«Հայացք». Անտեսել են կենսաահաբեկչության վտանգը
Այսօր թերևս միայն սատանային և Հայաստան առաքված, այստեղ անասուններին ներարկված պատվաստանյութերի արտադրողներին է հայտնի, թե այդ պատրաստուկներն իրականում իրենցից ինչ են ներկայացրել: Այսինքն` որակյա՞լ են եղել, թե անորակ, անվտա՞նգ են եղել, թե վտանգավոր, անվնա՞ս են եղել, թե թունավոր, քաղցկեղածին կամ այդ անասունների կաթը, միսն օգտագործած մարդկանց ժառանգական համակարգի վրա ազդող նյութեր պարունակող:
Փաստերը վկայում են, որ Հայաստանում մարդիկ, այս ամենին անտեղյակ, զանգվածաբար օգտագործել են խիստ կասկածելի պատվաստանյութերով պատվաստված անասունների միսը, կաթն ու դրանից պատրաստված կաթնամթերքը: Անվտանգության երաշխիք չկա: Ի՞նչ իմանաս, թե այսօր մեր ժողովրդի առողջական տարբեր խնդիրների հարցում չստուգված, կասկածելի պատվաստանյութերի օգտագործումն ինչ դերակատարում ունի: Ի վերջո, այժմ ամբողջ աշխարհում գնալով ավելի է ահագնանում կենսաահաբեկչության վտանգը: Մեր օրերում նույնիսկ աֆրիկյան հետամնաց երկրների ղեկավարները և համապատասխան պաշտոնյաներն են գիտակցում կենսաահաբեկչության վտանգը և դռները չեն բացում իբրև մարդասիրական օգնություն տրված կամ պարզապես երկիր ներկրվող ամեն սննդամթերքի, դեղորայքի, պատվաստանյութի առջև:
Սակայն, ինչպես վերջերս բացահայտվեց, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունը, 2010 թ. խախտելով ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1088-Ն որոշման 13-րդ կետի պահանջը, առանց փորձաքննության անցկացման Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպության (FAO-ի) կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը օգնության կարգով տրամադրված 698000 դոզա հակադաբաղային պատվաստանյութերի ներմուծման թույլտվություն է տվել: Ավելին. «Կենսաարդ» ՍՊԸ-ի կողմից 2009 թ. սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին մատակարարվել է սիբիրախտի դեմ 15 լիտր շիճուկ (792000 դրամի), որը պետք է մատակարարվեր դեռ 2009 թ. հունվարին և որը ձեռք է բերվել շուկայից` անհայտ անձից: Բացակայում են շիճուկի հավաստագիրը, որակի անձնագիրը և ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերը:
Կարծես վերոնշյալը քիչ է, «Կենսաարդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված, ՀՀ-ում պետական գրանցում չստացած խոճկորների սալմոնելոզի, պաստերելոզի և էնտերոկոկ ինֆեկցիայի դեմ պատվաստանյութին 2010 թ. ապրիլի 30-ին մի յուրօրինակ կեղծիքով կամ հնարքով ՀՀ-ում գրանցված անասնաբուժական դեղամիջոցի՝ խոզերի սալմոնելոզի, պաստերելոզի և էնտերոկոկ ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ներմուծման հավաստագիր է տվել:
ՀՀ Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ հիշյալ տեսչության կողմից «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ին 2010 թ. ապրիլի 1-ին ՀՀ օրենսդրության մի շարք պահանջների կոպիտ խախտմամբ տրվել է «Պոկրովի կենսապատվաստուկների գործարան» ԲԲԸ-ի արտադրության, Հայաստանում չգրանցված հակադաբաղային Ա, Օ, Ասիա 1 տիպերի (3 մլ-ն 1 դոզա չափաբաժնով) անասնաբուժական դեղամիջոցի ներմուծման հավաստագիր, որի հիման վրա ներմուծվել է 1080400 դոզա պատվաստանյութ: Նշված ՍՊԸ-ի կողմից 2010 թ. ապրիլի 2-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնված տվյալ պատվաստանյութի և FAO-ի կողմից տրամադրված 643000 դոզա պատվաստանյութի զտաքաշը, համաձայն արտադրողի կողմից ներկայացված դեղամիջոցի ծագման CT-1 ձևի սերտիֆիկատի, փաթեթավորման թերթիկի և ավիաբեռնագրի, կազմում է 9886,9 կգ, մինչդեռ ՀՀ մաքսային հայտարարագրում նշվել է 5254 կգ...
«Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ն, չունենալով հակադաբաղային պատվաստանյութի պահպանման համար պահանջվող ջերմային ռեժիմն ապահովող պայմաններ, 2009 թ. մայիսի 29-ին ներմուծած 248800 դոզա պատվաստանյութը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնել է 2009 թ. հունիսի 1-ին, իսկ 2009 թ. օգոստոսի 21-ին ներմուծած 623700 դոզա պատվաստանյութից 143850 դոզան` 2009 թ. սեպտեմբերի 1-ին:
FAO-ի կողմից տրամադրված 283000 դոզա հակադաբաղային պատվաստանյութը, բեռի շուտ փչանալու և պահպանման հատուկ կարիք ունենալու պատրվակով, դուրս է բերվել մաքսային կետից: Սակայն, որքան էլ անհեթեթ է, նշված պատվաստանյութը բեռնաթափվել և նախնական զննման է ենթարկվել Արարատի մարզի Արտաշատի սննդի անվտանգության և անասնաբուժական պետական կենտրոնում, որտեղ պահեստավորման և անհրաժեշտ ջերմային ռեժիմը ապահովելու որևէ պայման գոյություն չունի: Միայն 2010 թ. ապրիլի 6-ին է նշված պատվաստանյութը հանձնվել «Հանրապետական հակահամաճարակային ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ի պահեստ:
«Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ի կողմից 2009 թ. ապրիլի 17-ին մատակարարված 1200 դոզա հակադաբաղային պատվաստանյութը ունեցել է մատակարարման պայմանագրին կից տեխնիկական բնութագրով սահմանվածից պակաս օգտագործման մնացորդային ժամկետ: «Բիո Ունիվերսալ» ՍՊԸ-ում և «Կենսաարդ» ՍՊԸ-ում կատարված հանդիպակաց ստուգումներից պարզվել է, որ երկու ընկերություններում էլ չկան ՀՀ տարածքում պատվաստանյութերի և դեղամիջոցների փոխադրումները հիմնավորող փաստաթղթեր:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հավանաբար համարել են, թե անասունների նկատմամբ կարելի է վարվել անասնաբար, նրանց ներարկել Հայաստանում չգրանցված-չստուգված, կասկածելի, պահպանման ջերմային պայմանների խախտումից փչացած կամ որակազրկված պատվաստանյութ: Ապշել կարելի է, ամեն ինչից զատ չե՞ն մտածել, որ այդ անասունների միսը, կաթը, այդ կաթից պատրաստված կաթնամթերքը կարող են օգտագործել նաև իրենք կամ իրենց մերձավորները:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել