HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանի նախագահի կնոջ եկամուտները գոյանում են գյուղմթերքների վաճառքից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի կինը միայն 2019թ. մոտ 14 մլն դրամ եկամուտ է ստացել գյուղմթերքների իրացումից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագրի համաձայն՝ դատարանի նախագահի կնոջ՝ Քրիստինե Գրիգորյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է միայն գյուղմթերքների վաճառքից:

Սամվել Գրիգորյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ ապրանքների վաճառքից է գոյացել կնոջ եկամուտը: Դատավորի օգնական Գոհար Գրիգորյանը պարզաբանեց, որ 20 տարուց ավելի դատավորի ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Իսկ Քրիստինե Գրիգորյանի եկամուտը գոյացել է մեղվաբուծությունից ստացած մեղրի, ինչպես նաև տավարի մսի ու կաթի վաճառքից:

Նշենք, որ դատավորի կինը ամեն տարի խոշոր եկամուտներ է ստանում գյուղատնտեսական մթերքների վաճառքից: Օրինակ՝ 2018-ին նրա եկամուտը կազմել է 17 մլն 120 հազար դրամ, 2017-ին՝ 14 մլն 750 հազար, 2016-ին՝ 6 մլն 900 հազար դրամ և այլն:

Քրիստինե Գրիգորյանը 2019թ. հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոց՝ 52 մլն դրամ:  

Ինչ վերաբերում է դատավոր Սամվել Գրիգորյանին, ապա նա 2019թ. ունեցել է 184 մլն 466  հազար դրամի եկամուտ, որից 11 մլն 503 հազար դրամը աշխատավարձն է, 167 մլն 300 հազար դրամը Աբովյան քաղաքում գտնվող հողամասի վաճառքից ստացված եկամուտն է, իսկ մնացածը՝ բանկերից ստացած փոխառությունները:

Եկամուտներից բացի, դատարանի նախագահը հայտարարագրել է նաև կանխիկ դրամական միջոց՝ 40 հազար դոլար և մոտ 66 հազար եվրո: Իսկ բանկային հաշվին ունեցել է 1 մլն դրամ: Սամվել Գրիգորյանն ունի նաև հանձնած փոխառություն, որը 2019թ. վերջին կազմել է 350 հազար դոլար:

Դատարանի նախագահը համատեղ սեփականության իրավունքով Աբովյան քաղաքում ունի նաև բնակարան, որը ձեռք է բերել 2009թ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter