HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամավոր ինքնասպանություն Աթենքում, կամ ինչպե՞ս կարելի է փակել ՀԲԸՄ-Ի Աթենքի «Գալփաքյան» վարժարանը

60-70 հազարի հասնող հունահայ համայնքի ՀԲԸՄ  «Գալփաքյան» վարժարանը ունի շուրջ 60 աշակերտ: Որոնցից շուրջ 20-ը` 4-5 տարեկան կոկոններ ու ծաղիկներ են, այդ շարքում նաև իմ 5 ամյա թոռնիկը:

Պանդխտության դժվարին պայմաններում հայեցի դաստիարակությամբ զավակ մեծացնելը իսկական գոյամարտ է: Իրենց զավակներին հունական պետական անվճար դպրոցներ ճամփելու փոխարեն, հայ ծնողներից ոմանք, ի գին ֆինանսական զոհողությունների, մատաղ սերնդին ծանոթացնելու հայ գրին, գրականությանը, կրոնքին ու պատմությանը նրանց ուղարկում են հայկական վճարովի դպրոցներ: Իսկ վերջին մի քանի տարիների տնտեսական համատարած տագնապն էլ ավելի է ծանրացրել նրանց դրությունը:

Դպրոցը կանգուն պահելու համար տարեկան սպառվում են մի քանի հարյուր հազար եվրո: Հունաստանի իշխանության կողմից նաև հայկական դպրոցներին կատարվում է ֆինանսական հատկացում, որը վերջին տարիների տնտեսական տագնապի հետեւանքով հանդիպում է ձգձգումների և ուշացումների, իսկ շարունակվելու ճակատագիրը մնում է անորոշ: Ամենավերջին ուշացած հատկացումը կատարվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Հունաստան այցի ժամանակ` նրա կատարած միջամտությունից հետո: Որոշ տեղեկությունների համաձայն ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը նույնպես տարեկան մեծ նպաստ է հատկացնում Աթենքի «Գալփաքյան» վարժարանի ֆինանսական բացը փակելու համար:

Ինչպես հայտնի է, հսկայական գումար է ծախսվում թվով շուրջ 60 աշակերտի համար և ստացվում է այն միամիտ տպավորությունը, որ աշակերտները գտնվում են կազմակերպված միջավայրում  և կրթական առումով գոհացուցիչ պայմաններում:

Սակայն իրականում այլ է պատկերը.

Շուրջ 15-20 աշակերտով սկսված առաջին դասարանը, ամեն տարի կորցնում է աշակետրներ և հինգերորդ և վեցերորդ դասարաններում արդեն ունենում միմիայն 4, 5, կամ առավելագույնը 6 աշակերտ: Ծնողները հիասթափված վիճակից և մանավանդ վարժարանի տնօրեն, ՀԲԸՄ ատենապետ Տիգրան Ապասյանի ցուցաբերած ամբարտավան և անտարբեր վերաբերմունքից, վարժարանից հանում են զավակներին և ուղարկում հունական դպրոցներ:

Դժվար է հավատալ և պատկերացնել, որ 21-րդ դարում, մայրաքաղաք Աթենքի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները, 4-5 առարկաները սովորեն միատեղ` նույն դասարանում: Նույն ողբերգական դրության մեջ են գտնվում դպրոցի 3-րդ և 4-րդ դասարանները:

Կարծես թե հետևողականորեն ամեն ինչ կարտարվում է քայքայելու և փակման առաջնորդելու դպրոցը: Նախկին տարիներում օգտագործված հայերենի և պատմության դասագրքերը, պարոն Ապասյանի կարգադրությամբ ֆոտո-պատճենահանված, գունատ և գծված (խզմզված) վիճակում, երեխաներին վաճառվում է 20 եվրո, երբ դպրոցի Ծնողական խորհուրդը կատարվածի դեմ որպես բողոքի արտահայտություն, կազմակերպեց և Ճուհարյանի կողմից Հալեբում տպագրված օրիգինալ գեղեցիկ գրքերը, պոստային ծախսով միասին, աշակետներին տրամադրեց ընդամենը 8 եվրոյով:

2011-2012 կրթական տարվա երկրորդ ամսում, երբ առաջին տարի դպրոց հաճախած փոքրիկները նոր էին հասցրել ընտելանալու դպրոցի երկար տարիների ուսուցիչ` մանկապարտիզպանուհի Անահիտ Կյուլումյանի հետ, անհասկանալի պատճառներով նա թոշակի ուղարկվեց, փոխարինվելով` մի դաշնակահարուհու հետ:

Կրթական տարվա 6-րդ ամսվա սեմին Ծնողական խորհրդի բոլոր բանավոր և արդեն մի տասնյակի հասնող գրավոր դիմում բողոքները, խորհրդակցելու և լսելի դարձնելու համար իրենց ձայնը, անտեսման և արհամարհանքի է արժանացել պրն. Ապասյանի կողմից` անհավատալիորեն չկայացնելով նույնիսկ մեկ հանդիպում:

Նման անելանելի կացության դեմ հանդիման գտնվելով, իրենց զավակների կրթական և բարոյահոգեբանական ճակատագրով մտահոգ ծնողները, նամակներ են ուղղել ՀԲԸՄ-ի ԱՄՆ-ի Կետրոնական վարչությանը, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ սփյուռքի նախարարությանը և Աթենքում ՀՀ դեսպանությանը` հայեցելով նրանց իրավական կամ բարոյական միջամտությունը: Ոչ մեկ արդյունք և անձագանք այդ կառույցների կողմից մինչ օրս չի ստացվել:

Կատարվողը հիշեցնում է, հանճարեղ Շահան Շահնուրի Սփյուռք` «Նահանջ առանց երգի» գրությունը, երբ ականատես ենք, որ կրթական և մանկավարժական գիտելիքներից հեռու մարդիկ, փաստորեն չեն գիտակցում, որ տրամադրվող հսկայական միջոցներով կարելի է ունենալ գեղեցիկ և ծաղկուն դպրոց և որ օրենքով «… ծնողները և նրանց ներկայացուցիչները, նույնպես հանդիսանում են ուսումնադաստիրակչական գործընթացի մասնակիցներ` հատկապես նախադպրոցական կրթության պրոցեսում»: 

ՀԲԸՄ «Գալփաքյան» վարժարանի

Ծնողական խորհրդի նախագահ

Սեդա Օհանյան

Մանկավարժ

Աթենք, 14 փետրվարի 2012 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter