HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանե Գևորգյան

SuperAnnotate-ը 3 միլիոն դոլար ներդրում է ստացել. ի՞նչ է փոխվել բիզնես մոդելում

Հայկական ստարտափ SuperAnnotate-ը վերջերս հայտարարեց, որ սաղմնային ներդրման շրջափուլում (seed round) ստացել է 3 միլիոն դոլար ներդրում Point Nine Capital-ի, Runa Capital-ի և Fathom Capital-ի կողմից։ Այս փուլում մասնակցել են նաև նախորդ ներդրողները՝ Berkeley SkyDeck Fund-ը և Plug and Play Ventures-ը:

Ի՞նչ է փոխվել ստարտափի բիզնես մոդելում և ինչպե՞ս են կարողացել այդքան ներդրում ստանալ նույնիսկ COVID-ի պայմաններում։ Զրուցել ենք ստարտափի համահիմնադիր և ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ։

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված անոտացիոն հարթակ է, որի հիմքում արհեստական բանականությունն է։

Իսկ ի՞նչ է նկարների անոտացիան։

Նկարների անոտացիան մի գործընթաց է, որի ժամանակ մարդիկ տարբեր նկարների վրա նշում են միևնույն օբյեկտը, մուտքագրում դրա անվանումը, ու նույն գործողությունը հարյուր հազարավոր անգամ կատարելուց հետո համակարգիչը սովորում ու սկսում է տարբերակել օբյեկտները։

Անոտացիայի արդյունքում մշակված տվյալները կարևոր նշանակություն ունեն ինքնագնաց ավտոմեքենաների, մանրածախ առևտրի, առողջապահության և այլ ոլորտների առաջխաղացման համար։ Ակնկալվում է, որ անոտացիոն գործիքների շուկան մինչև 2027 թվականը կհասնի 2,57 միլիարդ դոլար արժողության:

Ընկերության հիմնադիրները երկու եղբայր են՝ Տիգրանը և Վահանը։ Տիգրանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, մագիստրոսի կոչմամբ ավարտել է Ցյուրիխի տեխնոլոգիական համալսարանը, Վահանը` որպես մեքենայական ուսուցման ոլորտի ասպիրանտ, սովորել է Ստոկհոլմի տեխնոլոգիական համալսարանում։ Հետազոտությունների արդյունքում նա մշակել է նկարների սեգմենտացիայի մի ալգորիթմ, որը թե՛ արագությամբ, թե՛ ճշգրտությամբ մի քանի անգամ գերազանցում է ներկայում շուկայում օգտագործվող ալգորիթմներին։ Արդյունքում՝ երկուսն էլ եվրոպական լավագույն համալսարանների ասպիրանտուրաներում ուսումը թողել են ու իրենց ժամանակն ամբողջությամբ տրամադրել ստարտափին։ 

Տիգրանը նշում է. «Սկզբում պրոդուկտը մեր ստեղծած տեխնոլոգիայի հիման վրա պարզ համակարգ էր, որտեղ անհատները կարողանում էին ներբեռնել նկարներ ու մեր սեգմենտացիոն ալգորիթմով արագացնել պատկերների գծանշումը։ Այսինքն՝ մենք ծառայություն էինք մատուցում տարբեր ընկերությունների։ Ունեինք անոտատորների թիմ, ովքեր վերցնում էին պատվերներն ու գծանշում պատկերները նկարների վրա։ Հիմա 3 հիմնական փոփոխություն է կատարվել պրոդուկտում։ Առաջին՝ ստեղծել ենք ավելի բարդ ու համապարփակ համակարգ։ Եթե նախկինում մեկ մարդ էր կարողանում աշխատել, ապա հիմա ստեղծել ենք համակարգ, որտեղ միաժամանակ կարող են աշխատել անոտատորը, որակի ապահովման (QA) մասնագետը, նախագծի ղեկավարը (Project manager)։ Համագործակցության շնորհիվ վերջում պատկերների ընդգծումը լինում է ավելի ճշգրիտ, իսկ աշխատանքը կատարվում է ավելի արագ։ Երկրորդ՝ կատարելագործել ենք մեր սեգմենտացիոն տեխնոլոգիան, որն արագացնում է անոտացիայի գործընթացը։ Բացի այդ պրոդուկտն այնքան է զարգացել, որ համակարգը արդեն ընդգրկում է ոչ միայն pixel accurate, այլև վեկտորային անոտացիայի մի շարք գործիքներ, ինչպիսիք են ՝ bounding box-երի, կետի, բազմանկյան (polygon) անոտացիան և այլն։
Երրորդ՝ մշակել ենք մեքենայական ուսուցման վրա հիմնված լուծումներ, որոնք թույլ են տալիս կատարել կանխատեսումներ (predictions)։ Օրիանակ՝ հարյուր նկարի վրա մարդը որպես պատկեր նշում է մեքենան ու ներմուծում դրա անվանումը։ Հետո, երբ մարդ նորից մուտք է գործում համակարգ, հաջորդ հարյուր պատկերների վրա համակարգն արդեն ճանաչում և ընդգծում է մեքենան որպես պատկեր, իսկ անոտատորին մնում է միայն հաստատել՝ ճի՞շտ է, թե՞ ոչ։ Սա արագացնում և հեշտացնում է անոտացիայի ընթացքը»։ 

Տարբեր ընկերությունների հետ աշխատելուց և պրոդուկտը կատարելագործելուց հետո հիմնադիրները հասկացել են, որ պետք է փոխել նաև բիզնես մոդելը։ Եթե նախկինում ծառայություն էին մատուցում նկարների անոտացիայի կարիք ունեցող ընկերություններին, ապա հիմա իրենց հարթակը վաճառում են և՛ անոտացիոն ծառայություններ իրականացնող, և՛ համակարգչային տեսողության (computer vision) ընկերություններին, որոնք ունեն անոտացիայի կարիք։

Օրինակ՝ պատկերացնենք ինքնագնաց մեքենաներ նախագծող ընկերությանը պետք է նկարների անոտացիա, որպեսզի մեքենաները ճշգրիտ հասկանան՝ ինչ է կատարվում իրենց շրջակայքում, տարբերակեն օբյեկտները՝ պատկերացնելու համար՝ ուր և ինչպես պետք է շարժվեն՝ բախումներից խուսափելու համար։ Եթե ընկերությունն ունի անոտացիա իրականացնողների թիմ, ապա նրանց գրանցում է SuperAnnotate-ի հարթակում, որտեղ վերջինիս տեխնոլոգիայով նրանք իրականացնում են նկարների անոտացիան։ Եթե չունեն թիմ, ապա  SuperAnnotate-ի միջոցով գտնում է նկարների անոտացիա իրականացնող հարյուրավոր ընկերություններ, մի քանիսի հետ փորձնական աշխատում, իսկ հետո՝ որակ-գին հարաբերակցությամբ ընտրում իր համար ցանկալի ընկերությունը, որն էլ SuperAnnotate-ի հարթակի միջոցով իրականացնում է նկարների անոտացիան։

Այսինքն՝ SuperAnnotate-ը իրար է կապում նկարների անոտացիա իրականացնող ընկերություններն ու անոտացիայի կարիք ունեցող ընկերությունները։ Թույլ է տալիս գործընթացներն իրականացնել տասն անգամ ավելի արագ ու ճշգրիտ։

Ստարտափի գլխամասը Սիլիկոնյան հովտում է, իսկ հիմնական թիմը՝ Հայաստանում։ Բիզնեսի տեսանկյունից՝ ԱՄՆ-ում ներկայացուցչություն չունենալը անիրատեսական է։ Ինչպես նշում է Տիգրանը՝ միայն այդպես ես զգում իրական շուկան, մրցակցությունն ու մեծացնում կապերը։ 2019 թվականին ստարտափը մասնակցել է Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրին։ Տիգրանն ասում է. «SkyDeck-ն այն աքսելերատորն էր, որը մեզ պետք էր։ Նախ՝ օգնեց գտնել այն ընկերություններին, որոնք դարձան մեր առաջին սպառողները, երկրորդ՝ դասընթացները շատ բան տվեցին՝ ինչպես կառուցել ու զարգացնել ստարտափը, և երրորդ՝ նոր կապեր ունեցանք։ Բերկլիի համալսարանը հայտնի է համակարգչային տեսողության ոլորտի ուժեղ գիտնականներով ու հետազոտողներով, ու աքսելերացիոն ծրագրի շրջանակում Կալիֆոռնիայի համալսարանի (Բերկլիի) մեքենայական ուսուցման առաջատար գիտաշխատողներ և պրոֆեսորներ Փիթեր Աբիլը և Թրեվր Դարելը՝ որպես խորհրդատուներ, միացան մեր թիմին։ Նրանք մեզ շատ են օգնում իրենց կապերով ու խորհուրդներով»։

Որպես հայկական ստարտափ դժվա՞ր է մտնել միջազգային շուկա և ներդրում ստանալ հարցին ի պատասխան Տիգրանը նշում է. «Երբ ներդրողները ոչինչ չեն իմանում Հայաստանի մասին, ամեն ինչ շատ երկարում է։ Due diligence անելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, որ ճանաչեն Հայաստանն ու թեք էկոհամակարգը։ Դրա համար ամեն ինչ ավելի հասանելի է դառնում, երբ մասնակցում ես միջազգային աքսելերացիոն ծրագրի։ Այս դեպքում ներդրողները ավելի հեշտ են քեզ գտնում ու նաև աքսելերացիոն ծրագիրը վստահություն է ներշնչում, որովհետև ենթադրվում է, որ իրենք իրենց հերթին արդեն արել են due diligence»։ 

Տիգրանի խոսքով` ներդրողների հետ բանակցություններն ավելի հեշտանում են, երբ ընկերությունը գրանցված է լինում Դելավերում, որտեղ օրենքները պարզ ու հասկանալի են։ Ներդրողների համար շատ կարևոր է թիմը՝ մասնագիտական որակները, կրթությունը, աշխատանքային փորձն ու նպատակասլացությունը։ Այն փաստը, որ SuperAnnotate-ի թիմում կան լավագույն համալսարաններն ավարտած մասնագետներ, միշտ օգնել է վստահության հարցում։

Տիգրանը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 100 ներդրողի է հանդիպել։ Նրա խոսքով՝ նույնիսկ տասնյակ մերժումների դեպքում շատ մեծ փորձառություն են տալիս այդ կապերն ու հանդիպումները։ Միայն Berkeley SkyDeck աքսելերացիոն ծրագրի շրջանակում հանդիպել է ներդրումներ կատարող 40 ընկերությունների ներկայացուցիչների։ Այս թիվը ևս մեկ անգամ փաստում է միջազգային աքսելերացիոն ծրագրերի կարևորությունը։ Ներդրողներին հետաքրիր է թիմը, պրոդուկտը, շուկայի մեծությունը, որտեղ ստարտափը մուտք է գործում, մրցակիցների նկատմամբ ունեցած առավելությունները։ Նույնսիկ COVID-ի ժամանակ ոչինչ չի խանգարել ստանալ 3 միլիոն դոլար ներդրում, որովհետև բացի վերը նշվածներից, հիմա ամեն ինչ այս օրերին գնում է դեպի ավտոմատացում, մի բան, որն անում է նաև SuperAnnotate-ը։ Եթե ժամանակին մեծ թվով անոտատորներ հավաքվում էին կոնկրետ ընկերություններում ու նկարները կետագծում, հիմա կարող են հանգիստ աշխատել տանից՝ օգտվելով ստարտափի առաջարկած հարթակից, որով կարող են հեռավար աշխատել։

Փետրվարին՝ հարթակի թողակումից հետո,  ընկերությունն արդեն գրավել է ավելի քան 3000 օգտատեր՝ համակարգչային տեսողության բնագավառի մոտ 100 ընկերությունից ու անոտացիոն ծառայություններ մատուցողներից:

«Սա ապացուցում է, որ մենք ստեղծում ենք յուրահատուկ մի բան, որը հաճախորդները գնահատում են: Դա մեզ դարձնում է շատ հպարտ և էլ ավելի է պարտավորեցնում աշխատել մեր համայնքին բավարարելու համար»,- ասում է Տիգրանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter