HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Սիրում ենք բոլորիդ, համբուրում ենք բոլորիդ, տուգանում ենք բոլորիդ»

Մարդու (քաղաքացու) և պետության միջև հարաբերություններն այսօր էլ Հայաստանում անառողջ են: Պետական բարձրաստիճան ծառայողներն իրենց նույնականացնում են պետության հետ, քաղաքացիներին վերաբերվում՝ իբրև խնդրառուների։

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային այս ամիսներին, երբ քաղաքացիներից շատերը հարկադիր պարապուրդի մեջ են՝ տնտեսական գործունեության մի շարք սահմանափակումների հետևանքով, պետությունը քաղաքացուն շարունակում է վերաբերվել իբրև ձեռքն օգնության համար պարզած մուրացիկի:

Աշխատելու հնարավորություն չունեցող, խեղճացած քաղաքացին «օգնություն» ակնկալելու համար նաև  բարոյահոգեբանական մի շարք պատնեշներ պետք է հաղթահարի: Պետությունը նրբանկատորեն չի փոխանցում գումարը քաղաքացու հաշվեհամարին: Քաղաքացին ինքը պետք է դիմի և պատրաստ լինի, որ իր անձնական տվյալները պետք է հրապարակվեն: Այլ կերպ ասած՝ հանրությունն անուններով պետք է ճանաչի՝ ո՞վ է դիմել պետությանը՝ «օգնության» ակնկալիքով:

Բարձրաստիճան չինովնիկը քաղաքացուն հատկացվող ամեն դրամից դժվարությամբ է բաժանվում՝ համարելով, թե իր տաբատի գրպանից է հանում այդ գումարը:

Պետության և քաղաքացու փոխհարաբերությունների նոր մակարդակ էր ակնկալվում հեղափոխությունից հետո: Իսկ ի՞նչ ունենք այսօր:

«Մեր պետության՝ ՀՀ-ի պոտենցիալը մեծացնելու համար էականորեն փոփոխության պետք է ենթարկվի քաղաքացի-պետություն հարաբերությունները»,- ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման, Հարկային օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գուցե վարչապետը նկատի ուներ, որ պետությունը պետք է վերջապես վերանայի՞ իր վերաբերմունքը քաղաքացու հանդեպ, դադարի քաղաքացուն դիտարկել որպես պետության հանդեպ ֆինանսական, բարոյական պարտավորություններ ունեցող օբյեկտ: Բայց, ինչպես ասում են, պետք չէ կասկածել, եթե համոզված ես: Հունիսի 5-ին նա կրկնեց նույն միտքը:

Կա՞ն պարտավորություններ, որոնք քաղաքացիները չեն կատարում պետության հանդեպ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ծնվում է ավելի քան 2000 դոլար պետական պարտքով: Աշխատող քաղաքացին պետությանը փոխանցում է 23 % եկամտահարկ, 1974 թ.-ից հետո ծնվածները՝ նաև պարտադիր կուտակային հիմնադրամին փոխանցում են ևս 10 % տոկոս (թող որ պետության մասնակցությամբ), «բարոյական» հարկ՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ 1000 դրամ:

Մինչ կորոնավիրուսի ճգնաժամը՝ քննարկվում էր «Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը», որով նախատեվում էր աշխատող մարդկանց տարեկան ընդհանուր եկամուտների մինչև 9 %-ը վճարել իբրև առողջապահական հարկ:

Էլ ի՞նչ կարող են տալ պետությանը քաղաքացիները: Պետության երևակայությունն այս առումով անսահմանափակ է:

Ճգնաժամային այս ամիսներին, որոնց վերջը դեռ չի երևում, իշխանությունները նպատակադրվել են քաղաքացու եկամուտները հայտարարագրել մինչև վերջին լուման: Պետությունը շարունակում է խոսել հարկային բեռի ավելացման թեմայով: Նույնն է, թե կախվողի տանը խոսել պարանից:

Համաձայն Հարկային օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունների՝ 2021 թ.-ի հունիսի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական արժեքով: Այլ կերպ ասած՝ գույքահարկն աճելու է առնվազն 6-7 անգամ:

Ի՞նչ հիմքով է պետությունը գնում հարկերն ավելացնելու ուղով, երբ մարդկանց եկամուտների անկումը ամեն ամիս երկնիշ տոկոսով է ավելանում. ՊԵԿ-ի տվյալներով՝ արդեն ապրիլին, պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտների ու պետական տուրքի հավաքագրման անկումը, համեմատած նախորդ տարվա նույն ամսվա հետ, կազմել է 9.1 %, իսկ արդեն մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշի համեմատ՝ 20.8 %։

Պետությունը գիտի քաղաքացու գրպանը մտնելու և այնտեղից, հարկերի անվան տակ, լրացուցիչ գումարներ գանձելու միջոցները: Իսկ քաղաքացու գրպանը մտնելու՝ պետության ցանկությունը, համոզիչ հիմնավորում ունի․ «Բյուջեի նոր ընկալումը պետք է լինի հետևյալը, որ պետական բյուջեն մեր ընդհանուր դրամապանակն է, որը մենք ձևավորում ենք միասին, մեր ընդհանուր կարիքները հոգալու համար»:

Բյուջեն լցնելու՝ իշխանությունների նպատակը բավականին համառ է: Օրակարգ են բերվում հարցեր, օրինագծեր, որոնք քաղաքացու կյանքում՝ հօգուտ քաղաքացու, որևէ կոնկրետ առաջընթաց չեն առաջարկում:

Ինչպես ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը՝ փողի և հիմարության ավելցուկ ունեցողների համար՝ փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում: Ավտոմեքենայի սեփականատերը կկարողանա համարանիշերում թույլատրված տառերի կամ թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտրելի տառի, թվանշանի թույլատրված համակցություն:

Լավ կառավարումը խորամանկ կառավարումը չէ:

Եթե անհրաժշետություն կա քաղաքացիների եկամուտներից մի նոր շերտ քերելու, տուգանքների հնարամիտ համակարգ ներմուծելու, իշխանությունը պետք է հստակ ձևակերպի, թե ինչի՞ համար են իրեն անհրաժեշտ լրացուցիչ գումարները բյուջեում:
Առայժմ տեսնում ենք, որ անգամ եղած գումարները նպատակային չեն ծախսվում, հաճախ՝ առհասարակ չեն ծախսվում: Եվ քաղաքացիական վերահսկողության միջոց էլ չկա, որևէ մեկը հաշվետու չէ՝ ինչպես են ծախսվում մեր հարկերից ձևավորված բյուջեն:

Իշխանության վերաբերմունքը քաղաքացու հանդեպ սպառողական է: Նման մոտեցումը վերանայման կարիք ունի: Հակառակ դեպքում՝ պետությունը ասոցացվում է գրպանահատի հետ:

Ընտրությունների միջոցով Կառավարություն ու խորհրդարան ենք գործուղել ուժի, որը մտածում է՝ լրացուցիչ ի՞նչ անհարմարություններ ստեղծել քաղաքացիների համար՝ տուգանքներն ավելացնելու:

Պետությունը «Время-деньги! Как говорится, когда видишь деньги - не теряй времени. Куй железо, не отходя от кассы» ռեժիմում է: Վկան՝ ծածուկ ճանապարհային ոստիկանության, քաղաքացիական հագուստով ոստիկանների գաղափարը, քաղաքացիներին ներգրավելը միմյանց ծածուկ նկարահանելու և նկարահանված նյութը պատկան մարմիններին ուղարկելը, անընդհատ լարվածության մեջ լինելը, թե ինչ-որ մեկը հենց հիմա քեզ չի տուգանի, դիմակով քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթղթերի ստուգումը և այլն: Կատարու՞մ է իր պարտավորությունները պետությունը քաղաքացու հանդեպ:

Կորոնավիրուսի տարածումը ռեկորդային ընթացք ունի: Հումանիտար աղետի մեջ ենք: Օղակն ամեն օր սեղմվում է: Ամեն օր տագնապեցնող նոր լուրեր են հասնում առողջապահական համակարգի կոլապսի մասին, երբ պետությունն ուղղակիորեն հրաժարվում է կատարել իր պարտավորությունը կորոնավիրուսով վարակված քաղաքացու հանդեպ: Պետությունն ինքն է նպաստում կովիդի տարածմանը՝ հրաժարվելով թեստավորել կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացիների մեծ մասին՝ մինչև կունենան երկկողմանի թոքաբորբի ախտանիշներ: Հազարավոր վարակակիրներ ուղարկվում են տուն՝ ընտանիքի անդամների, հարևանների  համար դառնալով վարակի աղբյուր:

Պետությունը պրետենզիա ունի քաղաքացու հանդեպ՝ կովիդի տարածման հարցում  անկարգապահությունը: Վարչապետը դրա արմատները դարերի խորքում է տեսնում. «Պետական կարգը շատ երկար հարյուրամյակներ մեզ համար եղել է շատ օտար և ուրիշի կողմից պարտադրված ինչ-որ բան, և հետևաբար պետական կարգը մեր գիտակցության կամ ենթագիտակցության մեջ շատ հաճախ ասոցացվել է բռնության հետ: Ընդ որում՝ այդպես եղել է նաև շատ հաճախ երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք մեր երկարատև պատմության ընթացքում երբեք մեր կամքով կարգ չենք ստեղծել, և հետևաբար սա շատ շրջադարձային պահ է մեր պետության համար: Մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ»:

Սա վատ համեմատություն է, որը նախորդ իշխանությունները հիմք էին ընդունել՝ ցածր գիտակցություն ունեցող քաղաքացիների փոխարեն «ճիշտ» ընտրություն անելով: Նման մոտեցումը հետհեղափոխական Հայաստանում նույն վտանգն ունի՝ մտածել քաղաքացիների փոխարեն, գործել քաղաքացիների փոխարեն: Եվ գրեթե զրո հաշվետվողականություն:

Բանավոր ռևերանսները քաղաքացիներին, թե «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ, համբուրում եմ բոլորիդ», իրենց էմոցիոնալ ազդեցությունը կորցրել են:

Պետության վերաբերմունքը և սերը քաղաքացիների նկատմամբ շարունակում են հիշեցնել Անդրեյ Պլատոնովի «Կովը» պատմվածքը: Գյուղացի մի դպրոցական շարադրություն է գրում իրենց կովի մասին. «Կովը մեզ տվեց ամենը, ինչ ուներ՝ կաթ, իր որդուն, իր միսը, իր կաշին, իր փորոտիքն ու անգամ ոսկորները: Նա բարի էր: Ես հիշում եմ մեր կովին եւ երբեք չեմ մոռանա»:

***

«Տեսակետ» խորագրում հրապարակված նյութերում արտահայտված մտքերը կարող են չհամընկնել «Հետքի» տեսակետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter