HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկան որսը Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն ու նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը վաղ առավոտյան շրջայց իրականացրեցին Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ համայնքի շրջակայքում՝ ձկնորսներին հանդիպելու և նախորդ շաբաթ կառավարության  նիստի ժամանակ ընդունված նոր որոշման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ կատարելու նպատակով։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վահե Ջիլավյանն  ու  Վարդան Մելիքյանը ձկնորսներին տեղեկացրին, որ Սևանա լճից սիգի որսն արգելված է։ Նոր օրինագծով արգելվում է նաև որսալ մինչև 500 գրամ կշռով ձկներ, որսն իրականացնել ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա, օգտագործել ձկնորսական ցանցեր, որոնց ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 միլիմետրից պակաս է։

Կառավարության  կողմից ընդունված որոշմամբ Սևանա լճում ձկան որսն առհասարակ կարգելվի 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի մարտի մեկը։
Սույն կարգավորումների միջոցով հնարավոր կլինի լճի ձկնապաշարների վերականգնման մասով արձանագրել տեսանելի առաջընթաց։
Շրջակա միջավայրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկացրին նաև, որ ձկան որսը գիշերային ժամերին նույնպես արգելվելու է, իսկ արդյունագործական նպատակներով իրականացվող ձկնորսությունը թույլատրվելու է միայն Սևանա լճի 17 առափնյա տեղամասերից, որոնք վերահսկվելու են «Սևան» ազգային պարկի կողմից՝ տրված լիցենզիաների հիման վրա։
Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել, որ նախագծով արգելքը տարածվում է միայն արդյունագործական ձկնորսության նպատակով լիճ մուտք գործող լողամիջոցների վրա։

Քննարկման ընթացքում ձկնորսներն ու ձուկ վերավաճառողները հայտնեցին իրենց մտահոգություններն ու ներկայացրեցին առաջարկներ, որոնք քննարկման առարկա կդառնան նախարարության մասնագիտական ստորաբաժանումներում։
Ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների իրազեկման աշխատանքները կկրեն շարունակական բնույթ։

Հիշեցնենք, որ հունիսի 17 կառավարությունը հավանության արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված օրենսդրական նախաձեռնությունը, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվեց 200 տոննա։ Նոր նախագծով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter