
Հարկադիր կատարողին փոխհատուցում տալ՝ ծառայողական բնակարան չտրամադրելու դեպքում. նոր նախագիծ
Արդարադատության նախարարությունն առաջարկում է հարկադիր կատարողներին ևս դրամական փոխհատուցում տրամադրել՝ իրենց բնակության վայրից հեռու ծառայության նշանակելիս։
Նման նախագիծ է Արդարադատության նախարարությունը քննարկման ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։
Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում գործող պրակտիկայով՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցրած անձը կարող է նշանակվել կամ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գտնվող վայր: Այն հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ, օրինակ, Երևան քաղաքում ապրող անձը նշանակվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:
«Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում վերջիններս կրում են նյութական վնասներ»,- հայտնել է նախարարությունը:
Նախարարությունը ընդգծել է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով՝ հարկադիր կատարողները համարվում են զինծառայողներին հավասարեցված անձինք: Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում՝ այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում։ Մինչդեռ, ներկայիս իրավակարգավորումը չի տարածվում հարկադիր կատարողների վրա` չնայած ծառայությունը ևս ունի 23 մարզային բաժին և բաժանմունք, որտեղ կարող են նշանակվել այն ծառայողները, ում բնակության վայրը այլ տեղում է:
Մեկնաբանել