HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են Արարատի մարզի համայնքապատկան հողերը ապօրինի օտարելու դեպքեր (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված գործողություններով բացահայտվել Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից  հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ ազգային անվտանգության ծառայության գլխավոր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք: Այս մասին ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա.-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ. Ս.-ի  միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ.-ին և վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչնդոտների կազմակերպել և ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա.-ին կամ ձևական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն:

Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11 մլն 117 հազար դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5 մլն 850 հազար դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա.-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձևական աճուրդի ընթացքում Ա. Ա.-ն, ընդամենը 250 հազար դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող և 6 մլն 100 հազար դրամով ձեռք է բերել փաստացի 11 մլն 117 հազար դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը և դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5 մլն 17 հազար դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Ըստ տարածված հաղորդագրության՝ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաև բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձևական աճուրդի արդյունքում օտարվել է նաև Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա և մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերի  ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում է համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1 մլն 705 հազար դրամ արժեքով, իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Նույն գործի շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերևույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել: 

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննական մարմնի՝ որոշմամբ Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է:

Նույն գործի շրջանակներում կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են նաև Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ԱԱԾ Արտաշատի բաժնի պետը և նույն բաժնի օպեր լիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter