այն այժմ հիմնանորոգման կարիք ունի. հուշարձանի, բետոնե նստարանների, աստիճաների սալիկները պոկվել են, իսկ շատրվանների երկաթյա շինությունները՝ վնասվել։

«Այգու լողավազանը, շատրվանները, որ կային, մարդիկ շատ էին գալիս, անգամ՝ այլ համայնքներից։ Հիմա արդեն 10 տարուց ավելի է՝ այգին էլ նախկին տեսքը չունի»,- ասում է Դմիտրի Գազյանցը, որն այգում աշխատել է 25 տարի՝ որպես լուսանկարիչ։ Նրա օրն այգում սկսվել է առավոտյան 10:00-ից։ 16 տարի՝ 1994-2010 թվականները, լուսանկարում էր այգու այցելուներին։ 2000 թվականից՝ լուսանկարչությանը զուգահեռ, սկսել է մանկական ավտոմեքենաներով երեխաներին այգու տարածքով պտտեցնել։ 

«Այգու ամենալավ հիշողությունս 1998 թվականի հոկտեմբերի 10-ի հետ է կապված. Էրեբունի-Երևանի ծննդյան օրն էր։ Լողավազանների տեղում բեմ էին հավաքել, Վանուշ Խանամիրյանի պարի համույթն էր համերգով եկել։ Այգում լիքը ժողովուրդ էր հավաքվել, ուրիշ համայնքներից էլ էին եկել։ Լավ համերգ տվեցին, մարդիկ լավ քեֆ էին անում։ Այգում առաջ կենդանի լավ համերգներ էին կազմակերպվում»,- պատմում է Դմիտրի Գազյանցը։

Դմիտրի Գազյանցն այս տարի մանկական մեքենաները չի բերել այգի. պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ «Այգին պետք է հին տեսքին ու աշխուժությանը գա։ Արդեն երկու անգամ այգու լույսերը վերանորոգել են, պարբերաբար մաքրում են, բայց պետք է հիմնանորոգեն»,- ասում է նա։

Այգու բացման ժամանակ տեղադրվել են քանդակագործ Սուրեն Նազարյանի՝ Հայրենական պատերազմին նվիրված երկու արձանները. «Երիտասարդներն» ու «Վահագն Վիշապաքաղ»-ը։ Դրանց որոշ հատվածներ արդեն վնասված են։

«Նախկինում Հայրենական պատերազմի հաղթանակի այգին այնքան լավ հանգստյան գոտի էր, երեխաների հետ զբոսնելու հաճելի վայր էր։ Ընտանիքիս հետ մեր հանգիստը շատ էինք այստեղ անցկացնում. երեխաներին բերում էի այգի, իրենք վազվզում էին, լողում, մենք էլ ծառերի տակ նստում էինք, հանգստանում։ Իսկ հիմա ավերվել է»,- պատմում է Գևորգ Եղիազարյանը։

Այգին նախկին տեսքին բերելու համար 600 միլիոն դրամ է անհրաժեշտ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի հաշվարկներով՝ այգու հիմնանորոգման համար 600 միլիոն դրամ է անհրաժեշտ։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը՝ ընդգծելով, որ այդ նախահաշիվը և՛ այս և՛ նախորդ տարի ներկայացվել է Երևանի քաղաքապետարան։

Այս պահին այգին հիմնանորոգելու որևէ ծրագիր չկա. «Քաղաքապետը ևս այգու հիմնանորոգման հարցից տեղյակ է, սակայն նորոգման գումարի չափը մեծ է։ Այս պահին այգին միայն կարող է նորոգվել քաղաքային բյուջեի հաշվին, որևէ այլ ծրագիր չկա։ Այգին հիմնանորոգելու մեծ ցանկություն կա, բայց այն կախված է, թե համայնքի բյուջետային մուտքերը ինչ զարգացում կունենան», -ասաց Դավիթ Կարապետյանը։

Դեռևս նախորդ տարի քննարկվում էր ներդրումային ծրագիր, որի շրջանակներում այգու հետնամասում կառուցվելու էր հյուրանոցային համալիր, իսկ ներդրողը հիմնանորոգելու էր այգին։ Սակայն ծրագիրը չի իրականացվել. ըստ վարչական շրջանի ղեկավարի՝ քննարկումները իրականացվում էին «էմոցիոնալ ֆոնի վրա»։

«Եթե լինում են մարդիկ, ովքեր հետաքրքրվում են ներդրումային ծրագրերով, պարբերաբար ասում ենք, որ այգին նորոգելու դեպքում հետնամասի համայնքային տարածքները կարող են ինչ-որ ձևով ծառայել իրենց»,- նշեց Դավիթ Կարապետյանը։

Վարչական շրջանի ղեկավարն ասում է, որ այգում ընթացիկ նորոգում չեն կարող անել, քանի որ այն ամբողջական նորոգման կարիք ունի, մաս-մաս նորոգել հնարավոր չէ։ Նա ընդծում է, որ այգու կանաչ գոտին մշտապես մաքրվում և խնամվում է։ Իսկ նորոգվելու դեպքում այգին նորից լինելու է իր հին տեսքով, միայն շատրվանները տեխնոլոգիական նորարար լուծումներով կշահագործվեն։

Մեկնաբանություններ (3)

Արշակ Խաչատրյան
Այս այգին կառուցվել է որպես հարգանքի տուրք մեր պապերի և հայրերի գործած սխրանքի և այն անպայման հարկավոր է վերականգնել,թեկուզ համայնքի միջոցներով:
Սուրեն
Շատ գեղեցիկ այգի է, տարբեր հարթությունների վրա, խնամված, հուշակոթողը շատ վեհաշուք է ու իմաստավորված, ափսոս՝ վնասված, ինչպես որ ջրավազանները, շատրվանները և այլն: Շատ լավ կլիներ վերանորոգվեր: Պ-ն Ալեքսանյանին պետք է հավեսի քցել, նա ներդրում կանի, Վարդանյանների օրինակով:
Տաթևիկ
Հրաշք այգի, մեր մանկության, պատանեկության ամենալավ այգին, որ չէինք մտածում կենտրոն գնալ և տեսնել ինչ-որ մի գեղեցիկ այգի, քանի որ այն հենց մեր բակում էր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter