HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոսովոյի նախագահը մեղադրվում է ռազմական հանցագործություններ կատարելու մեջ

Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչիին և ինն այլ նախկին զինյալների մեղադրանք է առաջադրվել մարդկության դեմ իրականացված մի շարք հացագործությունների համար, ներառյալ սպանության։ Նախագահը մեղադրվում է նաև ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ 

Չորեքշաբթի օրը՝ հունիսի 24-ին, Հաագայի հատուկ տրիբունալի՝ Կոսովոյում ռազմական հանցագործությունների հետաքննության վերաբերյալ հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Թաչին և մյուս կասկածյալները «քրեական պատասխանատվություն են կրում շուրջ 100 սպանությունների համար»։ Հանցագործությունների արդյունքում, որոնք մատնանշել է Հաագայի հատուկ տրիբունալը, տուժել են Կոսովոյի հազարավոր ալբանացիներ, սերբեր, գնչուներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մեղադրյալների քաղաքական հակառակորդներ։ Այլ մեղադրանքների թվում են նաև բռնության գործադրմամբ անհետացումը, հետապնդումը և խոշտանգումները։

Հաշիմ Թաչին համարվում է Կոսովոյի ազատագրական բանակի հիմնադիրներից մեկը, որը գործել է Սերբիայի դեմ մղված անկախության պատերազմի ժամանակ։ 2000 թվականից սկսած Թաչին եղել է Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության նախագահը, որը նախկինում Կոսովոյի ազատագրական բանակի քաղաքական թևն էր։ 2008-2014 թվականներին զբաղեցրել է Կոսովոյի վարչապետի պաշտոնը, այնուհետև գլխավորել ԱԳՆ-ն, իսկ 2016 թվականի սկզբում ընտրվել երկրի նախագահ։

Կոսովոյում 1998-1999 թվականներին տեղի ունեցած պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 10 000 մարդ։ 1641 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։ Պատերազմն ավարտվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Սերբիային հասցված օդային հարվածներից հետո, որը ձգվել է 78 օր։ Կոսովոյի խորհրդարանը երկրի անկախությունը հռչակել է 2008 թվականին։ Ներկայումս Կոսովոյի անկախությունը ճանաչել են շուրջ 100 երկրներ, այդ թվում ԵՄ անդամ 27 պետություններից 22-ը։ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։ Կոսովոն մինչ օրս չի համարվում նաև ՄԱԿ-ի անդամ։

Լուսանկարը՝ Armend Nimani/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter