HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է իրենց կյանքին վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին արգելել պահել կոշկաքուղեր, սավան, գոտի

Արդարադատության նախարարությունն առաջարկում է իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց արգելել տրամադրել հանձնուքներ, որոնցում կան կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ։ Նրանց կարգելվի նաև այդ պարագաներն իրենց մոտ պահել։ Արգելքը կկիրառվի այդ անձանց որպես բացասական հակում ունեցող հաշվառման վերցնելուց մինչև նման հաշվառումից հանելն ընկած ժամանակահատվածում։  

Նախարարությունը նպատակ ունի կանխարգելել ազատությունից զրկված անձանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների դեպքերը։

Նախագիծը քննարկման է ներկայացվել իրավական ակտերի միասնական կայքում։

«Ազատությունից զրկված անձանց կյանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը պետության կարևորագույն խնդիրներից է: Ըստ այդմ՝ ազատությունից զրկված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության տեսանկյունից կարևորվում է նաև նրանց կողմից կատարվող ինքնավնասումների և ինքնասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների ձեռնարկումը, առաջին հերթին՝ համապատասխան օրենսդրական դաշտի ապահովումը»,-նախագծում նշել է արդարադատության նախարարությունը:

Նախարարությունն ընդգծել է, որ այժմ օրենսդրական կարգավորման բացակայության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք, որոնք ունեն իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում, գործնականում հասանելիություն են ունենում այնպիսի միջոցների, որոնք կարող են օգտագործվել իրենց առողջությանը վնաս հասցնելու, ընդհուպ մինչև՝ կյանքից զրկելու համար:

Պաշտոնական վիճակագրությամբ՝ 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած 5 ինքնասպանությունները իրականացվել են կախվելու միջոցով, իսկ մինչ այդ՝ 2011 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կատարված 27 ինքնասպանություններից 26-ն են կատարվել կախվելու միջոցով, ընդ որում՝ ազատությունից զրկված անձինք օգտագործել են ինքնաշեն պատրաստված պարան, կոշկաքուղեր, սավան և այլն:

«Հարկ է փաստել, որ ազատությունից զրկված անձանց՝ իրենց վնասելու համար օգտագործվող հնարավոր միջոցներին հասանելիությունը համապատասխան ժամանակահատվածով սահմանափակելը ներկայումս անհրաժեշտություն է և ի թիվս իրականացվող այլ միջոցառումների՝ գործուն միջոց կարող է դառնալ քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասումները և ինքնասպանությունները կանխարգելելու տեսանկյունից»,-վստահեցրել է արդարադատության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter