HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 23-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը տեսակապի ձևաչափով մասնակցել է ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ հանրային դիվանագիտության եւ լրատվության վարչությունը։

Համաժողովի բացման նիստում հանդես են եկել ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման և ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

Համաժողովին ելույթով հանդես եկել նաև ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: Հիշելով Հելսինկիի եզրափակիչ ակտի ստորագրման 45-րդ տարելիցը` նա նշել է, որ 1975թ. ի վեր ԵԱՀԿ ընտանիքի էական ընդլայնումը տեղի է ունեցել դրա սկզբունքների՝ ներառյալ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման շնորհիվ:

Ապիտոնյանն ընդգծել է, որ Հայաստանը և Արցախը շարունակում են հավատարիմ մնալ 1994թ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի տառին և ոգուն: ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց լրագրողների փոխանակումը հակամարտության բոլոր երեք կողմերի միջև, որպես վստահության ձևավորման լավ օրինակ, ինչը կարող է նպաստել լարվածության նվազեցմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։ Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց, որ, այդուհանդերձ, հարևան երկրում պետական մակարդակով հնչող շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, տարածքային պահանջների առաջ քաշումը, պատմությունը վերաշարադրելու փորձերը խոչընդոտում են խաղաղ գործընթացին:

Արտաքին գործերի փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադար հաստատելու կոչին: Հայաստանը ողջունեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու և հակամարտության գոտում իրավիճակը վտանգող ցանկացած գործողությունից հրաժարվելու կոչը՝ նկատի ունենալով ներկայումս դիտարկումների անցկացման սահմանափակումները: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ չնայած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և Մինսկի խմբի համանախագահների կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավելին, անցկացվել են լայնածավալ զորավարժություններ՝ ԵԱՀԿ Վիեննայի փաստաթղթի դրույթների խախտումներով՝ սրելով առանց այն էլ փխրուն անվտանգային իրավիճակը: իր խոսքում Արտակ Ապիտոնյանն ընդգծեց, որ ճգնաժամերի դեպքում, ինչպիսին է Covid-19 համաճարակը, առավել կարևորվում է ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության գոտում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter