
Առաջարկվում է բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով
Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է առևտրի օբյեկտներում բուսական յուղ պարունակող կաթնամթերքները վաճառել առանձնացված դարակով (հատվածով) և «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք» հատուկ նշումով, որը կլինի ընթեռնելի և կտեղադրվի տեսանելի վայրում։ Նշենք, որ իրավական կարգավորմամբ այժմ բուսական յուղ պարունակող կաթնամթերքներն առանձնացված դարակով վաճառելու պահանջ սահմանված չէ։
Էկոնոմիկայի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։
«Համապատասխան իրավական կարգավորումների բացակայությունը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում բնական կաթի և բուսական յուղի պարունակությամբ կաթնամթերք արտադրող տնտեսվարող սուբյեկտների միջև։ Ինչպես նաև խոչընդոտներ է առաջացնում վերոնշյալ ապրանքատեսակները սպառողի համար ավելի մատչելի ձևով ներկայացնելու և տարբերակելու համար»,- հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարությունն ընդգծել է, որ հունվարի 23-ի կառավարության նիստին վարչապետը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել այդ խնդրի կարգավորման նպատակով։
Այդ իսկ պատճառով, էկոնոմիկայի նախարարությունը մշակել է այս օրենսդրական փաթեթը։ «Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը»,-որպես նախագծի հիմնավորում նշել է Էկոնոմիկայի նախարարությունը։
Մեկնաբանել