HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յոթ տարի` երկու էջ տեքստի համար

Ռուս լրագրող Սվետլանա Պրոկոպևային մեղադրում են ահաբեկչությունը արդարացնելու մեջ։

Երեկ Ռուսաստանի մի քանի ԶԼՄ-ներ՝ «Эхо Москвы», «Новая газета», «Дождь», «Медуза», «Такие дела», «Псковская губерния», 7×7, газета «МОХ», «Сноб», «МБХ медиа», «Север.Реалии», Simbirsk.City, «Свободные новости», The New Times, Republic, «ОВД-Инфо», Wonderzine և «Медиазона» հրապարակեցին Սվետլանայի բաց նամակը, որում նա քննադատում է Ռուսաստանում ուժայինների ամենաթողությունը և պատմում մանրամասներ։

Նամակը սկսում է հետևյալ բառերով՝ «Ես/մե՞նք Սվետլանա Պրոկոպևան եմ/ե՞նք։ Ես լրագրող եմ և ինձ կարող են դատապարտել յոթ տարով «ահաբեկչության արդարացման» համար։

Քրեական գործ հարուցելու ֆորմալ պատճառը Սվետլանայի՝ «Պսկովի Էխո Մոսկվայի» ռադիոկայանի եթերում հնչեցրած վերլուծությունն էր՝ կապված Արխանգելսկում Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) շենքի դիմաց տեղի ունեցած հարձակման հետ։

Մասնավորապես, վերլուծելով տեղի ունեցածը՝ Սվետլանան ասել էր, որ պետությունն «ինքն է դաստիարակել» մի սերունդ, որը պայքարում է իր դեմ:

2018 թ․-ի նոյեմբերի 4-ին, տասնյոթամյա Միխայիլ Ժլոբիցկին Արխանգելսկի ԱԴԾ-ի շենքի ընդունարանում պայթեցրել էր ինքնաշեն ռումբ: Պայթյունի արդյունքում Ժլոբիցկին մահացել էր, իսկ անվտանգության երեք աշխատակից մարմնական վնասվածք էր ստացել։

Իր մահից առաջ երիտասարդը «Telegram» չատում գրել էր այն մասին, որ ФСБ-ն «շինծու գործեր է ստեղծում և տանջում է մարդկանց»:

Նոյեմբերի 8-ին, լրագրող Սվետլանան ռադիոկայանի եթերում ասաց, որ Ժլոբիցկու արարքը «ցանկացած քաղաքագետի սյունակից կամ «Human Rights Watch»-ի զեկույցից ավելի լավ է ապացուցում այն, որ Ռուսաստանում քաղաքական ակտիվության համար պայմաններ չկան։ ...երիտասարդ քաղաքացին, որը իշխանությունների կողմից տեսնում էր միայն արգելքներ և պատիժներ, իր մտահոգությունները հայտնելու այլ եղանակ չկարողացավ գտնել»:

Ռոսկոմնադզորն այս խոսքում տեսավ «ահաբեկչության արդարացում» նշաններ և դեկտեմբերի 11-ին նախազգուշացում տվեց ռադիոկայանին և «Պսկովի լրահոս» թերթին, որը հրապարակել էր ծրագրի սղագրությունը:

Սվետլանայի դեմ հարուցված քրեական գործի մասին հայտնի դարձավ փետրվարի 6-ին, երբ ոստիկանությունը խուզարկեց նրա բնակարանը:
Նույն օրը դատարանը 150 հազար ռուբլի տուգանեց «Պսկովի Էխո Մոսկվի»-ին ՌԴ Վարչական օրենսգրքի 13.15-րդ հոդվածի 6-րդ մասով (ԶԼՄ-ների այնպիսի արտադրանք կամ թողարկում, որոնք պարունակում են ահաբեկչության հասարակական կոչեր կամ արդարացնում են ահաբեկչությունը): Իսկ «Պսկովի լրահոս»-ը տուգանվեց 200 հազար ռուբլու չափով:

Մի քանի ամիս անց Սվետլանան ընդգրկվեց պետական «Ռոսֆինմոնիտորինգի» ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում, նրա հաշիվներն արգելափակվեցին: Սեպտեմբերի 20-ին լրագրողին մեղադրանք առաջադրվեց ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մաս):

Հիմա նրան սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում կամ մեկ միլիոն ռուբլի տուգանք:

«Իմ դեմ հարուցված քրեական գործը խոսքի ազատության սպանությունն է»,-այսպես է Սվետլանան արտահայտվել քրեական գործի մասին։

Սվետլանան, կրկնելով իր վերլուծության բառերը, գրում է․ «Եթե չեք վախենում, հրապարակեք այս մեջբերումը. «Ուժեղ պետություն: Ուժեղ նախագահ, ուժեղ նահանգապետ: Մի երկիր, որում իշխանությունը պատկանում է ուժայիններին»»։

Նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ վերը նշված ԶԼՄ-ների հղումներից մեկում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter