HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը աճուրդ–վաճառքով օտարել է Քարինջի բնակիչ Սամվել Մաղաքյանի վարձակալած հողամասը

Քարինջի նախկին գյուղապետ Սամվել Մխիթարյանը 2005թ.-ի հոկտեմբերի 14-ի իր որոշումով ճանաչել է համագյուղացի Սամվել Մաղաքյանի վարձակալության իրավունքը՝ Քարինջի չգործող  մանկապարտեզի շենքի հարևանությամբ գտնվող 2500 քմ հողի նկատմամբ: Հողամասը գտնվում է Քարինջի սարահարթի եզրին և սահմանագիծ է հանդիսանում գյուղի ու ձորի միջև:

Վարձակալության որոշումը կայացնելիս Սամվել Մխիթարյանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Սամվել Մաղաքյանը անընդմեջ ու բացահայտ ավելի քան 10 տարի օգտագործել է Քարինջի համայնքային սեփականություն հանդիսացող, բնակելի կառուցապատման (այգեգործական) հողամասը: Ս. Մաղաքյանին հողը հատկացնելիս Ս. Մխիթարյանը կիրառել է Հողային օրենսգրքի վաղեմության իրավունքի ուժով համայնքային հողամաս տրամադրելու կարգը սահմանող 72 հոդվածը: Որոշումից հետո գյուղապետ Սամվել Մխիթարյանը և Սամվել Մաղաքյանը կնքել են հողամասի վարձակալության պայմանագիր:

Վերջինիս համաձայն՝ վարձատուն 99 տարի ժամանակով Ս. Մաղաքյանի տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրել 2500 քմ հողամաս՝ համաձայն պայմանագրի հավելված կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը: Պայմանագիրը կնքելու պահին հողի կադաստրային արժեքը կազմել է 360,0  հազար դրամ: Հողամասի տարեկան վարձավճարը սահմանվել է հողի արժեքի 1,0 տոկոսը՝ 3600 դրամ, որը Ս. Մաղաքյանը պայմանագրով սահմանված կարգով պետք է վճարեր ըստ տարվա օրացույցային եռամսյակների: Վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման դեպքում յուրաքանչյուր օրվա համար պայմանագրով սահմանվել է տուգանք՝ վարձավճարի չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով: Սամվել Մաղաքյանը հողի տարեկան 3600 դրամ վարձավճարները տարիներ շարունակ չի վճարել: Այն ամբողջությամբ վճարել է երեք ամիս առաջ: 

Գյուղապետ Նորիկ Մկրտումյանը Ս. Մաղաքյանից չի պահանջել վարձակալված հողի վարձավճարը բյուջե վճարել պայմանագրով սահմանված կարգով: Գյուղապետը Ս. Մաղաքյանի նկատմամբ չի կիրառել նաև պայմանագրով սահմանված տույժն ու տուգանքը: Եզրափակիչ դրույթներով պայմանագիրը պարտադիր է համարվել կողմերի իրավահաջորդների համար:

«Էն ով է իմացել, որ էդ հողը վարձակալությամբ տրված է Սամվել Մաղաքյանին: Մխիթարյան Սամվելը 2008թ.-ից աշխատել է Քարինջի գյուղապետարանի քարտուղար: Ես եղել եմ համայնքի ղեկավար: Որ եկել է տարեվերջին մեր հարկերը հավաքելու ժամանակը, խի չի մի բերան  ասել, որ էդ հողը Սամվել Մաղաքյանինն է»,- ասում է Քարինջի վարչական ղեկավար Նորիկ Մկրտումյանը:

Վերջինս ասում է, որ Սամվել Մաղաքյանի հողի վարձակալության փաստաթղթերին ծանոթացել է արխիվում: «Բայց արդեն որոշում կար մանկապարտեզի շենքն օտարելու համար»,- ասում է նա: Մանկապարտեզի շենքի օտարման որոշումը Թումանյան համայնքի ավագանին ընդունել է այս տարվա մայիսի 13-ին: Նորիկ Մկրտումյանը 2008թ.-ից  Քարինջի գյուղապետ, ապա վարչական ղեկավար է աշխատում: Նրա աչքի առաջ Սամվել Մաղաքյանի որդու 6 անձից կազմված ընտանիքը տարիներ շարունակ բնակվել է հորը վարձակալությամբ տրված հողամասի տնակում: Սամվել Մաղաքյանը 25 տարի անընդմեջ մշակել է այդ հողը, այգի է գցել: Ն. Մկրտումյանի խոսքով՝ իր պաշտոնավարման տարիներին Սամվել Մաղաքյանին երբևէ չի հարցրել, թե ինչ հիմքով է հողամասն օգտագործում:

«Բայց խի պետք է հարցնեի» ,- ասում է Ն. Մկրտումյանը:

Ն. Մկրտումյանը 2014թ.-ի դեկտեմբերի 18-ի իր որոշումով, առանց ավագանու որոշման Քարինջի մանկապարտեզի շենքը և նրան հարակից 1 հա 126 քմ հողը, այդ թվում Ս. Մաղաքյանի 2500 քմ հողամասի այգին, ճանաչել է համայնքային սեփականություն: Իր որոշման մասին  նա Սամվել Մաղաքյանին չի տեղեկացրել: Ն. Մկրտումյանը իր որոշումը,  հաշվապահական 01 հաշվեկշռից հանված քաղվածքը, Կառավարության 2005թ.-ի հունիսի 5-ի թիվ 845-Ն որոշման հետ 2014թ.-ի դեկտեմբերին ուղարկել է Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում՝ մանկապարտեզի և 1 հա 126 քմ հողամասի նկատմամբ համայնքապետարանի անունով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վկայական ստանալու համար: Նորիկ Մկրտումյանի դիմումը կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից սկզբում կասեցվել է՝ մանկապարտեզի  համայնքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու և Կառավարության թիվ 845-Ն որոշումը Սամվել Մաղաքյանի հողամասի վրա չտարածվելու պատճառով: 

«Կառավարության թիվ 845 -Ն որոշումը վերաբերում է համայնքի վարչական սահմաններում գտնվող անհատույց փոխանցված պետական և անտառային հողերին»,- Նորիկ Մկրտումյանի դիմումի  պատասխանում նշել է կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումը: Վերջինս միաժամանակ տեղեկացրել է, որ մանկապարտեզի շենքը անավարտ է, մինչդեռ  որակավորված անձի կազմած հատակագծերով և շինությունների բնութագրով շինության ավարտվածության աստիճանը  նշված է 80 տոկոս և ավելի: Այսուհանդերձ, Կադաստրի  պետական կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման կողմից Քարինջի մանկապարտեզին և վերջինիս հարող 1 հա, 126 քմ հողամասին Քարինջի համայնքապետարանի անունով տրվել է իրավունքի պետական գրանցման վկայական:

Նորիկ Մկրտումյանը այդ մասին Սամվել Մաղաքյանին հայտնել է 6 տարի հետո՝ մանկապարտեզի շենքի և հողի աճուրդից օրեր առաջ:

«Ինձ ասաց՝ դա քո հողը չի, դուրս արի այդ հողից: Ես էլ իրենց ցույց տվեցի հողը վարձակալությամբ ինձ պատկանելու մասին փաստաթղթերս: Դրանք նայելուց հետո ինձ ասավ՝ էդ թղթերը հեչ: Էդ փաստաթղթերը մենք չենք ընդունում, մեզ մոտ չկա: Մեկ էլ իմացա, որ հողս աճուրդի են դրել: Հետո տեղեկացանք նաև, որ մանկապարտեզի շենքն էլ հետն են օտարում»,- պատմեց Սամվել Մաղաքյանը:

Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի ասելով՝ Ս. Մաղաքյանի ձեռքի տակ եղած՝ հողի վարձակալության փաստաթուղթը ընդամենը մի «սուտ» պայմանագիր է: 

«Նախկին գյուղապետը պայմանագիր է կնքել Սամվել Մաղաքյանի հետ և վարձակալությամբ 2500 քմ հող է տվել, ոչ կադաստրում են գրանցել, ոչ մի տեղ: Մթոմ թե դա իր սեփականությունն է, դա իրեն վարձակալությամբ տրված է»,- ասում է Լևոն Զավարյանը:

Թե ով է թալանել Քարինջի գյուղապետարանի պահպանությանը հանձնված 80 տոկոս և ավելի շիարարական աշխատանքներ կատարված մանկապարտեզի շենքը, Լևոն Զավարյանին չէր հետաքրքրում: Սամվել Մաղաքյանը համայնքի ղեկավարից խնդրել է 25 տարվա ընթացքում իր գցած այգին վաճառել իր վրա: Համայնքապետը մերժել է:

Իրեն վարձակալությամբ տրված հողը ապօրինաբար հետ վերցնելու մասին Ս. Մաղաքյանը գրավոր դիմում է ներկայացրել Լևոն Զավարյանին, որին վերջինս պատասխանել է. «Կրկին անգամ տեղեկացնում ենք Ձեզ, որ 9 հունիսի 2005թ.-ի «Քարինջի գյուղական  համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Քարինջի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 845-Ն որոշման համաձայն անավարտ մանկապարտեզը և 1,126 հա հողամասը համայնքին է հանձնվել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական  նշանակության հողամաս»:

Այս պատասխանից պարզվում է, որ համայնքապետ Լևոն Զավարյանը նույնպես տեղյակ չէ Կառավարության 2005թ.-ի հունիսի 5-ի թիվ 845-Ն որոշման բովանդակությունից, որը վերաբերում է Քարինջի վարչական սահմանների պետական և անտառային հողերից անհատույց տրամադրված հողերին: Թումանյան համայնքի ավագանու մայիսի 6-ի որոշմամբ համաձայնություն է տրվել Քարինջ բնակավայրի 7-րդ փողոցի թիվ 17 հասցեում գտնվող մանկապարտեզը աճուրդ-վաճառքով օտարելու մասին: Որոշման մեջ գույքի մեկնարկային գինը սահմանվել է 12 մլն դրամ, քայլի չափը սահմանվել է 600 000 դրամ: Համայնքի ավագանու մայիսի 13-ի որոշմամբ նույն գույքի աճուրդ-վաճառքի մեկնարկային գինը սահմանվել է 10 մլն դրամ, քայլի չափը 500 հազար դրամ: Հունիսի 17-ին ժամը 12:00-ին Թումանյանի համայնքապետարաում տեղի ունեցած աճուրդ-վաճառքի արդյունքով Քարինջի  մանկապարտեզը և 1 հա 126 քմ հողամասը աճուրդի 2-րդ քայլից հետո գնել է Էջմիածին քաղաքի բնակիչ Գևորգ Գասպարյանը:

Սամվել Մաղաքյանն ասում է, որ իր վարձակալած հողամասը և այնտեղ հիմնած այգին ապօրինի օտարելու համար դիմելու է դատարան: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter