
Ավագանին ընդունեց շրջիկ առեւտրի կետերի գործունեությունը կանոնակարգող որոշումը
Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի աշխատանքի կազմակերպման հարցը։
Այն ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը։
Ավագանու որոշմամբ հաստատվեց շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, թույլատրելի վայրերը, ինչպես նաեւ ոչ թույլատրելի ապրանքների եւ ծառայությունները տեսակները։
Համաձայն որոշման՝ Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է քաղաքապետը։
«Թույլտվությունը տրվում է մեկ ամիս ժամկետով, սակայն հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված՝ առանց վերը նշված ընթացակարգը կրկին անցնելու, իսկ շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջների և պայմանների պահպանության նկատմամբ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվում է ընթացիկ հսկողություն», - նշված է նախագծի մեջ։
Թույլատրելի վայրերը հատկացվում են նորից քաղաքապետարանի կողմից, էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով։ Թույլտվություն կամ մերժում ստանում են շրջիկ առեւտրի կետի զննությունից հետո՝ չորս օրվա ընթացքում։ Որոշման մեջ ներկայացված է սահմանված պահանջները եւ պայմանները, ըստ որոնց՝ շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Շրջիկ առևտրի կետ հանդիսացող ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդներ կարող են լինել մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության: Պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման ավտոնոմ համակարգով, արտաքին լուսավորության համակարգով, իսկ ձեւավորման եւ արտաքին տեսքի համար պետք է նախապես դիմել քաղաքապետարան։ Շրջիկ առեւտրի կետերը կարող են աշխատել մինչեւ ժամը 23-ը։ Սահմանված է 52 տեղ, որտեղ կարող են իրականացնել շրջիկ առեւտուր։
Որոշման համաձայն՝ շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝ գյուղատնտեսկաան ապրանքներ, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք, կենդանիներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ եւ այլն։
Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվում մատուցել՝ վարսահարդարման և դիմահարդարման ծառայություներ, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արտարժույթային ծառայություններ, կապի և հեռահաղորդակցման ծառայություներ, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ, ցանկացած տեսակի մերսման ծառայություններ։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հարցրեց, արդյոք ինչպես է կարգավորելու այն հարցը, թե հատուկ մոտեցում կա՞ Կենտրոն վարչական շրջանում, քանի որ այն գերծանրաբեռնված է։ Այս փուլում որքանով է իրատեսական նախագիծը։
Հարցին պատասխանեց Հայկ Մարությանը, ըստ նրա՝ քանի որ որոշումը ընդունվելու է 2021 թվականի հունվարի 1-ին, տնտեսվարողները կկարողանան իրենց գործունեությունը կարգավորել։
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ հանդես եկավ առաջարկով, ըստ նրա՝ քանի որ կորոնավիրուսային վարակը մինչեւ հունվար չի նահանջելու եւ պետք է վերանայել հունվարի մեկը տեղափոխել մինչեւ 2021թ հունիսի 1-ը։
Նա հարցերց նաեւ, թե ինչպե՞ս է լուծվելու մոբիլ բարեգործական ատամնաբուժական կետերի հարցը։
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը պատասխանեց, որ հարցը չի կարգավորվում այս որոշմամբ, որովհետեւ այն վերաբերում է միայն առեւտուր իրականացնող ծառայություններին, այսինքն բարեգործական բժշկական ծառայություններ իրականացնող կետերը, մոբիլ լաբորատորիաները, մեքենաները որոնք ունեն թույլտվություն Առողջապահության նախարարության կողմից կշարունակեն իրենց աշխատանքը։
Որոշումն ընդունվեց 40 կողմ, 3 ձեռնպահ ձայներով։
Մեկնաբանել