
502 ծանր, 113 ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյանը կառավարության նիստում ներկայացրեց համաճարակային իրավիճակը
Կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգից դուրս քննարկման հերթական հարցը կորոնավիրուսի մասին տեղեկատվությունն էր։ Նիկոլ Փաշինյանը խնդրեց Արսեն Թորոսյանին անդրադառնալ հակահամաճարակային իրավիճակին և ներկայացնել վերջին օրվա վիճակագրությունը։
«Երեկ էլի ունեցել ենք վատ իմաստով ռեկորդային բացարձակ՝ 771 նոր դեպք կատարված 2336 հետազոտություններից։ Ընդհանուր թվի մեջ կատարված հետազոտություններից նոր դրական դեպքերի թիվը կրկին տատանվում է 30 %-ի շրջանակներում։ Հաշվի առնելով, որ բացարձակ թիվն ինքնին շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսանկյունից՝ միևնույն է, իրավիճակը մնում է թեկուզ կայուն, բայց լարված»,- հայտնեց Արսեն Թորոսյանը։
Նախարարի խոսքով՝ հոսպիտալիզացիայի առումով ունենք բավական բարվոք վիճակ։ Առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը, մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցային հաստատություններում․ «Բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց կրկին այդ տեղերի ազատվելը և զբաղվելը շատ արագ է տեղի ունենում։ Որպես այդպիսին բուժման կարիք ունեցող և չստացող քաղաքացի մենք չունենք, սակայն դա չի նշանակում, որ վիճակը ինչ-որ առումով բարելավվել է։ Ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ 502 ծանր վիճակում ունենք, և 113՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի»։
Ըստ Արսեն Թորոսյանի՝ ունենք ակնհայտ տենդեց, որ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի շրջանում տարածվածության տեմպը չի աճում։ Ինչքան տարիքն իջնում է, այդքան ընկնում է այդ տարածվածության տեմպի աճը։ Հակառակը ունենք տարեցների մոտ՝ ինչքան տարիքը բարձրանում է, այդքան տեմպը աճում է։ Կան նաև աշխարհագրական վերլուծություններ։
«Օրինակ՝ Վանաձոր քաղաքում վերջին 2 շաբաթվա ընթացքում տեմպը աճել էր։ Երևանում տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր էին, բայց գնում էր կայունացման։ Կարծես թե Երևանը դառնում է մի մեծ օջախ, որովհետև առաջ մենք ունեինք Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա ակտիվ օջախներ, հիմա այդպիսի տարանջատում պրակտիկորեն չկա։ Վարակն ամենուր է, և մենք ամենուր, մեր կանոնները պահելով, պետք է պաշտպանվենք դրանից»,-հայտնեց առողջապահության նախարարը։
Վարչապետը հիշեցրեց, որ պետք է գործադրել ինչպես հաղորդակցության, այնպես էլ վարչական լծակները և խնդրեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանին ներկայացնել, թե ինչ վարչական միջոցներ են ձեռնարկվել։
«Հունիսի 24-ին արձանագրվել է 1707 վարչական արձանագրություն, որից Երևանում արձանագրվել է 939, բակերում դիմակ չկրելու՝ 397 վարչական արձանագրություն։ Ծառայություն է իրականացվել 397 երթուղիներում։ Խնդիրներ ունենք բակերում, ծառայությունն ավելի կուժեղացվի այնտեղ»,- հայտնեց ոստիկանության պետը։
Վարչապետ Փաշինյանն էլ նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել հատկապես երեկոյան ժամերին բակային տարածքներում, քանի որ խնդիրը սահմանված կանոնները պահպանելն է։
Մեկնաբանել